Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխեցին՝ Գյումրու կենտրոնում խուճապ ստեղծելով

Օգոստոս 31,2020 19:20

Այսօր կեսօրին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց պատահաբար ականատես եղանք, թե ինչպես մոտ 10 շտապօգնության մեքենաներ՝ բարձր ազդանշաններ միացրած, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մայրաքաղաք էին տեղափոխում կորոնավիրուսով վարակված հիվանդներին։ Հիշեցնենք, որ հիվանդների թիվը 55 էր։

Տեսնելով մի քանի շտապօգնության մեքենաներ՝ ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ, քաղաքի կենտրոնում գտնվող մարդկանց, այդ թվում և մեզ մի պահ թվաց, թե արտառոց դեպք է կատարվել։ Կենտրոնում գտնվող կառույցների աշխատակիցները խուճապահար դուրս էին ելել՝ հասկանալու ինչ է կատարվում։

Մինչ այս պահը մենք հեռախոսազանգեր են ստանում քաղաքացիներից, ովքեր հետաքրքրված են, թե ո՞ւր էին շտապում շտապօգնության մեքենաները։ Մենք ճշտեցինք, որ տեղափոխում էին Covid 19-ով հիվանդներին՝ մի մասին Գյումրիի շտապօգնության մեքենաներով, մյուսներին էլ՝ Երևանից ուղարկված մեքենաներով։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով սեպտեմբերի մեկից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս կորոնավիրուսով հիվանդների չի բուժելու։  Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, հիվանդներին տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

Սա հարուցել էր հիվանդների դժգոհությունը, որոնք պնդում էին, թե չեն գնա, քանի որ Գյումրու ինֆեկցիոնում հոգատար, լավ վերաբերմունք են ցույց տալիս հիվանդներին, բացի այդ, հարազատների հետ կապն ավելի սերտ է․ եթե հիվանդը մի բանի կարիք է ունենում, հարազատները կարողանում են փոխանցել տալ, իսկ տեղափոխման դեպքում ինչպե՞ս են հասնելու Երևան, ո՞ւմ հաշվին։

Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս գերատեսչության պաշտոնական էջում ընթերցում ենք․ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:

Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումն իրականացնելու է առողջապահության նախարարությունը:

Հավելենք նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31