Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամավորների անկանոն խմբերն ավելի շատ խանգարում են ԶՈՒ աշխատանքին, քան օգնում». Գաբրիել Բալայան

Սեպտեմբեր 01,2020 14:35

«Այո, ամեն ինչ էլ փոխվել է, թե մեր հնարավորությունները, թե տարածաշրջանային զարգացումները, թե մեր պատկերացումները՝ երկրի պաշտպանության հետ կապված: Նաեւ մեր փորձառությունն է որոշակիորեն ավելացել, այսինքն՝ մեր առաջնահերթություններից է կամավորներին կանոնակարգելը»,-լրագրողների հետ զրույցում այսօր պատասխանելով հարցին, թե ինչու է ի վերջո որոշվել աշխարհազոր ստեղծել, ի՞նչ հանգամանքներ են ազդել որոշման վրա, գուցե կամավորների խմբե՞րն են շատ, ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Կանոնակարգված անձնակազմով որեւէ գործողություն կատարելը շատ ավելի արդյունավետ է, քան նույնը ցաքուցրիվ խմբավորումներով անելը»,-շեշտեց նա:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

«Անկանոն խմբավորումներ կային, որոնք ավելի շատ խանգարում էին ԶՈՒ գործողություններին, քան օգնում: Այսինքն, հավաքվել 20-30 հոգով գնալ կամ փորձել գնալ առաջնագիծ, դա նախեւառաջ պատասխանատվություն է: Առանց պարենային եւ սպառազինության ապահովման գնալով՝ հրամանատարին ավելի շատ վնաս են տալիս: Ուստի աշխարհազոր ստեղծելու նախաձեռնությունը նաեւ միտված է կանոնակարգելու այս ամենը: Ունեցել ենք փորձ, երբ մարդիկ իսկապես կամավոր ուզել են մասնակցել ՀՀ-ի պաշտպանությանը, անգամ՝ պահեստազորում չհաշվառված կարգավիճակով»,-հավելեց Բալայանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930