Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողագործ» ոստիկանը տուժող, իրական հողագործը՝ ամբաստանյալ

Օգոստոս 31,2020 13:00

Անցյալ տարվա հոկտեմբերի 11-ից կալանքի տակ գտնվող Տիգրան Բադալյանը օգոստոսի 26-ից հայտարարել է անժամկետ ջրադուլ, հացադուլ, եւ այդ վիճակով նրան ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Երեկ «Առավոտին» փաստաբան Լիանա Բալյանն ասաց, որ իր պաշտպանյալը նիհարել է քսանհինգ կիլոգրամ, քանի որ մի անգամ էլ՝ կապված իր քրեական գործի հետ, նա դիմել էր ծայրահեղ քայլի՝ հացադուլի, այն էլ այս կորոնավիրուսային համավարակի օրերին:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում Տ. Բադալյանի նկատմամբ նախկիում հարուցվել էին քրեական գործեր, որոնք հանցակազմի բացակայության հիմքով փակվել էին: Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատի ոստիկանությունը բազմիցս զանգել էր Տիգրանին, կանչել բաժին: Այս ամենը բանավոր էր, ինչին հետեւել էր նաեւ Տիգրանի ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառելը, որն ավարտվեց Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանների դեմ գործ հարուցելով:

Տիգրանի նկատմամբ հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է դատարանում:

«Ավարտման փուլում է գործի դատաքննությունը: Ես բացարկ եմ հայտնել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին եւ դատախազ Հրաչ Դավթյանին: Պատճառն այն է, որ դատական գործընթացն արդար չի գնում, եւ կասկածներ ունեմ նրանց անաչառության վերաբերյալ»,-ասաց փաստաբան Լ. Բալյանը:

Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 14-ին:

Տիգրանը մեղադրվում է տասնհինգ հազար դրամ արժողության հարեւանի սառնարանի «սեկցիաները» գողանալու համար: Ըստ Տիգրանի, նա կապ չունի հարեւանի ցանկապատից դուրս՝ փողոցում գտնված այդ գողոնի հետ, որի վրա որեւէ հետք չկա, որեւէ ապացույց, որով կհիմնավորվի,  թե մետաղի ջարդոն հիշեցնող իրը գողացվել է, իսկ գողացողն էլ ինքն է:

Նախկինում Տիգրանին մեղադրել են մի քանի գողությունների համար, սակայն իրավապահ համակարգը պարտվել էր, ըստ էության, չեն կարողացել ապացուցել, որ նա էր կատարողը, հետեւաբար, իրավապահներն իրենց «պարտությունը» չեն մարսել, եւ որոշել են հիմա էլ սառնարանի «անիվը» գլորել Տիգրանի վրա:

Գործով անցնող տուժողը ոստիկանության աշխատակից Համլետ Լալայանն է, որը, սակայն, ներկայանում է հողագործ: Ամբաստանյալը՝ 30-ամյա Տիգրանը նույնպես հողագործ է: Այս գողության համար նրան սպառնում է 4-8 տարի ազատազրկում:

Լիանա Բալյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, դատարան ներկայացնելու համար նա խնդրել էր տրամադրել, թե ՄԻՊ-ի «Թեժ գծին» քանի ահազանգ է կատարվել, ինչ բովանդակության՝ 2019թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Խոսքը  ոստիկանապետի կողմից անհարկի զանգերի, եւ Տիգրանին բանավոր Արտաշատի բաժին կանչելու, ՄԻՊ-ին ահազանգելու մասին է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31