Կառավարությունը երկար փնտրտուքներից հետո ՍԴ դատավորի նոր թեկնածուի վրա կանգ առավ՝ Էթիկայի հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Շաթիրյանի։ Հիշեցնենք․ կառավարության մի փորձը՝ Վահրամ Ավետիսյանին առաջադրել, ձախողվեց, քանզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հակասորոսական թեւի գրոհի արդյունքում նա ինքնակամ հրաժարվեց իր թեկնածությունը դնելուց։ Հիմա Էդգար Շաթիրյանի հերթն է, որը, հիշեցնենք, ԱԺ-ում ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն քանի որ նախագահ ընտրեցին ԼՀԿ թեկնածուին, հրաժարվեց շարքային անդամ լինելուց։ Զրուցել ենք պարոն Շաթիրյանի հետ։
– Դուք տեսաք, թե ինչ ճակատագիր ունեցավ կառավարության նախորդ թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը, ում «Իմ քայլը» խմբակցությունը չընդունեց։ Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ հետ կարող է նույնը կրկնվել, թե՞ արդեն ստացել եք երաշխիք, որ կընտրեն Ձեզ։
– Որեւէ երաշխիք չեմ ստացել, բայց խմբակցության պատգամավորների մեծ մասի հետ տեղի է ունեցել հարցուպատասխան՝ հանդիպման շրջանակում, պատգամավորներն ինձ ուղղել են իրենց հուզող հարցադրումները, եւ ես փորձել եմ հնարավորինս սպառիչ պատասխանել դրանց։ Ինչքանով էին գոհացնող իմ դիրքորոշումները, մոտեցումներն իրենց հարցերին, երեւի կերեւա ԱԺ-ում ծավալվող գործընթացների շրջանակում եւ քվեարկությամբ։ Ամեն դեպքում, քվեարկությունը փակ է լինելու, եւ էս պահին ելքի կանխորոշված լինելու առումով տեղին չեմ համարում որեւէ դիտարկում։
– Եթե քվեարկությունն այնպիսին լինի, որ չընտրվեք, դա Ձեր վարկանիշի, հետագա գործունեության վրա որեւէ կերպ կազդի՞։
Կարդացեք նաև
– Ես հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել Ազգային ժողովում քվեարկության ցանկացած արդյունք, այդ թվում՝ բացասական ելք, այն պարզ գիտակցումով, որ ես թեկնածուն լինեմ, թե որեւէ իքս սուբյեկտ, վերջնական որոշում կայացնողն Ազգային ժողովն է։ Եթե նպատակահարմար չեն համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ողբերգություն չեմ տեսնում։
– Դուք կառավարության թեկնածուն եք եւ եթե ընտրվեք ու գնաք ՍԴ, Ձեզ կարող են համարել գործող իշխանության «սրտի ՍԴ դատավոր», ու նաեւ դրանով կասկածի տակ կդրվի Ձեր անաչառությունը։
– Եկեք տեղափոխվենք սահմանադրական կարգավորումների հարթություն, որովհետեւ Սահմանադրության փոփոխություններով 9 դատավորներից երեքական թեկնածուների առաջադրում է նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ կառավարությունը։ Այդ տրամադրության կոնտեքստում կառավարության կողմից առաջադրված յուրաքանչյուր թեկնածուի հետ կապված՝ կարող են հնչել այդօրինակ մեկնաբանություններ։ Այդուհանդերձ, ինքնագովեստ չլինի, բայց առնվազն իմ մասնագիտական գործունեության ընթացքում իմ անաչառությունը կասկածի տակ դնելու որեւէ հիմք չեմ տվել։ Այլ հարց է, որ ես պաշտոնավարել եմ կոլեգիալ հիմունքներով գործող մարմնի կազմում եւ եղել եմ այդ հանձնաժողովի հինգ անդամներից ընդամենը մեկը, որը, կարծում եմ, որոշակի ներդրում ունեցել է այդ համակարգի հետագա զարգացման պրոցեսում։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: