Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղ բանակցությունների հաջողության համար ամենակարևոր պայմանը պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների և ԼՂ-ի ընտրված ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը»

Օգոստոս 31,2020 18:55

Հարցազրույց Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի հետ Ադրբեջանի հետ սահմանային բախումների վերաբերյալ։

Հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախումներից հետո և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հաղորդել են զոհերի մասին: Info Sud-Est-ը հարցազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ երկու երկրների միջև 30 տարվա հակամարտության վերաբերյալ:- (խմբ)

Հարց․ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրկին հնչել են կրակոցներ: Հակամարտության հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղն է: Ի՞նչ պետք է իմանա ռումինացի ընթերցողը Լեռնային Ղարաբաղի մասին, ըստ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցչի:

Սերգեյ Մինասյան․ Առաջին հերթին, ռումինացի ընթերցողը պետք է հետաքրքրված լինի վերջին ագրեսիայով, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի, այլ ոչ թե` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչի պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։

Մեզ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է Ադրբեջանը նախաձեռնել Հայաստանի Տավուշի մարզի նկատմամբ այդ ագրեսիան. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս տարվա հունիսի 26-ին տրված իր հարցազրույցում նշել էր, որ այն բանից հետո, երբ շփման գիծը (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բանակների միջև) և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հագեցվել են ժամանակակից տեսադիտարկումների համակարգերով, ադրբեջանական բանակը գործնականորեն զրկվել է Լեռնային Ղարաբաղի զինվորների դիրքերի ուղղությամբ անպատիժ կերպով դիվերսիոն ներթափանցումներ իրականացնելու հնարավորությունից, որոնց արդյունքում եղել են զոհեր։ Ի դեպ, Ադրբեջանը նմանատիպ գործողություններ կիրառել է տասնամյակներ շարունակ՝ սկսած 1994թ. մայիսի հրադադարից, որը ստորագրվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (հայերեն՝ Արցախ) ռազմական հրամանատարության միջև։

Հայ զինվորների դիրքերի ուղղությամբ այդ հարձակումներն օգտագործվում էին Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու մասին սպառնալիքներն ամրապնդելու համար։ Այդ սպառնալիքները հնչեցվել էին Իլհամ Ալիևի կողմից ինչպես նախքան այդ ռազմական ագրեսիայի սկիզբը, այնպես էլ նաև այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նկատվել էր հարաբերական հրադադար։

Փաստորեն, չկարողանալով անպատասխան կերպով կիրառել ռազմական ուժերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը COVID-19 համավարակի արդյունքում տնտեսական, սոցիալական և քաղաքական լարվածության սրման պայմաններում, 2020թ. հուլիս ամսվա կեսերին որոշեց նմանատիպ մարտավարություն գործի դնել նախկինում Լեռնային Ղարաբաղում կիրառված մարտավարությունը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց ձախողեց իր ծրագիրը՝ կրելով բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ կորցնելով մեկ բանակի գեներալ, մի քանի բարձրաստիճան սպաներ և տասնյակ զինվորներ՝ հիմնականում հատուկ նշանակության զորքերից։

Հայկական կողմին ագրեսիայի մեջ մեղադրելու ադրբեջանական բոլոր փորձերը, այդ թվում՝ քարոզչության միջոցով, լիովին անհիմն են։ Երբ ադրբեջանցիներն ասում են, թե էներգատար խողովակներն անցնում են այս տարածքով, պետք է հասկանանք, որ հայկական կողմը, ունենալով անհրաժեշտ մարտական միջոցներ (հրթիռներ, հրետանի) մինչև տասնյակ կամ ինչու ոչ՝ նաև հարյուրավոր կմ հեռահարություն ունեցող ադրբեջանական ռազմական թիրախներին հարվածներ իրականացնելու հզորությամբ, որևէ պատճառ չունի հարձակվելու դրանից մի քանի հարյուր մետր հեռու տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Պետք է նաև հաշվի առնել, որ ադրբեջանական բանակի որոշ դիրքեր շարունակում են գտնվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ինչ վերաբերում է ադրբեջանական էներգետիկ թիրախների ուղղությամբ հարձակումներ իրականացնելուն, ապա հայկական կողմը պաշտոնական մակարդակով երբեք նման սպառնալիքներ չի հնչեցրել, ինչը, ցավոք սրտի, չենք կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյան սպառնացել էր հրթիռային և հրետանային հարձակում իրագործել Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ։ Այդ սպառնալիքը, որն, ըստ էության, Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության է և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական դրույթների խախտում, խստորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ լեգիտիմ ձևաչափն է։

Հարց․ Կարո՞ղ եք սահմանել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների պատմությունն ու ներկան: Ինչո՞ւ է հարևանների միջև պատմական հիշողությունն այդքան ցավոտ: Կա՞ արդյոք ապագա:

Սերգեյ Մինասյան․ Իրոք, պատմական խնդիրները հիմնականում առնչվում են հայկական պատմական տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի նախապատմական ժամանակաշրջանին, որի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ենթարկվել է էթնիկ զտումների և ջարդերի, ինչպիսիք էին 1920թ. մարտին Լեռնային Ղարաբաղի պատմական մայրաքաղաք Շուշիում տեղի ունեցած հայկական ջարդերը, հայերի ջարդերն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1905թ., 1918թ., 1990թ. (հունվար) կամ Սումգայիթում, Գյանջայում (Կիրովաբադ) և 1988-1990թթ. Խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը։

Պարզ է, որ կարող ենք շարունակել ավելի խորը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառները և ընթացքը, սակայն, հաշվի առնելով պատմական անցյալի որոշ սեփական նմանություններ, ռումինացի ընթերցողին ավելի մատչելի բացատրելու նպատակով, ցանկանում ենք նշել, որ այս հարցում կարևոր դեր է խաղացել 1921թ. հուլիսին Ստալինի անմիջական ճնշման տակ ընդունված Բոլշևիկյան կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի որոշումը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը՝ մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող պատմական տարածքը, ներառվել է Ադրբեջանի կազմում։

Հետագայում, տասնամյակներ շարունակ, երբ այդ պետությունը ղեկավարում էր նախկին ԿԳԲ գեներալ և Կոմկուսի քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական իշխանությունների կողմից որդեգրված էթնիկ խտրականության քաղաքականությունը նոր հարթություն ստացավ:

Կարծում ենք, որ ռումինացի ընթերցողը պետք է նաև տեղյակ լինի, որ Լեռնային Ղարաբաղում առճակատման ներկայիս քաղաքականությունը, ինչը բացարձակապես ակնհայտ է, ըստ էության, Ադրբեջանի ավտորիտար դինաստիայի ռեժիմի՝ Ալիևների կլանի, որը, բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի, իշխանության է արդեն գրեթե 60 տարի (!) ևս մեկ փորձն է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդին, որի ղեկավարությունը, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներն ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով։ Ավելին, նույն մարտավարությունը կիրառվել է ընդդեմ Հայաստանի, որը միջազգային հարթակում Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, հատկապես այն բանից հետո, երբ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ընտրեց իր ղեկավարներին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Բնականաբար, վաղ թե ուշ Ադրբեջանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կկարգավորվեն: Որպես կանոն, բոլոր հակամարտություններն ավարտվում են խաղաղությամբ և բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ: Այդ գործընթացն արագացնելու համար Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական դիրքերից, սկսի խաղաղասեր երկխոսությունը առաջին հերթին հակամարտության կարևորագույն կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ, և ժողովրդավարական արժեքների գերակայության սկզբունքը պետք է առաջնային լինի ինչպես հակամարտության մեջ ներգրավված կողմերի, այնպես էլ՝ միջազգային հանրության մոտեցումներում։

Հարց․ Ո՞րն է տարածաշրջանի երկու առաջատար դերակատարների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ ձեր երկրի հարաբերությունների հիմքը։ Կա՞ն արդյոք թուրքական և ռուսական շահեր Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտության մեջ։

Սերգեյ Մինասյան․ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, որը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման միջնորդությամբ։ Ռուսաստանի դերը կարևոր է եղել նաև 1994թ. մայիսին Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջև հրադադարի հաստատման հարցում։ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել 2016թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո հրադադարի ռեժիմը վերականգնելու հարցում։ Մոսկվան առանցքային դեր է խաղացել նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս տարվա հուլիսի ռազմական ագրեսիայից հետո լարվածությունը նվազեցնելու հարցում։ Միևնույն ժամանակ, լինելով միջուկային տերություն և տարածաշրջանի հարևան երկիր, բնական է, որ Ռուսաստանն ունի գերակա ռազմաքաղաքական ազդեցություն Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հետ միասին, որոնք իրենց նախաձեռնություններում վայելում են ԵՄ աջակցությունը, Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, ունի պատասխանատու վերաբերմունք։

Այս համատեքստում, Ռուսաստանի դիրքորոշումն ուղիղ հակադարձում է տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերին, որը միանշանակ սատարում է Ադրբեջանին։ Թուրք պաշտոնյաներն անգամ չեն թաքցնում Հարավային Կովկասում իրենց մտադրությունները՝ փաստացի կրկնելով իրենց ապակառուցողական դերը Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, որտեղ Թուրքիան պահպանում է ռազմական օկուպացիան և΄ ԵՄ-ում՝ ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի դեպքում, և΄ Լիբիայում և այլ երկրներում։ Հայաստանի համար տարածաշրջանն ապակայունացնելու Թուրքիայի փորձերն անթույլատրելի են։ Թուրքիայի ուղիղ ռազմական սպառնալիքները Հայաստանի դեմ ամրապնդվում են «մկանների ցուցադրությամբ»՝ Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելով։ Այսպիսով, Թուրքիան իր մասին հիշեցնում է որպես մի երկրի, որի ղեկավարությունը փաստացի շարունակում է երիտթուրքերի քաղաքականությունը, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացրել են հայերի ցեղասպանությունը։

Հարց․ Ինչպե՞ս պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ:

Սերգեյ Մինասյան․ Նախ, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանի պաշտոնյաները պետք է մի կողմից հրաժարվեն մաքսիմալիստական կանոնակարգերից, մյուս կողմից` ցանկացած հույսից և պատրանքից, թե այդ հակամարտությունը հնարավոր է լուծել պատերազմի միջոցով: Միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր երեք համանախագահների միջոցով, վաղուց հանդես է եկել հստակ առաջարկներով՝ նվազեցնելու պաշտպանական գծում ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքները: Այդ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ԵԱՀԿ դիտորդական առաքելության լիազորությունները, ստեղծել միջադեպերի հետաքննության օբյեկտիվ մեխանիզմներ և այլ միջոցներ, որոնք կարող են օգնել հակամարտության կողմերի միջև վստահության միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ նախապայման է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Եվ, վերջապես, խաղաղ բանակցությունների հաջողության համար ամենակարևոր պայմանը պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությունը, ինչպես նշված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ առանցքային փաստաթղթերում:

Հարց․ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների այս փուլում Ռումինիան կարո՞ղ է որևէ նախաձեռնությամբ հաջողության հասնել։

Սերգեյ Մինասյան․Ռումինիան արդեն կարևոր և կառուցողական դերակատարություն ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպությունների պատասխանատու անդամ, ինչպես նաև՝ որպես ԵՄ և ՆԱՏՕ առանցքային անդամ ընդլայնված Սևծովյան տարածաշրջանում։ Ռումինիան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ և միշտ կոչ է անում հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

Այս համատեքստում, պետք է ընդգծենք ևս մեկ կարևոր հարց՝ այն, որ Ռումինիայում հարյուրամյակներ շարունակ ապրում է նշանակալի հայ համայնք, որի ներկայացուցիչները Ռումինիայի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում խաղացել և շարունակում են խաղալ կարևոր դեր։ Հանդիսանալով Ռումինիայի հասարակության անբաժանելի մաս՝ ծագումով հայ Ռումինիայի քաղաքացիներն իրենց հերթին արտահայտում են իրենց դիրքորոշումը հակամարտության խաղաղ և արդարացի լուծման վերաբերյալ։

Հարց․ Խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ։

Սերգեյ Մինասյան․ Խաղաղությունը, իհարկե, այլընտրանք չունի։ Մենք վստահ ենք, որ միջազգային հանրության՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ակտիվ աջակցությամբ, լայնածավալ ռազմական գործողությունների բոլոր նախադրյալները կվերացվեն և կձևավորվեն տևական խաղաղության պայմաններ, որոնք կբխեն հակամարտությունից ամենաշատը տուժած կողմի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31