Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։
Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։
Այսպես, 2019թ․-ի հոկտեմբեր ամսին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն են տեղափոխվել Մխո և Մաշա արջերը, որոնք նախկինում պահվել են Տաշիր քաղաքում գտնվող պանրի գործարանի տարածքում։ Այս երկու գորշ արջերը փրկարար կենտրոնում ևս ստացել են նոր անուններ, մասնագիտական խնամք, անհրաժեշտ ուշադրություն և նոր առօրյա՝ լեցուն առողջ սննդակարգով և ապրելակերպով։
Կենտրոնի մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, մեր մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։
Կարդացեք նաև
Տեսանյութում, օրինակ, արջերի կերակրման ընթացքից մեկ հատված է։ Բացի այն, որ կենդանիները ստանում են բնական սնունդ, մեր մասնագետների հնարամտության շնորհիվ նրանք նաև ապահովվում են զբաղվածության անհրաժեշտ միջոցներով․ ստեղծվում է այնպիսի միջավայր, որ արջն ինքնուրույն, ջանք գործադրելով «հայթայթի» իր սնունդը, ինչի ընթացքում տեղի են ունենում մի շարք կարևոր բնազդային գործընթացներ։
Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)