Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության իրավական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում

Օգոստոս 31,2020 22:30

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Արտակարգ դրության իրավական կարգավորումները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը, որն ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի Սահմանադրական, միջազգային և օրենսդրական կարգավորումները:

Նախաբան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Սևծովյան վստահության կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Լավ կառավարման և պետության հաշվետվողականության ապահովումը Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ» ծրագրի շրջանակներում կատարում է արտակարգ դրության ընթացքում ընդունված և մարդու իրավունքների հետ առնչվող, սահմանափակումներ պարունակող իրավական ակտերի, ինչպես նաև վարվող քաղաքականության վերլուծություն։ Սույն զեկույցը ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի Սահմանադրական, միջազգային և օրենսդրական կարգավորումները և հանդիսանում է նախատեսվող շարքից առաջին հրապարակումը։

Ամփոփում

Արտակարգ դրության հասկացությունը տարբեր երկրների իրավական համակարգերում ունի տարբեր բնորոշումներ։ Որպես կանոն, արտակարգ դրության ընթացքում գործադիր իշխանությունը ստանում է հավելյալ լիազորություններ՝ նպատակ ունենալով հակազդել երկրին սպառնացող վտանգներին, աղետներին և պաշտպանել երկրի բնակչությանը,  տնտեսությունը, երկրի անվտանգությունը։ Արտակարգ դրության ընթացքում մարդու մի շարք իրավունքներ և հիմնարար ազատություններ կարող են սահմանափակվել՝ կախված սպառնալիքի բնույթից և ձեռնարկվող միջոցառումներից։ Այդ սահմանափակումները չեն կարող անդրադառնալ որոշ, ներառյալ՝ բացարձակ իրավունքների վրա, օրինակ՝ խոշտանգումների, ստրկության արգելքին։ Ցանկացած սահմանափակում, իր հերթին, պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին և ծառայի միայն իրավաչափ նպատակներին։

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվում Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Օրենքը արտակարգ դրության հասկացությունը բնորոշում է որպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ, որը կարող է հայտարարվել ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ առանձին տարածքներում[1]։

Անկախությունից ի վեր՝ արտակարգ դրության վերաբերյալ կարգավորումները անցել են մի շարք փոփոխությունների միջով։ Սահմանադրությամբ ամրագրված է արտակարգ դրության ռեժիմի հայտարարման կարգը, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, սահմանափակման ենթակա և ոչ ենթակա իրավունքները և այլն։ Արտակարգ դրությունը առավել մանրամասն կարգավորվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, որի նախագծի վերաբերյալ 2011 թ. Վենետիկի հանձնաժողովի ներկայացրել է իր կարծիքը։ Թեև օրենքի ընդունված տարբերակում հաշվի են առնվել Հանձնաժողովի հիմնական առաջարկները, այդուհանդերձ, առկա են մի շարք թերություններ և բացթողումներ, ինչպես նաև խնդիրներ՝ կապված օրենքի դրույթների իրավական որոշակիության հետ։ 2020 թ. մարտի 31-ին օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում էին անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներին, տեղ են տալիս բազմաթիվ մտահոգությունների` հավաքված անձնական տվյալների անվտանգության երաշխիքների և անձնական տվյալների պաշտպանության սահմանափակման համաչափության առումով։

Արտակարգ դրության սահմանադրական կարգավորումները

Սահմանադրական նախկին կարգավորումները

Արտակարգ դրության վերաբերյալ կարգավորումները Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվել են 2005 թ. փոփոխություններով։ Մինչ այդ, 1995 թ. Սահմանադրությունը միայն հիշատակում էր ՀՀ նախագահի լիազորությունը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմել ժողովրդին[2]։ 2005 թ. փոփոխություններով ձևակերպվեց նախագահի՝ նման սպառնալիքի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը[3], ինչպես նաև հստակեցվեց այն իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակը, որոնք կարող են սահմանափակվել արտակարգ դրության ընթացքում։ Բոլոր այն իրավունքները, որոնք կարող էին սահմանափակվել արտակարգ դրության ընթացքում, թվարկված էին Սահմանադրության 44-րդ հոդվածում։ Սահմանադրությունը նաև ուղղակիորեն նախատեսում էր, որ նման շեղումները պետք է համապատասխանեն ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

2015 թ. Սահմանադրական փոփոխությունները

Արտակարգ դրության վերաբերյալ կարգավորումների համատեքստում 2015 թ. սահմանադրական փոփոխություններով ավելի հստակեցվեց արտակարգ դրության նկատմամբ Ազգային ժողովի վերահսկողության մեխանիզմը, ըստ որի վերջինս կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը[4]։ Այդուհանդերձ, ձայների բացարձակ մեծամասնության շեմը կարող է խիստ սահմանափակել արտակարգ դրության կարգավորման հարցում ընդդիմության դերակատարումը։

2015 թ.Սահմանադրական փոփոխություններով ավելացվեց այն իրավունքների և հիմնարար ազատությունների ցանկը, որոնք չեն կարող սահմանափակվել։ Դրանց թվին ավելացվեցին մարդու արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, դատապարտվածի բողոքարկման իրավունքը, խտրականության արգելքը և այլն։

Ցանկը հիմնականում ներառում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 4-րդ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները, որոնցից շեղում չի թույլատրվում, սակայն առկա են որոշակի տարբերություններ։ Օրինակ,Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքը չի կարող կասեցվել կամ սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ, մինչդեռ ՄԻԵԿ 15-րդ հոդվածը չի ներառում կոնվենցիայի 14-րդ և կոնվենցիային կից 12-րդ արձանագրության առաջին հոդվածով նախատեսված խտրականության արգելքը (պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ): Մյուս կողմից, ՔՔԻԴ-ով չի թույլատրվում շեղում Դաշնագրի 11-րդ հոդվածից՝ ոչ ոք չի կարող ազատազրկվել միայն այն բանի հիման վրա, որ նա ի վիճակի չէ կատարելու որևէ պայմանագրային պարտավորություն, մինչդեռ ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթը ներառված չէ սահմանափակման արգելքի մեջ[5]: Այդուհանդերձ, Սահմանադրությամբ ամրագրված է, որ սահմանափակումների շրջանակը չի կարող գերազանցել ստանձնած միջազգային պարտավորություններով, ներառյալ՝ ՔՔԻԴ-ով նախատեսված շեմը։

Սահմանադրությամբ արգելվում է հանրաքվեի, Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև արգելվում է կառավարությանը՝ իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնել իր վստահության հարցը։ Սահմանադրությամբ նախատեսված չեն ավելի մանրամասն կարգավորումներ՝ կապված արտակարգ դրության հայտարարման տարածքային կամ ժամանակային գործողության հետ և թվարկված չեն այն հանգամանքները, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգ[6]։ Ըստ էության, նման կարգավորումները թողնված են արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանող օրենքի կարգավորմանը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ[7]։ Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր կարծիքում առաջարկել էր նախատեսել ավելի բարձր՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդ շեմ, որն անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար[8]։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը ընդունվել է 2012 թ., և ընդունումից ի վեր օրենքը առաջին անգամ կիրառվել է 2020 թ. մարտի 16-ին՝ կառավարության N 298-Ն որոշմամբ։ Որոշման ընդունումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմը իրազեկեց ԵԽ գլխավոր քարտուղարին արտակարգ դրություն հայտարարելու և նախատեսված միջոցառումների մասին[9]։

Օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2011 թ. ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին և նախագծի վերջնական խմբագրությունը ներառել էր հանձնաժողովի կարծիքում ներկայացված առաջարկությունների մեծ մասը։ Այդուհանդերձ, օրենքում դեռևս առկա են որոշակի թերություններ և անորոշություններ։

Օրենքի հիմնական դրույթները

Օրենքի 1-ին հոդվածում թվարկված են արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացող սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգները,ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները: Ըստ ձևակերպման՝ նշված վտանգների ցանկը սպառիչ չէ, իսկ թվարկվածները ներառվում են սահմանադրական կարգին սպառնացող վտանգներում։ Հատկանշական է, որ օրենքի նախագծի տարբերակում վտանգների ցանկում կիրառված էր «մասնավորապես» բառը, որի փոխարեն Վենետիկի հանձնաժողովը առաջարկել էր կիրառել «consisting of» ձևակերպումը[10]։ Հայերեն համապատասխան թարգմանության դեպքում «consisting of[11]» եզրույթը պետք է նշանակեր ներառված ցանկ, որը սպառիչ է։ Այդուհանդերձ, վերջնական խմբագրությունում կիրառված «ներառյալ» բառի պատճառով ցանկը կարող է մեկնաբանվել որպես ոչ սպառիչ։

Հանձնաժողովն ուշադրություն էր դարձրել սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգ եզրույթին, որը, փաստորեն, հանդիսանում է արտակարգ դրություն հայտարարելու հիմքը։ Քանի որ արտակարգ դրության ընթացքում կարող են սահմանափակվել մարդու հիմնարար ազատությունները, որոնք ներառված են ՄԻԵԿ-ում և ՔՔԻԴ-ում, այն պետք է համապատասխանի նշված փաստաթղթերի՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ համապատասխան դրույթներին։ Ըստ այդ երկու փաստաթղթերի՝ պետության համար պարտականություններից շեղվելու միակ հիմքը կարող է լինել ազգի կյանքին սպառնացող վտանգը։ Հետևաբար, ըստ Հանձնաժողովի, ՀՀ օրենքում կիրառված սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետք է մեկնաբանվի ավելի նեղ՝ որպես սպառնալիք ազգի կյանքին, ինչպես ձևակերպված է ՄԻԵԿ 15-րդ և ՔՔԻԴ 4-րդ հոդվածներում[12]։

Հանձնաժողովը առաջարկել էր հստակեցնել օրենքի 7-րդ հոդվածով հանրապետության նախագահին տրված լիազորությունը՝ կասեցնելու հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը՝ այն համարելով շատ լայն[13]։ Օրենքի վերջնական խմբագրությամբ հստակեցվեց, որ խոսքը վերաբերում է գործադիր իշխանության մարմինների կողմից ընդունած իրավական ակտերին, իսկ 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո նշված դրույթը վերաձևակերպվեց որպես կառավարության լիազորություն։ Այդուհանդերձ, նշված լիազորությունը շարունակում է մնալ լայն։

Արտակարգ դրության գործողության ժամկետը

Արտակարգ դրության հայտարարումը հանդիսանում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերացման առավել խիստ միջոցը և պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով նման վտանգը վերացնելը անհնար է[14]։ Օրենքի նշված դրույթը վերաբերում է արտակարգ դրությունը հայտարարելուն, սակայն ոչ՝ երկարաձգելուն։ Այն կարող է տևել մինչև 30 օր՝ հանրապետության ողջ տարածքում և մինչև 60 օր՝ առանձին տարածքներում, և, եթե մինչև հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, կարող է երկարաձգվել նույն ժամկետից ոչ ավելի տևողությամբ[15]։ Ըստ օրենքի ձևակերպումների ստացվում է, որ այնպիսի իրավիճակում, երբ  արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած վտանգը չի վերացել, սակայն թուլացել կամ նվազել է և հնարավոր է այն չեզոքացնել այլ եղանակով, կառավարությունը դեռևս ունի հայեցողական լիազորություն այն երկարաձգելու։ Համաչափության սկզբունքի տեսակետից ավելի դրական կլիներ հավասարակշռել արտակարգ դրության հայտարարման և դրա ժամկետի երկարաձգման հիմքերը։ Բացի այդ, արտակարգ դրության ժամկետի երկարաձգման դեպքում խորհրդարանի ձայների որակյալ մեծամասնության ապահովվման անհրաժեշտությունը կարող էր լինել հավելյալ երաշխիք՝ ի տարբերություն նախնական հայտարարության համար անհրաժեշտ ընդհանուր թվի ձայների մեծամասնության[16]։

Սահմանափակումները արտակարգ դրության ժամանակ

Օրենքի 10-րդ հոդվածը անդրադառնում է արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների համաչափությանը՝ դրանք պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։ Հանձնաժողովը առաջարկել էր վերը նշված ձևակերպման փոխարեն կիրառել ՄԻԵԿ 15-րդ հոդվածի ձևակերպումները՝ բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ 2015 թ. սահմանադրական փոփոխություններով համաչափության սկզբունքը ներառվեց որպես սահմանադրական դրույթ, որը տարածվում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների վրա և պետք է հանդիսանա հավելյալ երաշխիք՝ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների համատեքստում։ Ըստ համաչափության սահմանադրական սկզբունքի՝  հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Հանձնաժողովի առաջարկություններից ևս մեկը, որը չի ներառվել օրենքում, վերաբերում էր ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներին։ Հանձնաժողովը համարել էր, որ արտակարգ դրության հետևանքների վերացման ընթացքում տուժած անձանց փոխհատուցման տրամադրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգը, ինչպես ձևակերպված է օրենքում, բավարար երաշխիք չէ և նշել, որ ՄԻԵԿ առաջին արձանագրության (սեփականության պաշտպանություն) վերաբերյալ դատարանի պրակտիկան պետք է հաշվի առնվի։

Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված սահմանափակումները

2020 թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ընթացքում Ազգային ժողովը ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 2 փոփոխություն։ Դրանցից առաջինը, որն ընդունվեց մարտի 31-ին, վերաբերում էր արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներին։ Ըստ փոփոխության՝ եթե արտակարգ դրությունը հայտարարվել է արտակարգ իրավիճակի հիմքով (օրինակ՝ համաճարակի), ՀՀ կառավարության համապատասխան որոշման դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարտավոր են վերջինիս սահմանած կարգով և նշված մարմիններին տրամադրել տվյալներ, որոնցով հնարավոր կլինի իրականացնել վարակակիր անձի կամ վարակակիր անձի հետ շփված հաճախորդի տեղորոշում, ինչպես նաև պարզել նրա հետ կապ ունեցած հեռախոսահամարները և խոսակցության ժամանակային տվյալները։ Այնուհետև, համաճարակի տարածումը վերահսկելու և վերացնելու նկատառումներից ելնելով ստացված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց[17]։ Վերջիններս, սակայն, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը, ներառյալ՝ արտակարգ դրության ավարտից հետո։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարի՝ ներդրվող համակարգը ավտոմատ եղանակով պետք է որոշի վարակակիր անձի հետ շփում ունեցողների շրջանակը[18]։ Օրենքի փոփոխությունը չի կոնկրետացնում, թե ո՞ր կազմակերպությունները կարող են լինել տվյալներ մշակողի դերում, նշելով միայն, որ վերջիններս պետք է լինեն պետության կողմից հիմնադրված։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տվյալների սուբյեկտ[19] իրավունք ունի իմանալ տվյալներ մշակողի ինքնությունը և նշված իրավունքը օրենքի փոփոխությամբ չի սահմանափակվել։

Օրենքի փոփոխությունը քննադատության արժանացավ հանրության տարբեր շրջանակների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից[20]։ Քննադատությունը հիմնականում վերաբերում էր տվյալների պատշաճ պաշտպանությանն ու անվտանգությանը։ Համաճարակի դեմ պայքարի ընթացքում անձնական տվյալների լայնամասշտաբ մշակման համատեքստում ԵԽ մարմինների կողմից առաջարկվել էր այն իրագործել միայն այն դեպքում, երբ հանրային առողջության համար նման վերահսկողությունը, դրա ճշգրտությունը գերազանցում են ավելի քիչ միջամտող միջոցներից ակնկալվող օգուտներին, ինչն իր հերթին հիմնված է գիտականորեն ապացուցված փաստերի վրա[21]։

Օրենքի փոփոխությամբ նախատեսված անձնական տվյալների պաշտպանության սահմանափակումները ըստ էության վերաբերում են տվյալների սուբյեկտի համաձայնությանը՝ մշակել անձնական տվյալները։ Այսինքն, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մյուս իրավունքներին այն չի անդրադառնում, ինչպիսին են անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու, դրանք ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու պահանջ ներկայացնելու իրավունքները և այլն։

Եւս մեկ առանձնահատկություն կայանում է նրանում, որ օպերատորների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների կողմից փոխանցվող տվյալները կարող են պարունակել հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ[22], որոնց պաշտպանության անհրաժեշտությունը ավելի խիստ է։ Բացի առողջական վիճակին վերաբերող տեղեկություններ տրամադրելու հանգամանքից, օպերատորների կողմից անձի գտնվելու վայրի վերաբերյալ փոխանցվող տվյալները կարող են նաև ուղղակի տեղեկություններ պարունակել, օրինակ, անձի քաղաքական կամ կրոնական հայացքների, արհեստակցական միությանն անդամակցության մասին, որոնք նույնպես համարվում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ։ Հաշվի առնելով համակարգի նոր լինելը, բացառված չեն այնպիսի իրավիճակները, երբ երրորդ անձանց կարող են հայտնի դառնալ մեծ քանակությամբ մարդկանց հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ։ Թեև նրանք պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը, համակարգի անվտանգության համակարգը կարող է ունենալ թերություններ։ Հարկ է նշել, որ միայն հունիս ամսվա ընթացքում տեղի ունեցավ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց անձնական տվյալների երկու արտահոսք[23]։

 

[1]Տես «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-րդ մասը։

[2]Տես 1995 թ. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը։

[3]Տես 2005 թ.  ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը։

[4]Տես 2015 թ. ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը:

[5]Տես 2015 թ. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 6-րդ մասը:

[6]Տես 2015 թ. ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը։

[7]Նույն տեղում, 4-րդ մաս։

[8]Տես Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2015)037 կարծիքը, 93-րդ պարբերություն

[9]https://bit.ly/2YpkRBW

[10]Տես Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2011)049 կարծիքը, 21-րդ պարբերություն։

[11]Կազմվածկամ պատրաստված լինել նշված առարկաներից կամ մարդկանցից, անգլերեն՝ to be formed or made up of (specified things or people), Merriam-Webster.com Dictionary, Merriam-Webster, https://www.merriam-webster.com/dictionary/consist%20of

[12]CDL-AD(2011)049, 21-րդ պարբերություն։

[13]CDL-AD(2011)049, 34-րդ պարբերություն։

[14]Տես «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը։

[15]Նույն տեղում, հոդված 5։

[16]Տես Վենետիկի հանձնաժողովի CDL-SD(2016)006 կարծիքը, 63-րդ պարբերություն։

[17]Տես «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 9.1 հոդվածի 3-րդ մասը

[18]«Նախարարը պնդում է` իշխանությունը քաղաքացիների անձնական տվյալները պահպանելու շարժառիթ չունի», Ազատություն Ռադիոկայան, 01.04.2020 թ., հղում՝ https://www.azatutyun.am/a/30523711.html

[19]Ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ տվյալների սուբյեկտը այն ֆիզիկական անձն է, որին վերաբերում են անձնական տվյալները։

[20]Human rights watch կազմակերպության հայտարարությունը՝ https://www.hrw.org/news/2020/04/03/armenia-law-restricts-privacy-amid-covid-19-fight

Հայաստանյան կազմակերպությունների հայտարարությունը՝ https://mdi.am/2020/04/02/statement_on_tracking_citizens_covid_19/

[21]Տես Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի համատեղ հայտարարությունը՝ https://rm.coe.int/covid19-joint-statement-28-april/16809e3fd7

[22]Ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներն են անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ։

[23]«10 օրվա ընթացքում վարակվածների անձնական տվյալների 2-րդ արտահոսքը ադրբեջանական կողմ. ինչու է ԱԱԾ-ն ուշացնում բացահայտումը», factor.am, 25.06.2020, հղում՝ https://factor.am/263752.html

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31