Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեւոսյանի «Գոմեշը»՝ թատրոնի արտահայտչամիջոցներով

Օգոստոս 31,2020 12:00

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը (տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան), որն անցկացվեց օգոստոսի 1-10-ը՝ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, մեկնարկեց եւ ավարտվեց վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի  «Գոմեշը» ներկայացմամբ՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի։

Այս տարի լրանում է մեծանուն գրողի, արձակագրի 85-ամյակը։ Կայացած փառատոնն էլ նվիրված էր հոբելյանին։ Մեծանուն գրողի կինոսցենարներն ու պիեսները, այդ թվում՝ «Մենք ենք մեր սարերը», «Աղքատի պատիվը», «Աշնան արեւ», «Կայարան» եւ այլն, վաղուց դարձել են սիրված ու սպասված։ «Գոմեշը» ցուցադրվեց Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքում, բնականաբար՝ սահմանափակ թվով հանդիսատեսի համար։

«Առավոտը» մասնագետի խոսք լսելու ակնկալիքով դիմեց  թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանին։ Ներկայացնում ենք նրա խոսքն առանց միջամտության։

«Համավարակը թելադրեց իր օրենքները, եւ բացօթյա ներկայացումը լավագույն կերպը դարձավ հանդիսատեսին մասնակիցն ու ապրումակիցը դարձնելու բնության չորս տարերքների համանվագի՝ բնության իրական պատառիկում՝ ծվարած Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահի ներքին բակում, որտեղ «խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ եւ բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ», որտեղ «հողից սնկահոտ էր գալիս», որտեղ «ճանապարհի տակ տունն էր, տան ու գոմի արանքում՝ մեծ բակը»: Շնորհիվ բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո Հովհաննիսյանի՝ մաթեւոսյանական բնապատկերը շունչ էր առել՝ մինիմալիստական, ճաշակավոր, ռեալիստորեն՝ «բեմական պայմանականության» սահմաններում, եւ դերասանուհին, որ ե՛ւ պատմողն է, ե՛ւ կերպարանափոխված էլի շատ ու շատ հերոսներ՝ բայց նախ եւ առաջ Մաթեւոսյանի «Գոմեշը», թատրոնի արտահայտչամիջոցներով պատմելու է, ծիսակարգի ու խաղի է վերածելու դեպի մայրանալու, բնության հետ ամբողջանալու ելած գոմեշի անբեկանելի վճռականությունը, որը շրջագծված է տեքստում իբրեւ հոգեւոր նախասկիզբ, տիեզերական ամբողջական պտույտ եւ  աստվածային էությանը միաձուլվելու բնական տարերք:

Դերասանական վարպետության բարձունքներին հասած, բեմադրիչ-դերասանուհին ճիշտ է ապրում Մաթեւոսյանի արձակը (այդ է վկայում պատումի հետ նրա հմուտ աշխատանքը ներքին դրամատուրգիայի տեսանկյունից): Դերասանուհին նաեւ զգայական առումով է ճիշտ խոսում իր հանդիսատեսի հետ. հայտնի բան է, որ կամերային տարածքում, հանդիսատեսին դեմ հանդիման խաղալը թատրոնի մարդու առջեւ դրված բարդագույն խնդիրներից է. ամեն շունչ ու թրթիռ բաց նյարդի պես տրոփում է ակնդրիդ առջեւ: Սակայն եթե Ն.Գրիգորյանի արտիստական ներուժը փոթորկվում է, ապա պատմվածքի տեքստը ծանրանում է, դեպի վար է քաշում ու արգելակում է դերասանուհու թռիչքը: Թվում է՝ պոստդրամատիկական թատրոնի սկզբունքով մարմինը հիմա-հիմա գլուխ կբարձրացնի, կանցնի խոսքից անդին (դերասանուհու կիրթ մարմնի հնարավորություններին հանդիսատեսը ծանոթ է նրա մնջախային ներկայացումներից), բայց Մաթեւոսյանի տեքստը ծանրակշիռ է, ու եթե չի հաղթահարվել, ապա մեր դիտարկմամբ՝ ճիշտ կլինի այն առավել կրճատել՝ ավելի անկաշկանդ ու տարերայնորեն տրվելով մարմնի լեզվի պլաստիկ լուծումներին:


Սակայն այս ծանրությունը կոտրվում է ներկայացման բարձրակետին՝ գոմեշի երազը նկարագրող մենախոսության տեսարանում, ուր դերասանուհին միայն իրեն հատուկ հոգեբանական խաղի խորքով եւ դրամատիզմով վերջապես սողոսկում է հանդիսատեսի սիրտը, վերցնում է նրա տրոփող բաբախյունը եւ այլեւս բաց չի թողնում: Դեպի հանգուցալուծում կոմպոզիցիոն գրագետ օրինաչափություններով բեմադրության տեմպոռիթմը րոպե առ րոպե ահագնանում է, ինչում քիչ դեր չունի ներկայացմանը համահունչ ու տրամադրությունը հընթացս ընդգծող երաժշտական ձեւավորումը (ձայնային եւ երաժշտական ձեւավորումը` Հայկ Իսրայելյանի), իսկ ավարտը յուրաքանչյուր արտիստի անհատական մոտեցումն է պահանջում: Նարինեի դեպքում տիեզերական օղակի ամբողջացումն է՝ պարի, պտույտի, ու արդեն հոգեֆիզիկական արտահայտչականության երկաթե, պիրկ ջղից ու ամրությունից դեպի եթերային լուծումներ՝ երանավետության զգացողությամբ:
                                                     Տեսարաններ «Գոմեշը» մոնոներկայացումից։

Այս ներկայացումը իրապատում եւ վերացական մտածողության, ռեալ ու միաժամանակ պայմանական լեզվի միաձուլում է, ծանր է ու թեթեւ՝ ինչպես կյանքը: Դերասանուհու մազերը տարբեր տեսարաններում կոտոշներ են դառնում, պարանը՝ պոչ, որոճում է, մռլնգում ու փնչացնում՝ գոմեշի պես, «կճղակներով» հողը այս ու այնկողմ, դեպի հանդիսատեսը նետում զայրույթի պահին՝ այսով ներկաներին իր խաղի օղակի մեջ առնելով, եւ ով ապշանք, փխրուն ու նրբագեղ արտաքինով երիտասարդ կինը համոզում է, ջնջում է գեղեցկի (գուցե թե տգեղի) կատեգորիաների մասին կարծրատիպերը՝ բարձրանալով դրանցից էլ վեր՝ անգամ շքեղ ու կանացի դիմահարդարման առկայությամբ (դիմահարդար-նկարիչ՝ Թամարա Բարոյան): Ջուրը իրական է, օդն ու հողը՝ նույնպես, կրակը գոմեշի ներսում է՝ բնության չորս տարերքները մետաֆիզիկական շրջապտույտի են բռնվել, որի անունն է կյանքի շարունակականություն: Դերասանուհին թատրոնում այնքան է ձերբազատվել իր եսից, որ չի վախենում «տգեղ» երեւալուց (դերասանի առջեւ դրված բարդագույն խնդիրներից է), կարեւորը գերխնդիրն է, արտիստական հմայքի ձգողականությունը, բարձր գեղարվեստականությունը եւ անսպառ թատերական երեւակայությունը, որով Նարինե Գրիգորյանը մոտ երկու տասնամյակ բեմում անընդմեջ լինելով հանդերձ՝ չի դադարում զարմացնել իր հանդիսատեսին»:

Գլխավոր լուսանկարում՝ Անուշ Ասլիբեկյանը և Նարինե Գրիգորյանը

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31