Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է սպասում երեխաներին, եթե դիմակով նստեն դասի ու դասամիջոց էլ չանեն

Օգոստոս 31,2020 17:33

«Թյուր կարծիք է, որ դիմակ կրելիս թթվածնային քաղց է առաջանում, դիմակի ներսում՝ ճիշտ է թթվածնի տոկոսը նվազում է, բայց նվազում է նորմայի սահմաններում, այսինքն՝ դա այն քանակը չէ, որ կարող է առաջացնել թթվածնային քաղց»,-այսպիսի կարծիք հայտնեց բժիշկ-թերապեւտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ Լամարա Մանուկյանը:

Բժշկուհու խոսքով՝ դիմակի կողքերից անընդհատ օդի փոխանակումը տեղի է ունենում, բայց հարցը երկարատեւ կրելու մասին է, երբ երեխաները ստիպված են լինելու 3-6 ժամ դիմակն առանց հանելու կրել: Լամարա Մանուկյանը դեմ է ԿԳՄՍ նախարարության այդ որոշմանը, քանի որ համոզված է՝ դիմակ կրելու պատճառով կնվազի ուսման արդյունավետությունը, վարակի տարածումն էլ չի կանխվի:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում նա թվարկեց բոլոր այդ խնդիրները. «Շատ խիստ ու շատ լավ կազմակերպված է կորոնավիրուսի պայմաններում դպրոցներում վերահսկումը, բայց կան մի շարք հանգամանքներ, որոնց հետ համաձայն չեմ: Ճիշտ չէ՝ դասաժամին կրեն դիմակներ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: Երբ փողոցում դիմակ ենք կրում, մի պահ իջեցնում՝ հանում ենք, իսկ երեխաները տեւական պիտի կրեն այդ դիմակը: Եւ այդ տեւական կրելը կարող է բերել նաեւ հոգեբանական խնդիրների. երեխայի ընկալունակությունն ու թեմայի ըմբռնումը կնվազի»:

Տիկին Մանուկյանը խիստ կասկածներ ունի, որ պատշաճ կպահպանեն դիմակ դնելու կանոնները. «Պիտի հանեն՝ դնեն սեղանին, ընկնի գետնին, այսինքն՝ այդպես կրելը բացարձակ անիմաստ է: Ո՞վ պետք է վերահսկի, որ 3-4 ժամը մեկ դիմակը փոխվի կամ՝ կեղտոտվեց՝ փոխվի: Ուսուցիչը պետք է թողնի իր դաս վարելու գործը եւ անցնի վերահսկման մեխանիզմները կարգավորի: Այսինքն՝ դասի կարեւոր ըմբռնումը չկա: Մենք համարյա ունենում ենք հեռահար դասապրոցես: Ի՞նչ տարբերություն՝ նստա՞ծ է երեխան եւ դասն ընկալում է այնքան՝ ինչքան հեռահարի ժամանակ, թե՞ երեխան անմիջապես դպրոցում է»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» հիմնադիր, կրթության փորձագետ Արմինե Դավթյանը կարծում է, որ առնվազն կես ժամը մեկ պետք է փոխվեն երեխաների դիմակները, որպեսզի այդ հիգիենիկ պայմաններն ապահովված լինեն. «Դա ծախսատար աշխատանք է եւ ոչ մի դպրոցում՝ ո՛չ ծնողները, ո՛չ դպրոցն ի զորու չեն ապահովելու: Օրգանիզմի ստացած թթվածնի 20 տոկոսը սպառում է գլխուղեղը, որը հատկապես՝ մտավոր աշխատանք է իրականացնում: Եթե երեխայի ուղեղը նորմալ չի սնուցվում, երեխան չի կարող կենտրոնացնել իր սենսորային համակարգը, որպեսզի ընկալի ուսուցչին, լսի նյութը, եւ կստացվի, որ իջեցնում ենք ուսուցման արդյունավետությունը շատ ցածր մակարդակի»:

Փորձագետի համոզմամբ, խնդիրներ կունենան նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, որոնք այսպիսի դասապրոցեսում կտուժեն:

Երկու մասնագետներն էլ մտավախություն հայտնեցին, որ դասամիջոցին դուրս չգալով ու չշարժվելով, երեխաների իմունիտետը կընկնի եւ ավելի ընկալունակ կդառնան վարակի եւ այլ հիվանդությունների նկատմամբ: «Դասամիջոցները նաեւ նրա համար են, որպեսզի կատարվի թթվածնի փոխանակում: Պետք է թույլ տալ՝ դասամիջոցին երեխաները դուրս գան, դա անհրաժեշտություն է թոքերի աշխատանքը բարելավելու համար, երբ երեխան վազում է, քայլում է՝ ուղեղը պայծառանում է, դասն էլ լավ կընկալի»:

Լամարա Մանուկյանի խոսքով՝ դիմակի փոխարեն ավելի ճիշտ կլիներ պատշաճ կազմակերպվեր ախտահանման ընթացքը, դասարաններում օդը մանրէազերծվեր, պահպանվեր սոցիալական հեռավորությունը, եւ թեստավորվեին ոչ միայն ուսուցիչները, այլեւ՝ երեխաները. «Դիմակը պարտադիր է, քանի որ կան որոշ մտավախություններ վարակը տարածելու, բայց դա անխուսափելի է, որովհետեւ բոլոր այն երեխաները, որոնք եկել են հանգստավայրերից, խաղացել են բակում, այսինքն՝ շփումը շատ մեծ է եղել, եւ ճիշտը բոլորին թեստավորելն է: Դրանով գոնե կիմանանք վարակը փոխանցող երեխաների քանակը եւ կնվազեցնենք ռիսկերը»:

Ըստ նրա՝ համաճարակը հաղթահարելու կարեւորագույն խնդիրը համատարած թեստավորումն է եւ այն երկրները, որոնք այդպես են վարվել՝ ամռանն արդեն հաղթահարել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31