Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան․ Պետք է հիմնական որոշում լինի, որ դեղորայքը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրվի անվճար

Օգոստոս 31,2020 16:22

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ հանդիպումները։ Այս անգամ նա հանդիպել է կուսակցության Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ։

Նա անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարին․ «Մեկուսացած մարդկանց, կորոնավիրուսով հիվանդին դեղորայք չեն տալիս, բժիշկ չեն տալիս։ Այսօր բոլորս գիտենք, որ բուժվելու համար ամենացածրագույնը 250-300 հազար դրամ է մեկ բուժումը՝ ամենացածր գներով։ Բայց մարդը, եթե չի աշխատում, 5 ամիս արտակարգ իրավիճակ է, մարդը՝ տանը նստած, ու մեր հարգելի իշխանությունն էլ հինգ ամիս նստած է, մի ամիս տվել է 68 հազար։ 68 հազարով մարդը մի ամիս իր գոյատևությունը կպահի առանց կոմունալների, բայց 5 ամսվա տեղը 1 ամիս է ստացել կամ հիվանդ մարդիկ, որոնք մեկուսացնում են, դեղորայքը ո՞վ է տալու։ Մարդը չի աշխատում, որտեղի՞ց։ Պետք է հիմնական որոշում լինի, որ դեղորայքը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրվի անվճար, որ մարդը գոնե կարողանա բուժում ստանալ»։

Բացի այդ Գագիկ Ծառուկյանը առաջարկեց անապահով ընտանիքներին անվճար բուժում ստանալու համար սերտիֆիկատ տալ․ «Մարդկանց պետք է կա՛մ տրամադրել այդ գումարները, կա՛մ ընդհանուր պետք է լինի քաղաքում, մարզերում մեկ հիվանդանոց, այդ պետպատվերի գումարը դնեն հիվանդանոցի վրա, որ բոլորը անվճար է։ Թո՛ղ լինեն ճոխ հիվանդանոցներ, VIP-եր, թո՛ղ մեծահարուստները տանեն վճարեն մեկին տաս, բայց միջին խավի համար … Մարզերում էլ պետք է լինի մեկ հիվանդանոց, եթե հարցը այդպես չեն լուծում, մյուսն էլ պետք է լինի անվճար։ Պետպատվերի գումարը քանի միլիոն է կազմում, տանեն դնեն այնտեղ, մարդիկ էլ կարողանան գնալ և՛ բուժվել, և՛ վիրահատվել, և՛ իրենց բուժումները ստանալ։ Պետությունը պետք է սուբսիդավորի, պետությունը պարտավոր է այդ խնդիրը լուծել, որ այդ խնդիրը վերանա։ Կա՛մ պետք է անվճար հիվանդանոցներ լինեն, կա՛մ այդ գումարը պետք է հանձնեն ժողովրդին»։

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ ԲՀԿ պատգամավորները գյուղատնտեսական վարկերի հարցը կբարձրաձայնեն խորհրդարանում․ «Ժողովուրդը դրա տակ գերի է ընկել, չի կարողանում դրա տակից դուրս գալ, չի կարողանում իր ընտանիքը պահել, չի էլ կարողանում նորից վարկ վերցնել։ Կորցնում է և՛ հողը, և՛ տունը, որ պետք է դրանք ներում շնորհվեն։ Սպառողական վարկերը, գյուղատնտեսական վարկերը, որ դա այնպիսի մեծ թիվ էլ չի կազմում, որ մարդուն հնարավորություն տրվի, տրամադրությունը բացվի, որ մարդը առավոտ արթնանալուց ժպիտ դեմքին լինի։ Դուք պատկերացրեք, եթե գյուղերը դատարկվում են, էլ այնտեղ մարդ չեն կարող տանել, այսօր երիտասարդները չեն մնում գյուղում, մարդիկ մնում են, գոնե մարդկանց պետք է դոտացիա տալ, սուբսիդավորել, սերմ տալ, մեխանիզացիա տալ, որ գոնե մարդը կպնի այդ հողին իր տարածքում կարողանա իր վաստակածով ձմեռը ապրի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31