Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունները շատ պարզունակ կերպով են մոտենում տնտեսական հարցերին. «Փաստ»

Սեպտեմբեր 01,2020 12:09

Կանխատեսումներ կան, որ տնտեսական ճգնաժամը շատ ավելի երկար կարող է տևել, քան համավարակը։ Իսկ եթե մոտ ապագայում տնտեսական առումով նոր ցնցումներ ևս լինեն, ապա դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, որը ոչ միայն շրջափակման մեջ է գտնվում երկու հարևան երկրների կողմից, այլև դեմոգրաֆիական սրացող խնդիրների առաջ է կանգնած։ Եվ սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումը մեծացնելու է նոր արտագաղթի հավանականությունը։

Ու հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը կարող էր տնտեսապես առավել բարվոք վիճակում գտնվել, քան այսօր է։ Մասնագետների վերլուծություններից պարզ է դառնում, որ կարող էր։ Նախ և առաջ հնարավորություն կար, որ տնտեսությանը վերաբերող շատ հարցերում առավել պրոֆեսիոնալ մոտեցումներ որդեգրեին և որոշումներ ընդունեին։ Եվ այն, որ այսօրվա տնտեսական դրությունը չափազանց մտահոգիչ է, դրա մասին է վկայում երկիրը տարիներ շարունակ ղեկավարելու հնարավորություն ունեցած և այդ առումով հսկայական փորձ կուտակած գործիչների կողմից հնչող մտահոգությունները։

Այս առումով հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում տնտեսական խնդրի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, որոնց մասին վերջինս խոսեց տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Երկրորդ նախագահը շոշափեց տնտեսությանը վերաբերող գլխավոր հարցերը՝ գյուղատնտեսությունից ու արդյունաբերությունից սկսած, պետական պարտքով և ներդրումներով վերջացրած։ Եվ նրա հիմնական շեշտադրումը վերաբերում էր նրան, որ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը համահունչ չէ առկա տնտեսական ճգնաժամային իրավիճակին և առկա մարտահրավերներին։

Իսկ տնտեսությունը վերականգնելու համար կառավարությունը նախ պետք է փորձի հաշվարկներ անել, վերլուծել իրավիճակը, տեսնել, թե ինչ սցենարներ են հնարավոր, ապա ընտրի այդ սցենարներից ամենաօպտիմալ տարբերակները ու ըստ այդմ որոշումներ ընդունի, որոնք միտված կլինեն տնտեսական զարգացման խթանմանը։ Ու հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն իր կողմից ներկայացվող մոտեցումներն առավել պատկերավոր և հիմնավոր դարձնելու համար փորձում էր զուգահեռներ տանել իր կառավարման ժամանակաշրջանի և ներկա իրողությունների միջև և դրանով ցույց տալ, թե ինչպիսի ձեռնարկումների միջոցով կարելի է հասնել հաջողության։

Այսպիսի փաստարկների արդյունքում պարզ է դառնում, որ իշխանությունները շատ պարզունակ կերպով են մոտենում տնտեսական հարցերին։ Նրանց թվում է, որ եթե իրենք կարողացել են ստանալ ժողովրդի վստահության քվեն, ապա դա բավարար է, որ իրենց ամենագետի տեղ դնեն՝ համարելով, թե գլուխ կհանեն ցանկացած խնդրից։ Դրանով է պայմանավորված նաև իշխանությունների այն պատկերացումը, թե տնտեսվարողներին և գյուղացիներին միայն վարկեր տրամադրելը բավարար է տնտեսության վերականգնմանը հասնելու համար։ Տնտեսական զարգացման խնդիրն ավելի կոմպլեքս մոտեցում է պահանջում։

Եվ եթե իշխանությունները հաշվի չնստեն ռացիոնալ քննադատությունների հետ, փորձի հետ, տարբեր իրողությունների շուրջ առաջարկվող լուծումների հետ և շարունակեն նույն կերպով, ապա տնտեսական իրավիճակի վատացմանը զուգահեռ ժողովուրդը կարող է պահանջել, որ պետության ղեկին նրանց փոխարինեն այնպիսի պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը ստեղծված իրավիճակից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930