Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Գրիգորյանը` ԿԳՄՍ նախարարին. «Ինչպե՞ս է Աշոտյանի շտեմարանով շարժվում, եթե կեղծիքի մասին է խոսում»

Օգոստոս 31,2020 15:08

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Մեդիամաքսի» «Կարմիր թել» շարքի հարցազրույցում ասել էր, որ այս կառավարությունն ամենաազգայինն է, եւ անընդունելի է, որ ազգային են կոչում կրթության էլիտարացումը: Նաեւ նշել էր, թե ովքեր քննադատում են կրթության ոլորտում արված փոփոխությունները՝ «միտում ունեն ամրագրելու այն արժեքները, որոնք եղել են վերջին 30 տարիներին, որովհետեւ իրենց ինքնությունը հենված է հենց այդ արժեքների վրա` կեղծիք, համընդհանուր սուտ… Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ հասարակության միջից այդ որակները դուրս են գալիս, իսկ իրեն դիմադրում են…քաղաքակրթական բախում է գնում»:

Նախարարը նշել էր, որ երբ 2018-ին քննարկումներ էին գնում բարեփոխումների մասին, ինքն առիթ է ունեցել ասելու, որ ցավագին, ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու:

Մեկ այլ հարցազրույցում էլ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ տարբեր, այդ թվում՝ մասնագիտական խմբեր, իրենից դժգոհում են կոնկրետ պատճառներով. «Կամ հանրակրթական եւ առարկայական չափորոշիչներից գաղափար չունեն, կամ ակնհայտ կեղծում են»:

Aravot.am-ը ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ պնդումների վերաբերյալ:

«30 տարվա ստի, կեղծիքի մասին ասվածը տեղով կեղծիք է, որովհետեւ 30 տարվա ընթացքում եղել են մեր սովորական ավանդական դասընթացները, հայ գրականությունն ամբողջ ծավալով ընտրովի արժեքային չափանիշով է եղել, որեւէ գաղափարական կամ այլ կարգի կեղծիք չի եղել: Բոլորս էլ ուզում ենք ավելի լավը լինի, բայց կոնկրետ գրականության չափորոշիչները, որ ներկայացրել էին, 100-ապատիկ անգամ մասնագիտական որակով զիջում են մինչեւ հիմա եղածին: Մենք չենք ուզում, որ փչանա մեր դպրոցը, ծրագիրը, չափորոշիչները, դրա համար ասում ենք՝ այդ անորակ բանը մի մտցրեք դպրոց»,-ասաց պարոն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է նախարարի նշած կեղծելուն, այս մասին էլ ասաց. «Ես ի՞նչ նկատառումով պետք է կեղծեի: Նախորդ ամսվա ընթացքում էլ մի միտք էր հնչում, թե ոմանք  նախկինում դասագրքեր են կազմել: Ի դեպ, 90-ականներին, երբ երիտասարդ էի, նման առաջարկ ինձ արվել էր Հրանտ Թամրազյանի կողմից: Այն ժամանակ ես մտածեցի եւ ասացի, որ դեռ մասնագիտորեն եւ տարիքային ցենզի առումով պատրաստ չեմ ու հրաժարվեցի: Բնականաբար, եթե երիտասարդ տարիքում հրաժարվել եմ, հիմա էլ չեմ ուզում` ոչ չափորոշիչներ կազմեմ, հատկապես եթե չեն առաջարկում, ոչ էլ դասագրքեր գրեմ:

Դասագրքերի համար էլ վերջին 2 տարվա ընթացքում «Անտարես» եւ «Զանգակ» հրատարակչություններն էին առաջարկել: Մի անգամ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը կանչեց զրույցի, սկզբում համաձայնել էր, հետո ձգձգվեց, հրաժարվեցի, անցյալ տարի էլ Սոկրատ Մկրտչյանն առաջարկեց, դարձյալ հրաժարվեցի, որովհետեւ ես շատ ծանրաբեռնված եմ, բացի այդ գիտեմ, որ դա շատ պատասխանատու բան է: Այսինքն, ես գոնե անձնական շահագրգռություն չունեմ»:

Սեյրան Գրիգորյանը հիշեցրեց, որ երբ Արայիկ Հարությունյանը նոր էր նախարար նշանակվել, հայտարարել էր, որ շտեմարաններից պետք է ազատվել, քանի որ դրան անգիր անել են սովորեցնում, ասել էր, որ սեպտեմբերին դրա մասին կխոսի. «2018թ ամռանն ասել էր, որ սեպտեմբերին ասելիք կունենա, 2018-ին անցավ այդ շտեմարանով, 2019-ին անցավ, 2020-ին էլի նույն շտեմարանով… Եթե կեղծիքի մասին է խոսում, ինքն ինչպե՞ս է Արմեն Աշոտյանի շտեմարանով շարժվում… Չէ՞ որ դա Արմեն Աշոտյանի գաղափարն էր, որ հանգստացնելու համար մտցրեց, բայց դա հայոց լեզվին ու գրականությանը վնասող, անգիր անելուն ուղղված մի բան էր»:

Ավելի վաղ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ առանց դիվանագիտության եւ քաղաքավարական սեթեւեթանքների՝ գրականություն առարկայի ծրագիրը եւ չափորոշիչներն ապուշություն է որակում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31