Քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների դեպքերը չեն դադարում, կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում դեռեւս չի հաջողվել լրջագույն փոփոխություններ անել: Այսօր ԱԺ-ում լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց.
«ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ եւ կարող ենք արձանագրել, որ ամենեւին ուղղակի բառեր չէր, որ մենք պայքարելու ենք քրեական ենթամշակույթի դեմ: Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ ՔԿՀ-ի տեղեկատվությանը, այլ՝ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, թե խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ, դա սխալ մոտեցում է, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է:
Դուք վերջին հարուցված քրեական գործերին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության ներդրումը այդ գործերում տեսել եք, հաղորդագրությանը ծանոթ եք: Բնականաբար, որոշ դեպքերում այդ քրեական գործերի կամ քրեական գործերից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող է որոշակի դիմադրության արժանանալ ու այդ դիմադրությանը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսել ես կարծում եմ, ավելորդ է: Կլինի ազնիվ, որ մենք ամեն ինչ իր անունով կոչենք: Խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում կապված են եղել քրեական ենթամշակույթի, դրա ազդեցության հետ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա: Հիմա մենք զբաղվում ենք հետեւանքի, ավելի ճիշտ՝ հետեւանքը ծնող պատճառի վերացմամբ»:
Բադասյանը հայտարարեց, որ քրեական ենթամշակույթի օրենքի քննարկման ժամանակ հնչած տեսակետները, թե սա Հայաստանում չի գործելու, արդեն ջախջախված են. «Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցել ենք հաջողություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ