Կիրակի Մինսկում տեղի է ունեցել բողոքի հերթական ցույցը, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր երթին: Ուշագրավ է, որ բողոքի ցույցը տեղի է ունեցել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան օրը:
Ցույցի մասնակիցներն անցել են Անկախության պողոտայով, հասել են Անկախության պալատին, որի մուտքը փակ է եղել ուժայինների կողմից: Մասնակիցներից շատերը ցույցին եկել էին «նվերներով», նրանք բերել էին փուչիկներ, պաստառներ, «դագաղ բռնապետության համար», ոմանք էլ վառել են մոմեր և բղավել «Սաշա, փչի՛ր, մենք երազանք ենք պահել», «Սաշա, դո՛ւրս արի, որ շնորհավորենք»:
Լուկաշենկոն այդպես էլ ցուցարարների մոտ դուրս չի եկել, փոխարենը նրանց հետ զրուցել է նրա օգնականը՝ Նիկոլայ Լատիշենոկը, որը հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում բանակցել ընդդիմության հետ, ցույցերն ապօրինի են, իսկ նախագահական ընտրություններն անցել են արդար:
Նշենք նաև, որ Լուկաշենկոյին կրկին լուսանկարել են Մինսկում ինքնաձիգով շրջելիս: Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարն ի պատասխան Ռիա Նովոստի գործակալության հարցի՝ որտեղ է գտնվում նախագահը, պատասխանել է լուսանկարով, որում Լուկաշենկոն պատկերված է ինքնաձիգով Անկախության պալատի դիմաց:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ