Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու գործը» գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո. Արթուր Ղազինյան

Օգոստոս 31,2020 18:10

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկ ամսով հետաձգեց նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդման քննությունը:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը  ՀՀ իշխանության դեմ, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու հիմքով, ինչը Արթուր Ղազինյանը վիճարկել է դատարանում: Ըստ Արթուր Ղազինյանի բողոքի՝ նյութերի նախապատրաստմամբ քննիչի կողմից չեն պարզվել քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունը: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է ընդամենը մեկ անձից բացատրություն վերցնելով, որեւէ կերպով հաշվի չի առել հաղորդմանս եւ բացատրությանս մեջ ներկայացված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, եւ նյութերին մի քանի փաստաթուղթ կցելով՝ հանգել է անհիմն հետեւության, թե իբրեւ «ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ» հանցագործության կատարման վերաբերյալ։ Քննիչի այդ եզրահանգումն ու որոշմամբ արտահայտած հետեւությունները, Արթուր Ղազինյանը համարում է հիմնազուրկ, չփաստարկված, իսկ առանձին դեպքերում էլ, կարծում է, որ հակասում են իր իսկ որոշման մեջ նշված փաստական հանգամանքներին։

Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 12-ին, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը` կուսակցության անունից, հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն` նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու հիմքով: Դիմումում վիճարկվում են ՀՀ իշխանությունների, մասնավորաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները եւ գործողությունները, որոնք, համաձայն դիմումատուի, հակասում են ԱՀԿ-ի հայտարարություններին եւ որոշումներին:

Նիստին ՀՔԾ-ի քննիչը չէր ներկայացել, նաեւ, դատավորն ասաց, որ դատական նիստի մեկնարկից րոպեներ առաջ է ՀՔԾ-ն գործի նյութերն ուղարկել դատարան, ուստի դատարանը հնարավորություն չի ունեցել դրանց ծանոթանալու:

Սա Արթուր Ղազինյանը, լրագրողների հետ զրույցում, գնահատեց անհարգալից վերաբերմունք եւ դատավարական տեխնիկական հնարք՝ հնարավորություն չտալու, որպեսզի բողոքը քննվի՝ շատ լավ հասկանալով, որ ի կողմից ներկայացված հաղորդումը եղել է բացարձակ հիմնավոր: Այն փաստերը, որոնք ներկայացված են հաղորդման մեջ, ըստ Արթուր Ղազինյանի, անհերքելի եւ փաստական են, որոնց նույնիսկ 20 տոկոսի առկայության պարագայում, ցանկացած իրավական պետության մեջ, դատախազական եւ քննչական մարմինները պարտավոր են քրեական գործ հարուցել: Իր պնդմամբ՝ գործը գտնվում է քաղաքական վերահսկողության ներքո, քաղաքական հրահանգավորման տակ եւ քաղաքական իշխանության անմիջական վերահսկողության ներքո:

Արթուր Ղազինյանն ասաց նաեւ, որ ներկայացված դիմումում մոտ 30 կետով հիմնավորել են իրենց պնդումները: Իրենց բերած փաստական տվյալներում գաղտնիքներ ներառված չեն, այն ամենն է, ինչ եղել է մեր աչքի առջեւ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ երաշխիք, որ դատարանը նույնպես քաղաքական հրահանգավորման եւ քաղաքական վերահսկողության ներքո չէ: Արթուր Ղազինյանն ասաց, որ դատարաններն այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են հեռու մնալ քաղաքական իշխանության հրահանգներից եւ գործել ինքնուրույն, ուստի կանխավարկած չունի, որ դատարանը նույնպես քաղաքական հրահանգավորման տակ կարող է գտնվել:

Դիտարկմանը, որ իշխանությունները չեն կարծում, թե տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը եւ հակադարձում են, որ պատկերը բոլոր երկրներում նույնն է, այլ երկրներն էլ են տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը: Արթուր Ղազինյանի պնդմամբ, իշխանավորները միշտ բերում են այնպիսի օրինակներ, որոնք բխում են իրենց շահերից, բայց կան օրինակներ, որոնք իշխանության ներկայացուցիչները չեն բերում, դրանք նվազ կորուստներ կրած երկրների օրինակներն են, քանի որ իրենց շահերից չի բխում: Բանախոսի կարծիքով, երկու փակ սահմաններով, նվազ զբոսաշրջային հոսքով երկիրն առավել շահեկան պետք է դուրս գար այս ամենից: Նա հիշեցնում է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանը, երբ ի հեճուկս ընդդիմադիրների քննադատությունների, իշխանավորները միտումնավոր, բոլորիս աչքի առջեւ ծաղրում էին վիրուսը, նվազեցնում դրա վտանգավորությունը, համեմատում էին սովորական սեզոնային գրիպի հետ, մինչդեռ ԱՀԿ-ն պնդում էր, որ սա սովորական գրիպ չէ:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31