Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուրքի մասով խնդիր կա, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Խաղողի մթերման մասով՝ դժվար խնդիրներ լինեն». Մանվել Ղազարյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 01,2020 11:55

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը համակարծիք չէ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի դիտարկումների հետ, թե այս տարի փորձ է արվում «խաղողի գնի գլխին խաղ խաղալ»։

Ղազարյանի խոսքով՝ կոնկրետ Արարատի մարզում գրեթե բոլոր գործարանները խաղողագործների հետ պայմանագրեր են կնքում, և սեպտեմբերի 10-ից արդեն մթերումը կսկսվի։

Հիշեցնենք, որ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ խաղողի մթերումը չսկսված՝ արդեն մանիպուլյատիվ խոսակցություններ են տարվում այն մասին, որ ահռելի բերք է սպասվում, հասկանալի չէ, թե ինչպես են այդքանը մթերելու և այլն, ինչը Սարգսյանին հուշել էր, որ հնարավոր է խնդիրներ առաջանան:

«Նկարագրվածը շատ հեռու է իրականությունից։ Արարատի մարզի գրեթե բոլոր գործարաններն էլ պատրաստվում են խաղող մթերելուն, պայմանագրեր են կնքում։ Ես կարծում եմ, որ առանձնապես խնդիրներ չպետք է լինեն մթերման հետ կապված։ Կառավարությունը օգոստոսի կեսերին մթերողներին 0 տոկոսով վարկ է տրամադրել 24 ամսով։ Այնպես որ, շատ ավելի լավ է վիճակը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նորմալ բերքի՝ 20 տոկոս շաքարայնությամբ խաղողի մթերման գին է սահմանվել 150 դրամը:

Նշենք, որ Խաղողագործների միության նախագահը մեզ հետ զրույցում բարձրաձայնել էր նաև այն խնդրի մասին, որ Հայաստանում շատ ձեռնարկություններ ունեն խաղողի մթերման, վերամշակման լիցենզիա, բայց առանց մթերում իրականացնելու արտադրանք են թողարկում, ինչը հնարավոր է դառնում ներկրված, անհայտ ծագման սպիրտների միջոցով։

Մանվել Ղազարյանի խոսքով՝ նման խնդիր կա, բայց շատ վաղուց օրենքով կարգավորված է ամեն ինչ: «Այստեղ կարող է մեկ այլ խնդիր լինել՝ պետք է խիստ կանտրոլ սահմանել արտահանվող կամ վաճառվող արտադրանքի վրա։ 3 իզոտոպ հասկացություն կա։ Այդ պահանջները պետք է անպայման բավարարվեն։ Իսկ ովքեր կխախտեն այդ պայմանները, պետք է լիցենզիայից զրկվեն։ Լիցենզավորման կարգն այսօր շատ վատն է։ Այն ընդունվել է 2018 թվականի հունիսին։

Եթե ժամանակին մենք լիցենզիայի տուրքի համար 15 միլիոն էինք վճարում, այսօր ընկերություն կա, որ աշխատանքի արդյունքով մի քանի հարյուր միլիոն դրամ է  վճարել։ Նման բան աշխարհում չկա։ Տուրքի մասով խնդիր կա, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Թե չէ մթերման մասով դժվար խնդիրներ լինեն»,- եզրափակեց Ղազարյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930