Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոհանոցային քաղաքականության» մասին

Օգոստոս 31,2020 22:00

2018թ. ապրիլյան հեղափոխության բերած սպասումներից մեկն էլ, թերեւս՝ ամենահիմնականը, Հայաստանի սուբյեկտության կամ տարածաշրջանային, նույնիսկ համաշխարհային դերակատարության խնդիրն է: Այդ թեմայով լրագրողա-փորձագիտական դրսեւորումներ կային նաեւ նախընթաց շրջանում, բայց՝ այն կտրվածքով, որ Հայաստանին պակասում է «լեգիտիմ իշխանությունը»:

Դեկտեմբերին կլրանա երկու տարին, որ Հայաստանում 80 տոկոս հանրային վստահություն ունեցող իշխանություն է: Սկզբունքորեն ի՞նչ է փոխվել այդ ընթացքում: Հայաստանը մնում է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, եւ նրա անվտանգությունը խարսխվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեղինակության եւ ազդեցության վրա: Այսինքն, մնում ենք «Ռուսաստանի ծիրին մեջ»: Այլընտրանք չկա եւ տեսանելի ապագայում չի լինելու: Ըստ էության, Հայաստանի սուբյեկտության եւ տարածաշրջանային դերակատարության շուրջ դիսկուրսը բխում է նույն մտայնությունից, ինչ՝ պատմական արդարության վերականգնման, պահանջատիրության կամ պատմական հատուցման մասին ավելի քան հարյուրամյա մեր պատկերացումներն են: Իսկ ի՞նչ կարժենա մի քաղաքականություն, որի հիմքում պիտի դրվի դաշնակից եւ, չմոռանանք, անվտանգության երաշխավոր երկրից իր գործընկեր պետության հետ հանուն մեզ հարաբերություններ սրելու կանխադրույթ: Այսինքն, մենք ակնկալություն ունենք, որ Ռուսաստանը կխզի Թուրքիայի հետ 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագի՞րը:

Սա՞ ենք դնելու Ռուսաստանի հետ «ինքնիշխան հարաբերությունների» հիմքում: Եթե՝ այո, ապա դա հենց այն «խոհանոցային քաղաքականությունն» է, որից դժգոհում է հայ մեկնաբանը:  Որովհետեւ նախ Ռուսաստանն ինչու՞ պիտի Թուրքիայի հետ առանց այդ էլ բարդ հարաբերությունների սրացման գնա:

Սա՝ դրական դինամիկայի դեպքում: Իսկ եթե հաշվարկենք բացասականը, ապա ենթադրենք Ռուսաստանը չեղյալ է հայտարարում մոսկովյան վերոհիշյալ պայմանագիրը: Հետո՞: Թուրքիան պարտավորվելու է անմիջապես դատարկել Կարսը եւ Սուրմալու՞ն, իսկ Ադրբեջանը՝ Նախիջեւա՞նը: Խոհանոցային է այն «քաղաքականությունը»՝ անկախ փաթեթավորումից, որ ասում է՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրն օրինական չէ, որովհետեւ սահմանված ընթացակարգով չի վավերացվել: Կամ՝ երբ Խատիսյանն այն ստորագրում էր, իշխանությունն արդեն անցել էր Հայհեղկոմին: Հետո՞: Դրանից 1920 թ. աշնան հայ-թուրքական պատերազմը դադարու՞մ է պատմական փաստ լինելուց: Այդպես ուղղակի չի կարելի «խոհանոցում» խրոխտանալ: Պատմությունը, անցյալը գործնական քաղաքականության հետ եթե առնչվում է, ապա միայն՝ «երկսայրի սրի» էֆեկտով:

Այդպես չի կարելի փորձա-քաղաքագիտական ներքին մրցավազք հրահրել՝ ով ավելի վատ կարտահայտվի Թուրքիայի հասցեին, ով ավելի հիմնավոր փաստարկներ կբերի հօգուտ պատմական արդարության: Ինչ-որ տեղ դա արդեն դառնում է ծիծաղելի: Այնքան, որ Հայաստանի նախկին իշխանությունների նկատմամբ առհասարակ կանխատրամադրված՝ վերաբերյալ վերլուծականի հեղինակն ասում է, թե 2017թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հանրության մեկ-երկու տոկոսն է պատրաստ ԼՂ փոխզիջումային կարգավորման: Իսկ այդ ժամանակ իշխող կուսակցությունը կարգավորման «ոչ մի թիզ հող» հայեցակարգո՞վ էր բանակցում:

Այսօրվա իշխանությունը դե՞մ է փոխզիջմանը: Վաղվանը դե՞մ է լինելու: Իսկ փոխարենն ի՞նչ հայեցակարգ է առաջարկելու: Ինքնիշխանության դիրքերից Ռուսաստանին համոզենք, որ մեր հողերը Թուրքիայից եւ Ադրբեջանից վերադարձնի մե՞զ: Սա լու՞րջ մոտեցում է: Լու՞րջ է երեւակայել, որ պիտի ունենանք այնպիսի դաշնակից, ինչպիսին Ադրբեջանի համար Թուրքիան է: Դրա համար աշխարհում պիտի ունենայինք տարածքով, բնակչությամբ, զինական ուժով Հայաստանի հանրապետությանը տասնյակ անգամ գերազանցող եւս մեկ հայկական պետություն: Չունենք: Հայաստանի՝ ուզում եք պետական ասեք, ուզում եք՝ համահայկական կամ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական՝ դերակատարությունը մեկն է՝ հայկական ինքնության տիրույթում պահել Արցախը: Մնացածն իրոք խոհանոցային խոսակցություն է:

Վահրամ Աթանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31