Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կանայք ցանկանան, կներգրավվեն աշխարհազորում եւ ոչ մարտական խնդիրներ կկատարեն». փոխնախարար

Սեպտեմբեր 01,2020 13:11

«Խտրական վերաբերմունք չի լինելու, նաեւ կանանց ներգրավում ենք նախատեսում, եթե ցանկացողներ կլինեն, բայց նրանց ոչ մարտական խնդիրներ կառաջադրվեն, եւ դա կսահմանվի օրինագծի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական ակտերով»,-պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ստեղծվելիք աշխարհազորում կանանց մասնակցության հնարավորությանը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման անհրաժեշտությունից:

«Խոսքը պահեստազորում չհաշվառված կանանց է վերաբերում, իսկ պահեստազորում հաշվառված կանայք կան, որոնք զինվորական ծառայություն են անցել: Այսինքն, ենթասպայական անձնակազմ ունենք, սերժանտական եւս: Փորձ չունեցողների համար մարզումներ ենք նախատեսում: Եթե կինը բուժքույր է եւ կկամենա աշխարհազորում իր հմտությունները ծառայեցնել, մենք դա հաշվի կառնենք՝ իր առողջական վիճակին համապատասխան»,-պարզաբանեց Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարը նաեւ հիշեցրեց, որ վերջին տարիներին կանայք ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ են ընդունվել եւ սովորել. «Արդեն դասակի հրամանատարներ ունենք, նրանք ավագ լեյտենանտ, գուցե՝ արդեն կապիտան են դարձել: Չեմ կարող ասել, թե ամեն ինչ հարթ է անցել: Մենք ունենք շատ կայացած կին-սպաներ, որոնք ինչ-ինչ խնդիրների միջով են անցել, բայց զորացրման դեպք էլ չեմ մտապահում: Ավելին՝ որոշ դեպքերում, երբ դասակի հրամանատարն աղջիկ է, դասակն ավելի կարգապահ է: Կնոջ ներկայությունը շատ հարցերում զսպվածություն է առաջացնում 18 տարեկանների մոտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930