Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարական առանձնատների կոռուպցիոն սկանդալի հետքերով. բյուջեից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին 386 մլն դրամ են տվել

Սեպտեմբեր 01,2020 14:18

Մամուլում անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել, ու ամառանոցներում տեղակայվել է անգամ տիկին Աննա Հակոբյանի անձնական օգտագործման համար վարսավիրանոց: Սակայն վարչապետը ուղիղ եթեր մտավ ու սկսեց ցույց տալ, թե կոնկրետ այն առանձնատան վրա, որտեղ իր ընտանիքն է բնակվում, ինչ աշխատանքներ են կատարվել: Ըստ նրա, մամուլում ներկայացվող թիվը ուռճացված է 10 անգամ:

Այնուհետեւ ԱԺ-ում Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանումներ տվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ասելով, թե սուտ է, որ այդքան գումար է ծախսվել. «Դա իրականությանը չի համապատասխանում: Կարող եմ ասել մի բան՝ այնտեղ թվով 8 տուն է վերանորոգվում, բոլոր տներից ամենաքիչ գումարը հատկացվել է վարչապետի առանձնատան համար»: Այնտեղ այդ ժամանակ միայն վարչապետն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էին բնակվում, բայց Աղաջանյանն ասաց, որ այլ պաշտոնյաներ էլ են գալու՝ նկատի ունենալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

Սակայն օրերս «Փաստինֆոն» հրապարակեց պաշտոնական գրություն այն մասին, որ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել չարաշահումներ ու այդ հարցով արդեն զբաղվում են իրավապահները։

Կառավարական առանձնատները գտնվում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ վերանորոգումների կազմակերպումը։ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի հսկողության տակ է: ՊՎԾ-ն գրավոր հարցմանն ի պատասխան հաստատել է, որ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես 2019-ին առանձնատների վերանորոգման աշխատանքներում:

Թե ինչքան գումարի չարաշահման մասին է խոսքը, ՊՎԾ-ն չի հայտնել: Այս որոշումները գաղտնիության գրիֆի տակ են:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, բայց դա եղել է 2018-ին, երբ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները չէին կատարվել: Ներկայումս տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր, 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը։

Նա «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ այդ չարաշահումների հետ կապ չունի, որովհետեւ միայն 2020 թվականի հունվարի 13-ին է ստանձնել ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները, իսկ այստեղ խոսքը 2019-ին թույլ տրված չարաշահումների մասին է։

2019-ին ՊՈԱԿ-ի տնօրենը Արեգ Սավգուլյանն է եղել: Սավգուլյանը ՀՅԴ ԳՄ նախկին անդամներից է:

Այժմ մեր ձեռքի տակ է Սավգուլյանի հետ կնքած պայմանագիրը, որով 2019-ի հունվարի 8-ին ՊՈԱԿ-ը պարտավորվել է ՀՀ բարձրաստիճան անձանց գերատեսչական առանձնատների սպասարկման (ներառյալ կեցության ապահովման) եւ շահագործման, Կոնդի առանձնատների տնտեսության տարածքի եւ օժանդակ կառույցների սպասարկման ու շահագործման ծառայություններ մատուցել:Սավգուլյանի պայմանագիր

Պայմանագիրը վարչապետի աշխատակազմի կողմից կնքել է Վահան Պապիկյանը, բայց՝ աշխատակազմի ղեկավարի հրամանի հիման վրա:

Այս պայմանագրով Սավգուլյանին տվել են սուբսիդիա` 386 մլն 345 հազար 800 դրամ: Ընդ որում, նշված է, որ այդ պետական սուբսիդիան նշված աշխատանքների համար տալիս են «1136 ծրագրի 11001» միջոցառմամբ աշխատակազմի համար նախատեսված գումարից:

Նշված միջոցառման շրջանակներում, ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, հատկացվում է 291 մլն 687 հազար դրամ:

Ուշագրավ է, որ սա «գաղտնի», «չզեկուցվող» մակագրությամբ՝ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու գումար հատկացնելու որոշմամբ է եղել, որը ներառված էր սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում: Նախագծի հեղինակը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էր ու հարցի հիմնավորման մեջ նշվում էր. «Նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման,  բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում հատկացնել 291,687.4 հազար դրամ»:հավելված

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Էդուարդ Աղաջանյանից, բայց նա անջատում էր հեռախոսը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930