Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքի 5 բնակչի թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը:
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը առավոտյան ժամը 8:00 ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:
Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:
Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:
Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:
Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:
Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:
Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: