Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի անիմաստ ջանքերը՝ հանուն Ալիեւի բարեհաճության

Սեպտեմբեր 01,2020 22:00

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անցյալ շաբաթ իր երկրորդ արտասահմանյան այցը կատարեց. Անկարայից հետո հերթը հասավ Մոսկվային։

Բաքուն արդեն հասցրել է մնալ մի առասպելի տակ, թե իր՝ ռուսական եւ մի քիչ էլ իսրայելական զենքով զինված բանակն իբր անպարտելի է, եւ եթե պատերազմ չեն սկսում եւ «24 ժամում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն վերականգնում», մի մեծ լավություն են անում հայերին։ Մոտավորապես այնպես, ինչպես «հին ադրբեջանական քաղաք Երեւանը» հայերին «մեծահոգաբար նվիրելը»։

Հիմա Բաքուն Անկարայում եւ Մոսկվայում նվնվում է, որ սահմանային մարտերում հայերի կողմից իրենց կրած պարտության մեջ «մեղավոր են ռուսական զինմատակարարումները», որոնք «եթե չլինեին՝ կոնֆլիկտը կլուծվեր»։ Հիմա Բաքուն բեմականացնում է, թե իբր «համբերության բաժակը լցվել է», եւ եթե իր ուզածը սինու վրա, սրբիչը թեւին գցած, իրեն չմատուցեն, ապա «կտեսնեք, թե ես ինչ կանեմ» եւ «բռնեք ինձ, ես խելագար եմ»։

Անկարայում իրենց «եղբայր-կթու կովի» նվնվոցին փիլիսոփայորեն վերաբերվեցին, համատեղ զորավարժություններ ձեռնարկեցին, սելջուկական հարայ-հրոցով «եղբայրության» խորեոգրաֆիայի ցուցադրումներ կազմակերպելով (թե այդ «եղբայրությունը» քանի ղուրուշ արժե՝ դա առանձին խոսակցություն է)։ Ի վերջո, Անկարայի պլանների մեջ չի մտնում առճակատումը Մոսկվայի հետ։ Իհարկե, թուրքերն առիթից օգտվեցին եւ փորձեցին նաեւ որոշ կարմիր գծեր անցնել, որոշակի լարվածություն առաջացնելով ոչ այնքան Երեւանում, որքան Մոսկվայում։Բայց դա էլ անցավ գնաց, նույնիսկ առանց մեզ զարմացնելու, երբ այդ հարայ-հրոցն ավարտվեց ինքնախոստովանությամբ, որ «Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է» (իսկ ո՞վ չգիտեր)։
Նվնվոցի երկրորդ արարը սանձազերծվեց Մոսկվայում, եւ «չոր մնացորդի» որակի առումով տարբերությունը մեծ չէր. արցունքներին չհավատացող Մոսկվան, իհարկե, սրբեց Բաքվի արցունքները, սակայն՝ ոչ ավելին, բայցեւ՝ գնդակը գցեց Երեւանի դաշտը։

Նախ, պարոն Լավրովը Բայրամովի այցին ընդառաջ՝ Երեւանի վրա փաստորեն գցեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության մեղքը, ինչը, ցավոք սրտի, ուշադրության չարժանացավ պաշտոնական Երեւանի կողմից։ Դա սխալ էր, եւ Մոսկվայի մոտ չպետք է ստեղծվեր այն կեղծ տպավորությունը, թե ահա՝ պարոն Լավրովը «բռնել է թույլ տեղը»։ Այդ լարվածության մեղքը Բաքվինն է, Երեւանը պատասխանել է լկտիությանը եւ պատասխանելու է լկտիությանը, այդ թվում՝ ասիմետրիկ, անկախ նրանից, թե Լավրովը դա հավանում է, թե ոչ։ Իհարկե, վարչապետ Փաշինյանի՝ վերջին շրջանի հրապարակային ելույթներում հենց այդ գաղափարն է կարմիր թելով անցնում, սակայն Մոսկվան միացրել է «դուռաչոկի ռեժիմը» եւ շարունակում է «բզբզել» Երեւանին։

Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բաքվում գտնվելու օրը Ալիեւը զանգահարում է Պուտինին՝ «պարզություն մտցնելու» Հայաստանին զինմատակարարումների հարցում, նաեւ՝ «մտահոգություն հայտնելու»։ Ի՞նչ է, նո՞ր են իմացել, որ Հայաստանը Ռուսաստանից սպառազինություն է ստանում զեղչված գներով, քանզի ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է։ Բացի դրանից, պարոն Ալիեւը մոռացե՞լ է, որ իր զենքի 90 տոկոսը ռուսական է։ Թե՞ մոռացել է, որ իր հայրիկի օրոք ռուսական սպառազինությունից Ադրբեջանին վեց անգամ ավելի շատ էր հասել, քան Հայաստանին, եւ դա չօգնեց, որ իր հայրիկը կանգնեցնի իր փախչող բանակը, որ իր հայրիկը կրակի դադարեցման մասին համաձայնագիր կնքի Հայաստանի եւ Արցախի հետ՝ Մոսկվային թախանձագին խնդրելուց հետո։

Իհարկե, Մոսկվան Մոսկվա չէր լինի, եթե չփորձեր այս ամենից օգտվել եւ մի, ռուսերեն ասած, «խոզ դեմ չտար», փորձելով հանուն Ալիեւի բարեհաճության՝ մի բան պոկել մեզանից։

Մինչ Սերգեյ Շոյգուն Բաքվում արդարանում էր, թե «ինքնաթիռներով շինանյութ է բերում» Հայաստան, եւ «դա Ադրբեջանի դեմ չէ», պարոն Լավրովը բաց տեքստով մի գաղափար է «քշում առաջ», թե ինչ պետք է անի եւ ինչ պետք է չանի Հայաստանը։ Նախ, նա ասում է, որ համաձայնվում է այն ամենին, ինչ ասում է Ադրբեջանի ԱԳ նախարարը, կապված «սուբստանտիվ, առարկայական բանակցությունների, այլ ոչ՝ իմիտացիայի» հետ։ Լավրովն այնուհետեւ հայտարարում է, որ դեմ է բանակցողների կազմի փոփոխությանը, ապա շարունակում. «Ներառյալ՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, որոնք հետապնդում էին պատերազմը դադարեցնելու անհապաղ խնդիր, եւ հետագա փուլերում մշակված խաղաղ կարգավորման չափորոշիչները։ Դրանք մշակվել են ԵԱՀԿ շրջանակում, որտեղ ստեղծվել է Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին մշակվել է տարբեր մոտեցումերի մանրամասների փաստաթղթերի մի ամբողջ զանգված, բայց մեկ նպատակով՝ խնդիրը կարգավորել այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ։ Կա փաստաթղթերի մի ամբողջ շարք, որոնց տակ դրված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու ԱԳ նախարարների ստորագրությունները՝ համանախագահների հետ միասին, որտեղ թեկուզ ամենաընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորման համալիր մոտեցում, որը արդյունքում պետք է հանգեցնի խնդրի վերջնական լուծման»:

Նախ, ինչ վերաբերում է «սուբստանտիվ, այլ ոչ իմիտացիոն» բանակցություններին, ապա, պետք է պարոն Լավրովին՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, պարզ լինի, որ Արցախի հարցի «սուբստանտիվ» լուծումը կարող է հենված լինել մեկ գաղափարի վրա՝ ոչի՛նչ Արցախի մասին՝ առանց Արցախի, սուբստանտը հենց Արցախն է։ Եվ բանակցողների կազմի փոփոխությանը Լավրովի «դեմ լինելը» վերաբերում է առաջին հերթին Երեւանին եւ Ստեփանակերտին, այլ ոչ թե՝ Անկարային, ինչպես «ցանկացան» ոմանք Երեւանում լսել։ Ավելին, Լավրովն իրեն իրավունք վերապահեց այդ պնդումն անել, վկայակոչելով համանախագահներին, համանախագահների անունից, ինչն ամենեւին էլ փաստ չէ, եւ համանախագահների լռությունն ամենեւին էլ համաձայնության նշան չէ, իհարկե, եթե Երեւանը պատշաճ կերպով կբացատրի պարոն Լավրովին, որ նա, մեղմ ասած, իրավացի չէ։ Այնպես, ինչպես այդ «ՄԱԿ ԱԽ բանաձեւերի» հարցում, քանզի դրանց վրա խաչ է քաշել հենց Ադրբեջանը նույն տարվա դեկտեմբերին, եւ դրանց եկավ փոխարինելու եռակողմ եւ անժամկետ համաձայնագիրը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Եվ հենց դրա մասին չի խոսում պարոն Լավրովը, դրա պահպանման անհրաժեշտության, դրա խախտողներին պատժելու մեխանիզմների մասին է, որ չի սիրում խոսել «մեր ռազմավարական դաշնակցի» ԱԳ նախարարը, որի անունով պլանը «գոյություն չունի», դա էլ «գիտենք»։

Ինչեւէ, Մոսկվան փորձեց Բաքվին հույս տալ, որ «բորբոքվել պետք չէ», Բաքվում էլ փորձում են ցույց տալ, թե «հավատում են»։ Առաջիկա շաբաթների, գուցե ամիսների ընթացքում իրավիճակը հանդարտ պահելու առումով Մոսկվան խնդիրը լուծած է համարում, սակայն, ինչպես տեսնում ենք, դա արվում է նոր խնդիրներ հարուցելու փորձերի ճանապարհով, ինչը Երեւանից առնվազն զգոնություն է պահանջելու։

Սակայն, Լավրովի ջանքերը զուր են, քանզի Ալիեւը գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ ռուսները կհամաձայնեն սեփական նախաձեռնությամբ Արցախը (եւ ոչ միայն) դատարկել հայերից եւ նվիրել Ադրբեջանին։ Կամ, որ զենքը վաճառեն միայն Ադրբեջանին, եւ մոտ «երեք ժամով ուշանան»։ Մոտավորապես այնպես, ինչպես դա արվում էր 1988-91 թվականներին՝ Չարիքի կայսրության մայրամուտին։ Իհարկե, Ալիեւի հիվանդ երեւակայությունը դեռ ինչեր կերազի՝ թողնենք իրեն եւ իր առաջին եւ սիրելի փոխնախագահին, իսկ մեր անելիքը մեկն է. ամուր թիկունք, բարեփոխումներ, ակտիվ դիվանագիտություն։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930