Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրեական գործ է հարուցվել

Օգոստոս 31,2020 23:13

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի մասնակցությամբ միջադեպի առիթով դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ- ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3֊րդ և 6֊րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը ): Առաջիկայում կորոշվի գործով քննչական ենթակայության հարցը: Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, որ օգոստոսի 27-ին, Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին, որին տեղափոխել են Երևան։ Երեկոյան, ի պատասխան լուրերի, Առուշան Առուշանյանը facebook-ի ուղիղ եթերով մեկնաբանեց իրողությունը.

«Գիտեի՝ սյունեցիները՝ մասնավորապես գորիսեցիները, լավատեղյակ են այս ամենին, թե ում կողմից է կազմակերպված, որ շրջանակներն են այս ամենն անում.. երեք տարի է՝ հաճախ այդպիսի բանսարկություններ են լինում, դրանց չեմ պատասխանում, որովհետեւ այդ ամեն ինչին լուրջ չեմ նայում: Այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, որը տարիներ առաջ էլ նույն կերպ է գործել: Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ համայնքի ղեկավար չեմ եղել եւ լրատվամիջոցներն այսպիսի տեղեկությունների չեն անդրադարձել…այդ անձը Լիսկան է, որը տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ էր որդեգրել իմ ու իմ շրջապատի, մտերիմների նկատմամբ: Մենք միշտ պայքարել ենք այդ ռեժիմի, այսպես կոչված, այդ ամբոխի՝ Լիսկայի ու իր շրջապատի դեմ, պայքարել ենք, որ արդարություն լինի ու, փառք Աստծո, 2017 թվականից այդ արդարությունը Գորիսում արդեն կա , չկան այդ բորենիները, այդ մարդիկ՝ ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություններով են զբաղվում, այսօր էլ հեռահար որոշ լրատվամիջոցներով կազմակերպել եւ հակառակ ռակուրսից են ներկայացնում իրականությունը»:

Գորիսի քաղաքապետը ուղիղ եթերի ժամանակ նաեւ մտաբերեց ՝ 2014-ին Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նման մի բանսարկություն էլ են իր հանդեպ արել. ըստ նրա՝ Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են տվել, թե իբր ինքը՝ «Դաժանաբար ծեծել է Լիսկայի թիկնապահներից մեկին, բայց, նրա խոսքով, իրավապահները պարզեցին, որ թիկնապահի նշած օրը ինքը չի եղել Հայաստանում, ծեծի մասով նշված ժամին էլ եղել է ՌԴ-ից վերադառնալու ճանապարհին:

Քաղաքապետը անդրադարձավ նաեւ լրատվամիջոցներին նշված ծեծկռտուքից տուժած երիտասարդի մայր ներկայացած կնոջը, ասելով՝ նա Սուրիկ Խաչատրյանի աջ ձեռք համարվող Արագածի քույրն է. «Ում մասին խոսում էր իր որդին է՝ այդն նույն բորենիների շրջապատից»: Ըստ քաղաքապետի իր դեմ հերթական այդ բանսարկությունն արվել է նրա համար, որ ինքն ու իր թիմակիցները նախկին մարզպետի ու նրա մտերիմների կողմից խլվածը վերադարձնում են քաղաքացիներին, վերջ են դրել Գորիսում վախի մթնոլորտին:

Ի պատասխան քաղաքապետի մեղադրանքներին՝ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը hraparak.am-ին ասել էր. «Այո լսել եմ, բայց իրեն ճանաչելով չեմ զարմացել, որ էլի անպատասխանատու հայտարարություններ է անում։ Խոսում է բաներից, որոնք ընդամենը իր մղձավանջներն են։ Մի երկու բան, որ թերևս հիշում եմ, այդ անիմաստ ու անբովանդակ լայվից, կուզեմ անդրադառնալ։ Իրեն ուզում եմ ասել, որ հայտարարություններ անելուց ինքն իրեն հաշիվ տա, հասկանա՝ ինչ է խոսում, ում մասին է խոսում, հիշի, որ տղամարդը չի կարող անպատասխանատու հայտարարություններ անի։ Ռուսերեն մի այսպիսի ասացվածք կա․ «мужчина должен быть спокойным львом а не шумной дворнягой…Ուզում եմ իրեն ասել նաև, որ հերիք է Սուրիկ Խաչատրյանի ստվերի հետ կռիվ տա, վերջապես հաղթահարի էդ վախն ու մինչև մեղավորներ կփնտրի, ավելի լավ է արժանապատիվ ապրի իր քաղաքում։ Գորիսը փոքր, բայց յուրահատուկ քաղաք է, չի կարելի անշնորքի պես ապրել, մարդկանց նեղացնել ու ասել Սուրիկ Խաչատրյանը կամ լրատվամիջոցներն են մեղավոր։ Համենայն դեպս, իմ ունեցած տեղեկություններով, մեղավորներին թող իր շրջանակում փնտրի»։

Ի դեպ, Գորիսի քաղաքապետի ուղիղ եթերով մեկնաբանությունից հետո համացանցում հայտնվեց քաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31