«Մարտի 1»-ի զոհերի հարազատներին սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղադրվելիք՝ մարտյան իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը հեղինակել է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը, գոհացնում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց մարտյան իրադարձությունների զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Մենք տեղյակ ենք, էսքիզին ամբողջությամբ ծանոթացել ենք քաղաքապետարանում եւ մեծ հավանության արժանացրել, շատ լավն է, մենք գոհ ենք եւ շնորհակալ»,-ասաց Սարգիս Քլոյանը: Նա շեշտեց, որ փողոցի մայթի ճաղավանդակը «հետ է տարվելու»՝ հուշարձանի տեղադրման համար, եւ հենց այդ փողոցում են տեղի ունեցել 2008թ.-ի իրադարձությունները. «Կարծեմ 13-րդ, թե 14-րդ սյունն է: Տեղը շատ համապատասխան է: Հիմնական դեպքերն այդ փողոցում են եղել: Շատ ճիշտ վայր են ընտրել»:
Պարոն Քլոյանը նաեւ շեշտեց, որ իրենք համաձայն չեն քանդակի անվան հետ. «Մեզ միայն մի բան չի գոհացնում՝ «Ազդեցություն-հակազդեցությունը»-ը: Չգիտեմ՝ ո՞վ է նման բան գրել, իբրեւ թե՝ մենք ազդել ենք, նրանք էլ հակազդել են, որի հետեւանքով զոհեր են եղել…մենք այդ դիտողությունը ներկայացրել ենք, եւ մեզ պատասխանել են, որ կհանեն դա շրջանառությունից: Վարչապետն անգամ դրանից տեղյակ է, ես եմ անձամբ ասել, նա էլ ասել է, որ խնդիր չկա: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին եւս ասել ենք, նա ասաց, որ կհանեն: Եթե հանեն, մենք խնդիր չենք տեսնում»:
Մեր նկատառմանն ի պատասխան, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն օրերս «ֆեյսբուքյան» էջում հենց «Ազդեցություն-հակազդեցություն» անվամբ է հրապարակել հուշարձանի էսքիզը, Սարգիս Քլոյանը նշեց. «Դա ընդամենը «ֆեյսբուքում» է գրված: Մենք Տիգրան Վիրաբյանին եւ վարչապետին տեղեկացրել ենք, ո՞նց կարող էին նույնը թողնել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ