Իր խոսքին եւ դիվանագիտական տասնյակ պայմանավորվածություններում ձեռք բերված համաձայնություններին երբեւէ տեր չկանգնած Ալիեւը հուլիսի 12-ին հերթական անգամ խախտեց խաղաղ բանակցությունների ձեւաչափը եւ ուխտադրժորեն ռազմական դիվերսիա սկսեց ոչ թե Արցախի, այլ Տավուշի տարածաշրջանի սահմանի ուղղությամբ՝ տարբեր տեսակի զինտեխնիկայով գրոհ ձեռնարկելով խաղաղ բնակավայրերի ուղությամբ:
Սրիկայությունն անգամ չափ ունի, սակայն նրա սրիկայությունը չափ ու սահման չունի, քանզի Ադրբեջանի սահմանային կրակակետերի հարեւանությամբ նա հավաքել էր այնտեղ ապրող ադրբեջանցի խաղաղ բնակչությանը, փորձելով դրանով զսպել Հայաստանի զինված ուժերի կողմից պատասխան հակահարվածը, լավ հասկանալով, որ հայը երբեք չի կրակում անզեն, խաղաղ բնակչության վրա:
Այդկերպ նա նաեւ փորձում էր կանխել հայկական ուժերի ջախջախիչ հակահարվածներն ու նաեւ հետագա առաջխաղացումը, քանզի ադրբեջանական խաղաղ բնակչությանը հավաքել եւ դարձրել էր «մեշեն», չափազանց դժվարացնելով մեր զինվորների լայնածավալ հակահարվածի իրականացման գործընթացը:
Իհարկե, նման արարածը այդտեղ բերված բնակչությանը կարող էր ասել, որ նրանց ընդամենը բերել է, որպեսզի իրենց աչքերով տեսնեն եւ իրենց կաշվի վրա զգան, թե ինչ բան է իրական պատերազմը ու այս 30 տարիների ընթացքում ադրբեջանական զինուժն ինչ դաժան թոհուբոհերով է անցել եւ իր ղեկավարությամբ ինչ արգելքներ է հաղթահարել, որպեսզի Ադրբեջանում բոլորը հասկանան, թե Ալիեւն ինչ համազգային հերոս է, որ այդքանից հետո անգամ հետ չի կանգնում Ղարաբաղն ամեն գնով ետ վերադարձնելու մտքից, թեկուզ զոհերի թիվը լինի անհամեմատ ավելի մեծ, քան մինչեւ այժմ է եղել:
Կարդացեք նաև
Այլ խոսքով, մինչեւ այժմ տված զոհերը ոչ թե իր ցանկությամբ է եղել, այլ Հայաստանի հետ նման կռիվների պատճառով, ինչը նրանք այժմ տեսնում են իրենց իսկ աչքերով: Փաստացի, նա հավաքվածներին լռելյայն հասկացնում է հետեւյալը. դե պատկերացրեք, ձեր նախագահը՝ հայր Ալիեւից հետո, միչեւ այս պահն ընկած ժամանակահատվածն ինչ խութերով է անցնում եւ էլի միտքը չի փոխում ու եթե անհրաժեշտ լինի, մինչեւ կյանքի վերջին վայրկյանը կպայքարի Ղարաբաղի ետ վերադարձի համար: Նույնիսկ ավելին, եթե պետք լինի, նաեւ իր կյանքը կզոհի հանուն այդ նպատակի: Դե վերջապես տեսեք, ով է ձեր առջեւ կանգնած, ձեր կողմից «վստահություն» ստացած, Ադրբեջանի իրական նախագահ, ձեր «խոնարհ ծառա» Հեյդար Ալիեւիչ Ալիեւը…:
Կարճ ասած, կուժ ասում եմ, կուլա լսիր…: Նա փորձում էր այդտեղ բերված խմբի միջոցով Ադրբեջանի ողջ խաղաղ բնակչության ոգին բարձրացնել, իսկ առաջին հերթին նրանց մոտ արդարացնել իր կողմից այսքան տարիների թալանած միլիարդավոր նավթադոլարները եւ թույլ տված բազմաթիվ աններելի սխալները…
Իհարկե, այս դիվերսիայի հետ կապված Արեւմուտքի եւ Եվրոպայի խորհրդավոր լռությունը հիմնականում կապված է վերջերս կառուցված գազամուղի հետ, որն ըստ պայմանավորվածության՝ պետք է հոկտեմբերից բավականին մեծ ծավալներով գազ մատակարարի Եվրոպային:
Իսկ ինչ է մտածում մեր մեծ եղբայր Ռուսաստանը, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ը: Բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը հստակորեն համոզված է, որ հուլիսի 12-ի հարձակումը նախաձեռնել է Ադրբեջանը /ամենայն հավանականությամբ, Թուրքիայի հետ խորհրդակցելուց հետո/, սակայն տեսնում ենք, որ Ռուսաստանը հստակ չի բարձրաձայնում այդ մասին /համարում է, որ դա դիվանագիտորեն սխալ է/ եւ ընդամենը պաշտոնապես հայտարարում է, որ պետք է երկկողմ դադարեցվեն ռազմական գործողությունները եւ փորձեն խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել ստեղծված իրավիճակը /որը մշտապես արել է վերջին տարիներին/:
Զարմանալի էր նաեւ, որ այս անգամ բացի ռազմական գործողությունների բուն օջախից, հայ-ադրբեջանական բախումները «սպիրալի էֆեկտով» տարածվեցին աշխարհով մեկ եւ այդ բախումներն ամենամեծ ծավալներն ստացան հենց Ռուսաստանի մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում: Հատուկ ընդգծենք, որ Ադրբեջանի եւ Արցախի /հասկանում ենք, նաեւ Հայաստանի/ նախկին բազմաթիվ ռազմական բախումների ժամանակ որեւէ երկրում նման բաներ չեն եղել /իհարկե, որոշ սոցցանցերում բարձրաձայնվում է, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հստակ ցուցումով/, հետաքրքիր է՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները չե՞ն փորձում պարզել, թե ինչու այս անգամ այդ ամենը տեղի ունեցավ եւ որոշակիորեն խաթարեց իրենց խաղաղ, բնականոն կյանքը, ինչպես նաեւ, զուտ բիզնեսի տեսանկյունից, որոշակի հարված հասցրեց իրենց ու այլ երկրների տնտեսությանը:
Երկու խոսքով անդրադառնանք նաեւ ՀԱՊԿ-ին: Այդ մարմնին առնչվող փաստաթղթերում հստակ գրված է, որ բացի բազմապիսի այլ գործառույթներից, ամենակարեւորներից մեկը, եթե ոչ ամենակարեւորն այն է, որ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ոտնձգություն կատարելու դեպքում, այդ կառույցի բոլոր երկրները պարտավոր են անմիջապես եւ միասնաբար ամեն ինչով սատարել տվյալ երկրին: Եվ շատ հետաքրքիր է, թե Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծած ռազմական հարձակումից հետո այդ մարմինը կամ անդամներից որեւէ մեկի կողմից ի պաշտպանություն Հայաստանի որեւէ կոնկրետ գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, ոչ…: Ընդամենը որոշ անդամների կողմից եղել են ոչինչ չասող, խաղաղ ճանապարհով հաշտեցման հնաոճ հայտարարություններ:
Նույնիսկ ավելին, անդամ մուսուլման որոշ երկրների կողմից արվել են Ադրբեջանին սատարող հայտարարություններ: Փաստացի, կարելի է հստակ արձանագրել, որ այդ մարմինն ընդամենը թղթի վրա նշված ավելորդ կառույց է, որն իրականում՝ գոնե այդ մասով իսպառ չի աշխատում: Հետեւաբար, մեծ հարց է առաջանում, իմաստ ունի՞ շարունակել անդամակցությունը նման փուչ, զուտ թղթային կառույցին եւ անիմաստ հույսեր փայփայել, թե՞ լքել այն:
Գոնե Հայաստանի պարագայում ստացվում է, որ անդամակցության պարագայում, նրա համար առաջանում են բազմապիսի պարտավորություններ, իսկ իրավունքներ՝ որպես այդպիսին, կարծես չեն առաջանում: Երեւի թե, այս հարցով մտածելու լուրջ բան կա…
Կարծում եմ, այս պահի դրությամբ ստեղծված վիճակն այնքան էլ պարզունակ չէ, առայժմ տիրում է հարաբերական անդորր եւ եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա նրանք միանշանակ լինելու են լայնածավալ, հետեւաբար հաջողության հասնելու մեր միակ ճանապարհը մեր կուռ միասնությունն է՝ բանակի եւ ժողովրդի մի բռունցք դառնալը, որը գեղեցիկ բառերի համադրությունից պետք է արագ վերաճի գործի: Այլ խոսքով, բանակի փայլուն գործողություններին զուգահեռ, ոչ մի հայ չպետք է անգամ իր կյանքը խնայի վերը նշված մեծ նպատակին հասնելու համար…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2020