Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ սեպտեմբերի 1

Սեպտեմբեր 01,2020 10:00

Ներկայիս պաշտոնական քարոզչության ամենասիրելի բառերից է «աննախադեպ»-ը: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս երկու տարվա ընթացքում ամեն ինչ աննախադեպ է, եւ, օրինակ, մինչեւ 2018 թվականի մայիսը ճանապարհներ չէին կառուցվում, հրետանին չէր կրակում, ծառ չէր տնկվում, եւ անգամ երաժշտություն չէր գրվում՝ այդքան խորն էր երկիրը թաղված մղձավանջի մեջ: Եվ ահա եկավ պայծառ մայիսը (իմ երիտասարդ տարիներին «օֆիցիոզն» այդպես էր խոսում «հոկտեմբերի»՝ 1920 թվականին ռուսական 11-րդ բանակի մուտքի մասին), եւ ամեն ինչ սկսեց կառուցվել, ծաղկել եւ բազմանալ:

Բայց 2020 թվականի սեպտեմբերի 1-ի մասին իրապես կարելի է ասել, որ այն աննախադեպ է. դժվար թե այսօր Հայաստանում ապրող որեւէ մարդ հիշի, թե երբ է սեպտեմբերի 1-ը եղել առանց ծնողների հուզված ու հպարտ ժպիտների, առանց ծաղիկների, առանց առաջին զանգի: Իհարկե,այդ ամենի բացակայության համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց նման «աննախադեպությունը» փոքր-ինչ տխրեցնում է:

Միեւնույն ժամանակ, գերադասելի է թեեւ ուշացումով, բայց ինչ-որ ձեւով սկսել ուսումնական տարին, քան այն ամբողջությամբ դարձնել «հեռավար», եւ այդ առումով ԿԳՄՍ նախարարության որոշումը սկզբունքորեն ճիշտ է: Գիտեմ, որ պաշտոնյաների մեծ մասն ինձ հետ համաձայն չի լինի, բայց եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. անցած ամիսների «հեռավար» ուսուցումը 90 տոկոսով իմիտացիա էր: Մնացած 10 տոկոսն ապահովվել է փոքրաթիվ ուսուցիչների եւ դասախոսների բացառիկ նվիրվածությամբ ու բարեխղճությամբ, որովհետեւ «հեռավար կարգով» երեխաներին գիտելիքների նույն ծավալը փոխանցելու համար անհրաժեշտ է 3-4 անգամ լարված եւ «ժամանակի մեջ ձգված» աշխատանք, քան առկա ուսուցման ժամանակ էր: Այդպիսի ուսուցիչների տներում ամբողջ օրը մշտապես դաս էր: Կարծում եմ, հնարավոր չէ հույս դնել այդ 10 տոկոսի բարեխղճության վրա՝ չի կարելի պահանջել, որ մարդիկ նույն (համեստ) աշխատավարձով քառապատկեն իրենց ջանքերը:

Դասերը, մի խոսքով, պետք է սկսել, բնականաբար, հնարավորինս պահպանելով անվտանգության կանոնները: Դա լինելու է ծանր, անհարմար գործընթաց՝ մանավանդ տարրական դպրոցի աշակերտների համար: Ավելին՝ այդ գործընթացը կարող է ցանկացած պահի ընդհատվել, եթե գա համավարակի նոր ալիքը, որի հավանականությունը բավականին մեծ է: Բայց դասերը չսկսելու այլընտրանքը իմիտացիան շարունակելն է, որը 10-15 տարվա կտրվածքով կունենա խիստ բացասական հետեւանքներ:

Այնպես որ՝ բոլոր դեպքերում, շնորհավո՛ր սեպտեմբերի մեկ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930