Վաղը սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը ու մեր երեխաները դպրոց չեն գնալու:
COVID-19-ը ստիպեց Հայաստանի կրթական համակարգում կարճ ժամանակահատվածում կրթական գործընթացը գլխիվայր շուռ տալ: Առաջին արտակարգ դրության որոշումից՝ մարտի 16-ից կառավարության որոշմամբ կրթական հաստատություններն անցան այսպես կոչված օնլայն հարթակ՝ հեռավար կրթության մոդելի, մինչդեռ պատրաստ չէին ո՛չ մանկավարժները, ո՛չ սովորողները: Ընդ որում, պատրաստ չէին ոչ տեխնիկապես, ոչ հմտություններով, ոչ կիրառած գործիքներով: Իսկ հեռավար կրթություն չի նշանակում իրական դասը տեղափոխել համացանց ու 45 րոպե անց եթերն անջատել:
Այս օրերին լայնորեն քննարկվում է ԿԳՄՍ նախարարության մշակած նոր կանոնակարգը, համավարակի այս պայմաններում դպրոցականների ու ուսուցիչների ուղեցույցը: Սոցցանցերում ու մամուլում դժգոհություններ կան, որ ավելի լավ է այնպես, ինչպես փակեցին ուսումնական տարին՝ հեռավար, այդպես էլ շարունակեն, քանի դեռ համավարակը չի նահանջել:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ներկայումս մեր երկրում, ըստ ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների, 3645 սովորող տեխնիկական միջոցների և ինտերնետ հասանելիության խնդիրներ ունի: Ուսուցիչների մի զգալի մասը հեռախոսով է կազմակերպում հեռավար դասը՝ չօգտվելով դրա համար նախատեսված ճիշտ գործիքներից, մի մասը թվային գրագիտություն չունի, չի կարողանում անգամ հասարակ ֆայլ ու էլփոստ բացել:
Ազգային ժողովում պատրաստվում է նոր օրենսդրական փաթեթ՝ ուսուցիչների համար:
Մանրամասները կարդացեք մեր պատրաստած մուլտիմեդիայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ: