Շախմատի օնլայն օլիմպիադայի եզրափակչում Ռուսաստան-Հնդկաստան մրցամարտի ժամանակ կրկին տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետեւանքով Հնդկաստանի հավաքականին գրանցվել է պարտություն եւ հաղթող ճանաչվել է Ռուսաստանը: Սակայն ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը տեղի է տվել Հնդկաստանի բողոքին ու, փորձելով փրկել իր ղեկավարած կազմակերպության հովանու ներքո առաջին անգամ անցկացված մրցաշարի հեղինակությունը, որոշել է հաղթողի ոսկե մեդալներ հանձնել երկու թիմերին էլ:
Սա շտապ կայացրած խիստ խնդրահարույց որոշում է, քանի որ ընդամենը երկու օր առաջ Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչի առաջին մրցաշարում իր կամքից անկախ նույն խնդրի առաջ էր հայտնվել Հայաստանի հավաքականը եւ մեր ընտրանուն անարդարացիորեն պարտություն էր գրանցվել: Այն ժամանակ ՀՇՖ-ի բողոք-դիմումին ոչ ՖԻԴԵ-ն, ոչ նախագահ Դվորկովիչը պատշաճ չարձագանքեցին, ինչի արդյունքում մերոնք բոյկոտեցին օլիմպիադան:
Ստացվում է, որ շախմատի համաշխարհային ղեկավար կառույցը նմանատիպ երկու խնդրի պարագայում ընտրովի մոտեցում է ցուցաբերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ