Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն լեզվի հիմքերը, որով մեզ Երևանի քաղաքապետարանն է պատասխանում, 37 թվի հարցաքննությունների մեջ են». Հրանտ Տեր-Գաբրիելյան

Օգոստոս 31,2020 19:45

Ռուբինա Փիրումյանը ներկայացնում է իր ծնողների պատմությունը, Հասմիկ Ալազանը՝ ևս, Հովհաննես Իշխանյանն առաջին դեմքով ներկայացնում է տատիկի բռնադատված ծնողների պատմությունը և այլն:

Օգոստոսի 31-ին պարգևատրվեցին Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի մրցանակակիրները:

Մրցույթի նպատակն էր մասսայականացնել այդ շրջանի վերաբերյալ գիտելիքը, հիշեցնել հանրությանն այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության այդ շրջանի շուրջ, ստեղծել հարթակ, որտեղ կհավաքվեն այդ պատմությունները և դրանք հանրայնացնլու և տարածելու ուղիների մասին մտածել։

Գրանցված 28 հայտերի շարքում գեղարվեստական ստեղծագործություններ, գրքեր, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գիտական հոդվածներ, հետազոտություններ, վերլուծություններ և վավերագրական ֆիլմեր են: Բոլոր նյութերն ուսումնասիրվել և գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Դրանք տեղադրված են նաև ԵՀՀ-ի կայքում:

Գլխավոր մրցանակը հանձնվեց Արմեն Օհանյանին «Ի հիշատակ հիշատակի գործի» համար: Հատուկ մրցանակ հանձնվեց Ռուբինա Փիրումյանին «Թավրիզից ստալինյան Գուլագ․ ընդհատված պատմություն» գործի համար: Մրցանակներ ստացան Գրիշա Սմբատյանը՝  «Բախում են դռներն ու դարպասները» գործի համար, Հովհաննես Իշխանյանը «Ընտանեկան ալբոմ» ֆիլմի համար, Հասմիկ Ալազանը «Տառապանքի ուղիներով» գործի համար, Գոհար Ստեփանյանը «Խորին վրդովմունքով բողոքում եմ…» գործի համար:

ԵՀՀ տնօրեն Հրանտ Տեր-Գաբրիելյանը զուգահեռ անցկացրեց մերօրյա իրականության հետ և ասաց. «Օրինակ, Ֆիրդուսի հետ կապված ունենք տարօրինակ իրադրություն. թվում է, թե տհաճ տարածք է, բայց կան մարդիկ, որոնք համարում են՝ այն հոյակապ պատմական նշանակություն ունի: Նույն կերպ էլ բռնաճնշումների պատմական ժամանակաշրջանն է: Մեր մրցանակաբաշխությունն էլ ցույց տվեց, որ չկա դրա վերաբերյալ դիսկուրս, մտածողություն, մինչդեռ դա այսօրվա հետ կապող շղթա է»:

Հրանտ Տեր-Գաբրիելյանը կարևորեց ոչ միայն կոնկրետ անձանց հետ կապված պատմությունները ներկայացնելը, այլև մետահետազոտությունների իրականացումը, դիտարկելը, թե բռնության արմատները որտեղից են գալիս, թե ինչ վարքային կարծրատիպեր, ինչպիսի ավանդական կացութաձևեր, ինչպիսի սթրես կա նախորդ բռնության պատճառով, որոնք պայմանավորել են այն, թե ինչպիսի հասարակություն է այսօր ու մանրամասնեց. «Պետք է դիտարկել, թե ինչպես է նույն մարդը լինում և′ զոհ, և′ բռնարար, հաջորդաբար կամ միասնաբար, ինչպես նշվեց հարցաքննությունը, բողոքների լեզուն, ինչպես է կազմավորվում այն լեզուն, որով այսօր մեզ պատասխանում է Երևանի քաղաքապետարանը, որտե՞ղ են այդ լեզվի հիմքերը: Այդ լեզվի հիմքերը 37 թվի հարցաքննությունների մեջ են. ինչպե՞ս մեղքը քեզնից ուրիշի վրա բարդել, ուրիշին պարտադրել իր մեղքը»:

Մրցույթի մասնակիցները ստացան հավաստագրեր և նվեր գրքեր:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հորդորեց խուսափել հայրենադարձություն եզրույթն օգտագործելուց և պարզաբանեց. «Անձը Հայաստան էր գալիս, օրինակ, Կարսից՝ իր հայրենիքից, և դրա անունը դրված էր հայրենադարձություն: Այստեղ նուրբ խնդիր ունենք. Խորհրդային Հայաստանը և ներկա ՀՀ-ն բոլոր հայերի հայրենիքն է: Իսկ երբ հայրենադարձ ենք ասում այս տարածք ներգաղթողներին, մենք նրանցից խլում ենք իրենց՝հայրենիք դարձի իրավունքը»: Ամփոփելով Հրանուշ Խառատյանն ասաց, որ մենք դեռ չենք մոտեցել հայկական բռնադատվածների հիմնարար խնդիրներին. էպիզոդիկ հետազոտություններով այսբերգի վերին գագաթն ենք տեսնում:

Մրցանակակիրներից Հասմիկ Ալազանը շնորհակալական խոսքով նշեց. «Ի լուր մեր ծնողների հոգիներին հնարավորություն տվեցիք մեզ նորից պատմել նրանց տառապանքների, վշտի ու կյանքի մասին»:

Մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը շեշտադրեց հատկապես հիշելու կարևորությունը ու ասաց. «Դա ոչ միայն հարգանքի կարևոր հանգամանք է, այլև արժեհամակարգ կերտելու և ինքնություն ձևավորելու գործիքներից: Հիշելը չպետք է լինի կայուն մի կաղապար. դա անընդհատ փոփոխվող մի դաշտ է: 20-րդ դարը ցույց տվեց, որ չկան միանշանակ մարդիկ ու գործողություններ. նույն մարդուն ճանաչում ես որպես հերոս, հակառակ կողմը կարող է դժվար ու ոչ միանշանակ լինել»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը բարձրաձայնեց անցյալին գնահատական տալու կարևորությունը. «Մենք այսօր բոլոր համակարգերում ունենք խնդիրներ, քանի որ մենք չենք տվել գնահատական թե′ խորհրդային, թե′ դրան հաջորդող տարիներին: Ցուցիչ չենք տվել, թե ոնց ապրել ու աշխատել չի կարելի: Հայաստանում հանրությունը փոքր է, դրա համար մտավախություն կա, որ մի մասը կլինեն մատնիչներ, մյուսը՝ զոհեր, բայց այդ ծանր գործը պետք է արվի մի օր: Մեկս մյուսի հետ պիտի հաշտվենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31