Այսօր վաղ առավոտից Aravot.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Գյումրու ինֆեկցիոնում Covid 19-ի դեմ պայքարող հիվանդներից ու հիվանդատերերից առ այն, որ վիրուսակիրներին տեղափոխում են մայրաքաղաք։ Հրահանգվել է հենց այսօր երկու ժամվա ընթացքում կազմակերպել տեղափոխումը․ ինֆեկցիոնն այլևս չի ծառայելու կորոնավիրուսի բուժման համար։
Սա լարված իրավիճակ է ստեղծել, հիվանդներն ընդդիմանում են, նրանից մեկը նույնիսկ սպառնում է․ «Ինձ կտանեք միայն դիակիս վրայով»։
Մեզ ահազանգողների ներկայացմամբ` իրենք համաձայն չեն այս որոշմանը․ Գյումրու ինֆեկցիոնում հոգատար, լավ վերաբերմունք են ցույց տալիս հիվանդներին, բացի այդ, հարազատների հետ կապն ավելի սերտ է․ եթե հիվանդը մի բանի կարիք է ունենում, հարազատները կարողանում են փոխանցել, իսկ տեղափոխման դեպքում ինչպե՞ս են հասնելու Երևան, ո՞ւմ հաշվին։
«Եթե շտապօգնությունն էլ գա, մենք չենք գնա Երևան, կգնանք տուն ու չենք գնա Երևան», նույնիսկ նման բողոքով ահազանգեր ենք ստանում։
Կարդացեք նաև
Այս պահին ինֆեկցիոնում բուժվում են 55 հիվանդներ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը մեզ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարի հրամանով Գյումրու ինֆեկցիոնը վերապրոֆիլավորվում է, իսկ հիվանդներին տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ պարզաբանեց, որ բոլոր մարզային կառույցները, որոնք վերապրոֆիլավորված էին կորոնավիրուս բուժելու, նախարարի հրամանով սեպտեմբերի 1-ից փակվում են, կբուժվեն մայրաքաղաքի կորոնավիրուսային կենտրոններում։ Այժմ քննարկվում են կազմակերպչական հարցերը, նրանց շտապօգնությամբ կտեղափոխեն մայրաքաղաք։
«Մեր ինֆեկցիոնը կանցնի իր բնականոն աշխատանքին, նաև իրականացնելու է տրիաժի ֆունկցիա, այսինքն՝ կասկածելի հիվանդների ընդունում, նմուշառում, հայտնաբերում»,- ասաց Լեյլի Ասլանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ