Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ:
Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ