Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԵԿՄ-ում դժգոհություն կա, շուտով կփարատվի». Գաբրիել Բալայանը՝ աշխարհազոր ստեղծելու մասին

Սեպտեմբեր 01,2020 13:48

«Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել «Երկրապահի» հետ, մասնավորապես՝ նախագահի, զրուցել գաղափարի շուրջ: Հասարակական կազմակերպությունն իրավաբանական անձ է, որը կարող է տարբեր ծրագրեր իրականացնել՝ ըստ իր կանոնադրության: Նրանք աջակցում են բանակին, մանկապատանեկան ծրագրեր անում, ՊՆ-ն էլ ուժերի չափով աջակցում է նման կազմակերպություններին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե առաջիկայում ստեղծվելիք աշխարհազորում «Երկրապահ կամավորականների միությունը» ներգրավվելո՞ւ է, թե՞ ոչ, ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ԵԿՄ-ում դժգոհ են ՊՆ-ի այս գաղափարից, Բալայանը նշեց՝ նախատեսում են առանձին քննարկում կազմակերպել ԵԿՄ-ի եւ ոլորտի մյուս հասարակական կազմակերպությունների հետ. «Եթե անգամ դժգոհություններ կան, չեմ կարծում, որ դրանք հիմնավոր են, որովհետեւ մենք տարբեր բաների մասին ենք խոսում: Իսկ ո՞վ ասաց, որ այս օրերին կամ ապրիլյան ռազմական գործողություններում ԵԿՄ-ն ներգրավված է եղել կամավորության սկզբունքով: Իմ կարծիքով՝ մեկը մյուսին փոխլրացնում է, ոչ թե խանգարում: Եթե դժգոհություն կա, կարծում եմ՝ այն շուտով կփարատվի, թեեւ մեր քննարկումներում չենք լսել դժգոհություն»:

Իսկ թե ինչ ձեւաչափով է ԵԿՄ-ն ներգրավվելու աշխարհազորում, փոխնախարարը միայն նշեց. «Մեր պատկերացմամբ՝ նրանք փոխլրացնող են: Կրկնեմ, որ ԵԿՄ-ն իրավաբանական անձ է: Եթե ներգրավվեն, կդառնան ԶՈՒ ստորաբաժանում»:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930