Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ 5,7 տոկոսը նկարված է, և տնտեսական անկումը գերազանցում է 10 տոկոսը. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Սեպտեմբեր 01,2020 11:43

Այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը պաշտոնական տվյալներով նվազել է 5,7 տոկոսով։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը թերահավատորեն է մոտենում նշված ցուցանիշին: «Չեմ հավատում այդ 5,7 անկմանը: Ըստ իս, անկումն ավելի շատ է, ինչն անգամ անզեն աչքով է երևում: Նախ՝ սպառումը շատ վատ է, և եթե մարդկանց ձեռքին գումար չկա, սպառում չկա, հետևաբար, անկումը չի կարող 5,7 տոկոսի շրջանակում լինել:

Բայց անկումից չխուսափելու առումով օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կային: Պանդեմիան օբյեկտիվ պատճառն է, սուբյեկտիվը՝ դրա դեմ պայքարը, որը շատ վատ իրականացվեց:

Պարզ է, որ առողջապահական ճգնաժամին պետք է հաջորդեր սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչը պետք էր ի սկզբանե կանխատեսել ու դրանք մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Բայց խնդիրն այն է, որ այդ քայլերը կա՛մ չձեռնարկվեցին, կա՛մ ձեռնարկվեցին շատ փնթի ձևով: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ՝ 5,7 տոկոսը նկարված է, և տնտեսական անկումը գերազանցում է 10 տոկոսը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով կառավարության ղեկավարի կողմից աշխատավարձերի վերաբերյալ հրապարակած թվերին ու այն պնդումներին, թե աշխատատեղերի պահպանման տեսանկյունից հակաճգնաժամային ծրագրերն արդյունավետ են եղել, մեր զրուցակիցը նկատեց. «Կա՛մ կառավարության ղեկավարին սխալ են զեկուցում, և ինքն այդ պատճառով սխալ է ներկայացնում, կա՛մ իրեն ներկայացնում են ճիշտ, բայց միտումնավոր սխալ է ներկայացնում ու ինչ-որ իմիտացիաներ է ստեղծում: Չեմ կարող ասել, թե շարժառիթները որոնք են կամ որտեղից է գալիս սխալը, բայց որ իրենք իրավիճակին չեն տիրապետում, դա փաստ է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ եղանակով են ցույց տրվում աշխատավարձերն ու հետագայում հրապարակվում վիճակագրական կոմիտեի կայքում: Այսինքն, կարող է աշխատավարձը բարձր գրանցված լինի, բայց իրականում աշխատակիցը շատ ավելի ցածր վարձատրվի: Կամ ցածր աշխատավարձ է գրվում, բայց իրականում ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Վերջին տարբերակն ավելի է գերակշռում:

Այնպես որ, հանրապետության միջին, նվազագույն աշխատավարձի վերաբերյալ հրապարակված թվերն ուղղակի նկարչություն են, միֆեր, որոնց անգամ ամոթ է հավատալ: Ի դեպ, այդ թվերը ներկայացնողներն էլ գիտեն, որ իրականությունն այլ է: Այն, որ աշխատատեղ, աշխատավարձ է ավելացել, ակնհայտ սուտ է, նման բան գոյություն չունի: Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը, ապա ասեմ, որ այն զրոյական է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930