Ռուսաստանից Հայաստան են մատակարարվում ռազմական բեռներ, ինչը լրջորեն անհանգստացնում է ադրբեջանական պետությանը, հասարակությանը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստան զենքի մատակարարումները հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությունից հետո, իսկ ռուսական Իլ-76 ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Հայաստան հուլիսի 17-ից հետո:
«Ռուսական կողմի պարզաբանումները մեզ ամբողջության չեն գոհացրել: Ադրբեջանը սպասում է պարզաբանումների, թե ինչ հիմքով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը»,-ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն բավարարված չէ այն պատասխանով, որ ինքնաթիռներով շինանյութ է տեղափոխվում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա. դրանք կարող են մատակարարվել նաև այլ ուղիներով, կարծում է Հաջիևը: Նա նաև ընդգծել է, որ Բաքուն տեղեկություններ ունի այն մասին, որ «Հայաստանի տարածքն օգտագործվում է Սիրիա զենքի մատակարարումների համար»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության էսկալացիայով, իսկ Մոսկվայի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ