Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Նավասարդյան. «Շատերի շնորհիվ իմ կյանքը գունավորվեց» (տեսանյութ)

Օգոստոս 31,2020 15:00

Գոհար Նավասարդյանը մեզ երբեւէ հանդիպած ամենաակտիվ մարդկանցից է՝ գեղեցկության մրցույթներ, սպորտ, հասարակական գործունեություն, անընդհատ կրթվելու եւ ինքնակատարելագործվելու անհագ ցանկություն: Գոհարն իր օրինակով փաստում է, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ` լինելու այնպիսին, ինչպիսին ցանկանում ես: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում Գոհար Նավասարդյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացրել իր կյանքից ու նաեւ պատմել իր հաջողության պատմությունը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանկությանը` Գոհարը հիշում է մի զվարճալի պատմություն՝ ինքը, քույրը եւ մորաքրոջ տղան նույն մանկապարտեզն էին գնում. «Մանկապարտեզ գնալը մի քիչ ուռճացված է ասված, որովհետեւ մենք տնից գնում էին մի ճանապարհով, մինչեւ տնեցիները տուն կհասնեին, վերադառնում էինք տուն մեկ այլ ճանապարհով, հետո այդպես մինչեւ ժամը 6-ը գնում-գալիս էինք: Շատ լավ եմ հիշում՝ հորեղբայրս զանգում էր մանկապարտեզ, հարցնում էր՝ ինչպե՞ս են երեխաները, այնտեղից պատասխանում էին՝ լավ են, խաղում են: Ու հիմա երբ մեկն ասում է, որ մանկապարտեզից կամ դպրոցից կփախչի, ես ասում եմ՝ դա ռեալ է, մի մտածեք, որ երեխա են, չեն կարող այդ կոմբինացիան այնպես իրականացնել, որ ոչ ոք չզգա»:

Գոհար Նավասարդյանն ասում է, որ իր կյանքում բոլոր մարդիկ շրջադարձային փուլերով են հայտնվել, հատկապես նրանք, որոնք իր լավ ընկերներն են ու իր կյանքի անբաժանելի մասը. «Հրաշալի է, երբ հանդիպում ես մի մարդու, ում ամբողջ կյանքում փնտրել ես, այնպիսի մարդու, որ կես խոսքից կհասկանա, ով գնահատում է ընկերությունը… երջանկություն է նման մարդկանց գտնելը, որոնք փոխում են քո կյանքը, պատկերացումները….Դու վստահ ես լինում, որ անգամ ամենահիմար արտահայտությունն անելիս, իրենք քեզ ճիշտ կհասկանան…Նման մարդկանց շնորհիվ ես ինձ երջանիկ եմ համարում, հիմա անուններ չեմ տա, բայց կասեմ, որ շատերի շնորհիվ իմ կյանքը գունավորվեց ու լուսավորվեց»:

Մեր զրուցակիցն ասում է, որ երջանկությունը գեղեցիկ զգացողությունների գագաթնակետն է. «Երջանիկ ես, երբ ունես լավ ընկերներ, լավ ընտանիք, կյանքի գույները կարող ես տեսնել այնպիսին, ինչպիսին դու ես պատկերացնում, երջանկություն է ամեն պահը վայելելը, երբ կարող ես ծառի հովին նստել, հաճելի մարդկանց հետ շփվել, պարզ բանից ուրախանալ… Սրանք երջանկության մանր մասնիկներն են, որոնց հանրագումարում գոյանում է մեծ երջանկությունը… Երջանիկ են դարձնում մեզ շրջապատող մարդիկ, հենց լավ հուշերի շնորհիվ սկսում ենք ժպտալ, ուրեմն այդ պահին իրապես երջանիկ ենք»:

Հարցրինք՝ Գոհարն իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Ես ինձ հաջողակ եմ համարում, միեւնույն ժամանակ կարծում եմ, որ հաջողությունն ու աշխատասիրությունը իմ մշտական փոխկապակցված ուղեկիցներն են, առանց այդ երկուսի հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ հաջողակ եմ, որովհետեւ երբ ինչ-որ նպատակ եմ դնում իմ առաջ, թեեւ հաջողությունն ի վերուստ ինձ օգնում է, միեւնույն ժամանակ մտածում եմ, որ եթե աշխատեմ այնքան, որքան պետք է, իմ նպատակին կհասնեմ եւ իրավունք կստանամ ինձ հաջողակ համարել»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Գոհար Նավասարդյանի մասնակցած մի շարք մրցույթներին: Հիշեց, որ առաջին անգամ 2000-ականների սկզբներին է «Ունիսոն» հկ-ի կազմակերպած «Միսս Հայք» գեղեցկության մրցույթին է մասնակցել. «Դա առաջին փորձն էր, նման զգացողություն երբեւէ չեմ ունեցել՝ հուզմունք, պատասխանատվության զգացում, հատկապես որ բեմում ես լինում, մտածում ես՝ արդյոք պատրա՞ստ էիր նման պատասխանատվություն ստանձնելու, բայց ես ուրախ եմ, որ կարողացա առաջին բարդ փուլը հաղթահարել: Դրանից հետո եւս մեկ անգամ մասնակցել եմ «Ունիսոնի» կազմակերպած մրցույթին…Շատ հետաքրքիր էր այն առումով, որ այդ պահին ես իրոք վայելում էի…

Անցյալ տարի էլ մասնակցել եմ Չելյաբինսկում կայացած «Ծնվել եմ հաղթելու համար» հաջողակ կանանց գեղեցկության մրցույթին: Ինձ համար դա լրիվ այլ էր, որովհետև ձեւաչափն էլ էր տարբեր էր: Մրցույթը միջազգային էր, 10-12 երկրներից մասնակիցներ ուներ, ու ամեն մեկը կայացած, իր հաջողության պատմությամբ եկել էր»:

Մեր զրուցակիցը «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթին հաղթել էր «Սպորտի թագուհի» անվանակարգում, մրցույթի եզրափակիչ փուլում էլ ներկայացել է «Ուզունդարա» պարով: Գոհարն ասում է, որ ուրախ է այդ մրցույթին մասնակցելու համար, քանի որ ձեռք է բերել լավ ընկերներ, որոնք շատ արագ դարձել են իր կյանքի մի մասնիկը. «Ագաթ» հատուկ կարիքներով կենտրոնից առաջարկ ստացա եւ ՄԻՊ գրասենյակից, քանի որ մրցույթը տարբեր երկրների ՄԻՊ գրասենյակների հետ համատեղ էր կազմակերպվել: Շատ կարճ ժամանակ ունեինք, երբ պետք էր պար բեմադրել, տեսանյութ նկարահանել իմ մասին, գտնել տարազ, զարդեր եւ այլն: «Տարազ արտ» կենտրոնն ինձ շատ գեղեցիկ տարազ նվիրեց, որով ես փայլեցի, բոլորը հարցնում էին, թե որտեղից եմ ձեռք բերել, բոլորին հետաքրքրում էր դա` անկախ իրենց կրոնական եւ ազգային պատկանելությունից: «Պռեգոմեշն» էլ սիրով զարդերը տրամադրեց: Հպարտ եմ, որ հայ համայնքի ներկայացուցիչները իմ կողքին էին՝ ինչպես իմ ընտանիքը; Առաջին անգամ ես զգացի, թե ինչ ասել է՝ հայկական սփյուռք: Իսկ տեղի հայ համայնքի «Նռենի» պարի համույթն էլ միացավ ինձ, որ իմ «Ուզունդարան» ավելի գեղեցիկ ու հագեցած լինի»:

Գոհար Նավասարդյանն ասաց, որ այս պահին Միշել Օբամայի «Իմ պատմությունը գիրքն է կարդում, ընդհանրություններ է գտնել տիկին Օբամայի եւ իր պատմությունների միջեւ. «Միշել Օբաման նկարագրում է, թե ինչ խնդիրներ ուներ հասարակության մեջ ինտեգրվելու առումով: Եթե քո նպատակն է՝ ինտեգրվել հասարակության մեջ, գտնել այնտեղ քո տեղը, դու անկախ ամեն ինչից պայքարում ես, մեր պայքարն այս առումով նմանություններ ունի: Շատ հետաքրքիր եւ շատ ուսուցողական է այդ գիրքն ինձ համար»: Նաեւ հավելեց, որ իր համար խիզախ կնոջ էտալոն է Մարգարետ Թետչերը. «Այն, ինչ ինքը կարողացավ անել, շատ քիչ մարդիկ կարող են, եթե չասեմ՝ յուրահատուկները: Երբ մագիստրատուրայում քաղաքագիտություն էի սովորում, որոշել էի, որ դիպլոմային աշխատանքը պետք է նրա մասին գրեմ, հետո մտափոխվեցի, բավարարվեցի կուրսայինով»:

Գոհար Նավասարդյանից պարզեցինք, որ իր առաջիկա ծրագրերը կապված են ֆուտբոլի հետ. 2018-ին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի «ֆուտբոլը բոլորի համար» հաշմանդամություն ունեցող անձանց լիդերության ծրագրին, ինչը լրիվ փոխել է իր կյանքը. «Հիմա ունենք հաշմանդամություն ունեցող երկրպագուների ակումբ՝ համագործակցելով ֆուտբոլի ֆեդերացիայի ՈՒԵՖԱԻ CAFÉ (The Centre for Access to Football in Europe) բաժնի հետ փորձում ենք Հայաստանում բոլոր մարզադաշտերը հարմարեցնել հաշմանդամությունն ունեցող երկրպագուների համար, որպեսզի բոլորը կարողանան ազատ մուտք գործել մարզադաշտ եւ վայելել ֆուտբոլը: Հատկապես, որ ֆուտբոլում բոլորը հավասար են, եւ ֆուտբոլը գործիք է բոլորին ինտեգրելու հասարակությանը: Մի քանի օր առաջ Աբովյան գնացի ու ուրախությամբ պարզեցի, որ տեղի մարզադաշտը շատ հարմարեցված է»:

Գոհար Նավասարդյանը մի «փակագիծ» էլ բացեց` առաջիկայում պատրաստվում է գիրք գրել եւ արդեն հրատարակչություններից մեկի հետ պայմանավորվածություն ունի:

Գոհարը սիրում է նաեւ ճամփորդել: Մի դրվագ hիշեց, երբ մենակ ԱՄՆ-ից վերադառնում էր, ու արթնացել, տեսել էր, թե ինչպես է կողքին նստած ազգությամբ ռուս տղամարդն իրենց խնամքով ծածկել, իսկ կողքի նստած կնոջն ուղարկել հետեւի նստատեղերից մեկին տեղավորվելու, որպեսզի իրեն չխանգարեն: Ասում է` մեծ մասամբ մարդիկ բարի են ու հոգատար, եւ դա էլ փրկում է մոլորակը:

Մի դրվագ էլ Պորտուգալիայից հիշեց. «Չէի կարողանում բացատրել, թե որտեղ է Հայաստանը, փորձեցի Մխիթարյանով հիշեցել, չստացվեց: Հետո պարզվեց, որ իրենք մեր շատ սիրելի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանին գիտեն, ինչն ինձ համար մեծ ուրախություն էր: Բոլորը Մխիթարյանին ճանաչում են, եւ դա վաղուց զարմանալի չէ, բայց որ Գեւորգով Հայաստանը կճանաչեին, դա ինձ համար հայտնություն էր: Գեւորգին այդ մասին ասացի եւ այնքան ոգեւորված էի, որ նույնիսկ այդ մասին Ֆեյսբուքում գրառում կատարեցի: Ուզում էի, որ բոլորը կիսեին իմ այդ ուրախությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի եւ Գոհար Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31