Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն օրերս «ֆեյսբուքյան» էջում հրապարակել էր տեղեկություն, որ ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված մանկական այգում։ «Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից՝ մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»,-հայտնել էր Գրիգոր Երիցյանը, նաեւ նշել, որ Երևանի ավագանին չի ընտրել այս աշխատանքը, այլ հաստատել է վայրը, որտեղ հուշարձանը կտեղադրվի. «Այս գործն ընտրվել է միաձայն՝ բաց մրցույթի արդյունքում, որի հանձնաժողովը բաղկացած էր հանրությանը հայտնի քանդակագործներից: Հուշարձանը պատրաստման փուլում է և իմ տեղադրածը դրա թվային տարբերակն է. կարող են լինել գունային շեղումներ»:
Քաղաքացիները հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում մեծամասամբ դժգոհություն են հայտնել, քննադատել աշխատանքը՝ գտնելով, որ իմաստն ու ասելիքն առհասարակ հասկանալի չեն, այն համեմատել են «կոտրած սնիկերսի», «քերիչով անցկացրած շոկոլադի», «չստացված գերեզմանաքարի» հետ, շեշտել, Երեւանում հերթական մահարձանն է հայտնվելու:
Aravot.am-ը մրցույթի մասին զրուցեց հանձնաժողովի անդամ, ճարտարապետ, երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանի հետ: Նա նախ տեղեկացրեց՝ երբ Երեւանի քաղաքապետարանն առաջադրանքը կազմեց, դրանում նշվեց (չգիտի՝ ինչու, եւ ով է կազմել առաջադրանքը), որ հուշարձանի հեղինակը պետք է խուսափի դիմաքանդակներից, որպեսզի կոնկրետ զոհվածների դեմքերը չլինեն, որ հուշարձանը պետք է լինի ոչ ֆիգուրատիվ, այսինքն՝ աբստրակտ: Այս խնդիրը դրվել էր մրցույթին մասնակցած քանդակագործների առաջ: Մրցույթն անցել էր երկու փուլով: Առաջինում ներկայացված աշխատանքները բավականին թույլ էին, եւ որեւէ մեկը չընտրվեց: Անձամբ ես ուշադրություն դարձրի այն բանի վրա, որ մասնակիցներին առաջադրված էին կոնկրետ նյութեր, օրինակ՝ բրոնզ: Առաջարկեցի, որպեսզի նյութի սահմանափակումները հանվեին, որպեսզի քանդակագործներն ազատ ընտրեն այն նյութը, որը ցանկանում են: Ոչ ֆիգուրատիվ հուշարձանի գաղափարն էլ առաջարկեցի հանել, բայց երկրորդ փուլում բերվեցին տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ ընտրված աշխատանքը»,-պատմեց Լիլիթ Պիպոյանը:
Նրա խոսքով. «Կար նաեւ մեկ այլ աշխատանք, որը փոքր-ինչ ավելի ֆիգուրատիվ էր, այսինքն՝ մարդկանց նշմարվող կերպարներ կային, բայց ոչ կոնկրետ նմանություն: Ես գտնում էի, որ դա էր ավելի հարմար աշխատանք, որովհետեւ ավելի խոսուն կլիներ այն ճաղավանդակի հետ, որի արանքում պետք է տեղադրվի: Սակայն երկու ձայնի տարբերությամբ շահեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի առաջարկը, որը եւս հետաքրքիր եմ համարում, թեեւ մյուս տարբերակին էի ձայնս տվել»:
Կարդացեք նաև
Թե որն է Ալբերտ Վարդանյանի քանդակի գաղափարը, տիկին Պիպոյանը նախ շեշտեց. «Աշխատանքը հետաքրքիր լուծում է՝ այն առաջադրանքի շրջանակում, որ քանդակը չպետք է լինի ֆիգուրատիվ գործ: Ես այն կանվանեի ոչ այնքան «Մարտի 1»-ի զոհերին, որքան՝ պայքարին նվիրված հուշարձան, որովհետեւ ձախ կողմում զենքերի նմանվող հատված կա, իսկ աջ կողմում՝ նշմարվող մարդկային ֆիգուրներ: Մենք խորհուրդ տվեցինք դրանք ավելի նշմարելի դարձնել: Դրանք բազմությամբ գալիս եւ բախվում են զենքերին, եւ գաղափարը հենց սա է: Էսքիզը, որը համացանցում շրջանառվում է, սխալ գույն ունի: Հուշարձանն այդքան դեղին չի լինելու, որ «Սնիկերս» կամ կոնֆետ հիշեցնի: Այն մետաղների մեջ է լինելու՝ ավելի խիստ, զուսպ եւ իր աբստրակտ լուծմամբ: Այն, իմ կարծիքով, հետաքրքիր հուշարձան է լինելու Երեւանի համար՝ նրանով, որ ունի աբստրակտ լուծում եւ կրում է գաղափարը»:
Մեր զրուցակցի բնորոշմամբ. «Որպեսզի քաղաքի բնակիչները կարողանան ընդունել այն, պետք է փոքր-ինչ կարողանան թափանցել աբստրակտ արվեստի մեջ: Ոչ ֆիգուրատիվ արվեստը հասկանալը որոշակի պատրաստվածություն է պահանջում, եւ թող մարդիկ չնեղանան ինձանից: Կարծում եմ՝ հետաքրքիր հուշարձան է: Այլ է հարցը, թե ինչու հենց այդ վայրում է տեղադրվելու եւ խաթարելու ճաղավանդակը: Այո, ես էլ եմ կարծում, որ ճաղավանդակը պետք էր այդպես թողնել, բայց քանի որ մարտյան իրադարձությունները տեղի են ունեցել այդ վայրում, գաղափարական իմաստով ընտրվել է այդ հատվածը: Նաեւ այլ հարց է այն հանգամանքը, որը շրջանառվում է համացանցում, թե Երեւանը ծանրաբեռնված է քանդակներով եւ հուշարձաններով: Այստեղ ես կասեի, որ քաղաքն առհասարակ ծանրաբեռնված է, բայց առաջնահերթ ես կհեռացնեի տասնապատկվող, հարյուրապատկվող, կրկնվող գովազդային վահանակները: Մի բանը 60 անգամ աչքիդ առաջ պտտվում է: Այ դա է նյարդայնացնում եւ բարկացնում: Գտնում եմ, որ Երեւանում տեսողական աղմուկ կա, բայց դա այլ հարց է: Դառնալով հուշարձանին՝ կարծում եմ, որ այն լավն է, դրա համար ընտրված է իրադարձությունների վայրը: Իմ կարծիքով՝ տեղադրվելուց հետո հանրությունը կընդունի այդ հուշարձանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ