Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Գերագույն դատարանի նախագահ Վալենտին Սուկալոյի հետ և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, Լուկաշենկոն երկրում գոյություն ունեցող համակարգը որակել է որպես «որոշ չափով ավտորիտար»:
«Կարծում եմ, որ չնայած այն փաստին, որ մեզ մոտ հասարակական համակարգը որոշ չափով ավտորիտար է, այնուամենայնիվ, նախագահը պաշտպանում և պահպանում է դատարանները: Բայց դա անձնական պահ է: Պետք է անել այնպես, որպեսզի աշխատի համակարգը, որը կապված չէ անհատների, այդ թվում Լուկաշենկոյի հետ: Այդ պատճառով կարծում եմ, որ նոր Սահմանադրությունում մենք ըստ արժանվույն կարտացոլենք մեր դատարանների կառուցվածքի համակարգը՝ ելնելով շուրջ քառորդ դար մեր համատեղ աշխատանքի փորձից… Շատերը, այդ թվում դատական համայնքում, որոշակի անկախություն են ցանկանում: Չնայած պատրաստ եմ ցանկացածի հետ վիճել, որ ամենաանկախ դատարանը Բելառուսինն է: Թող ոչ մեկ չկասկածի»,-ասել է Լուկաշենկոն:
Վալենտին Սուկալոն իր հերթին նշել է, որ դատական համակարգում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է՝ չնայած քաղաքային դատարաններում որոշակի լարվածության:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ