Լատվիան, Լիտվան և Էստոնիան դատապարտել են Բելառուսի նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքները և ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը: Բացի այդ արգելվել է Բելառուսի 30 քաղաքացիների, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքը Բալթյան երկրներ:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, օգոստոսի 31-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 30 քաղաքացու հանդեպ: Բալթյան երկրներ մուտքն արգելվել է նաև Լուկաշենկոյի, նրա ավագ որդու, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների պաշտոնյաների համար: Էստոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ պերսոնա նոն գրատա ճանաչվածները «կենտրոնական դերակատարում են ունեցել ընտրությունների արդյունքները կեղծելու, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու գործերում»: Պաշտոնական Ռիգան ևս դատապարտել է «նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքները, ցուցարարների, այդ թվում՝ լրագրողների, ակտիվիստների վրա հարձակումները»:
Ըստ տեղեկատվության՝ Էստոնիան Բելառուսի 30 քաղաքացիների համար սահմանը փակել է 5 տարով, Լատվիան՝ անորոշ ժամկետով:
Նշենք, որ Բելառուսում մի քանի շաբաթ է, ինչ տեղի են ունենում բողոքի բազմահազարանոց ցույցեր, գործադուլներ, որոնք սկսվել են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ