Հեղափոխությունից հետո իշխանությունները սփյուռքահայերին կոչ էին անում վերադառնալ հայրենիք, իրենց գիտելիքներն ու ուժը ներդնել Հայաստանում: Կովբոյական հրաձգային սպորտի չեմպիոն, կանադահայ Մայքլ Ավետիքյանը արդեն մոտ կես տարի է՝ եկել է ու բնակչության կարիքավոր շերտերի համար սննդով ապահովելու բարեգործական հեռանկարային նախագիծ է այստեղ ուզում իրականացնել: Սակայն բախվել է հիասթափության ու համակարգային լրջագույն խնդիրների: Ներկայացնում ենք գործարարի բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Տարօրինակ բաներ են այստեղ կատարվում: Ես այստեղ եմ կես տարի ու փորձելով երկրին օգնել՝ ինչ-ինչ անհայտ ուժերի դեմ եմ պայքարում: Խնդրում եմ սա ընդունեք ոչ թե քննադատություն, բողոք, այլ՝ սրտացավ մարդու կոչ, որն ուզում է օգտակար լինել երկրին:
Ես գիտեմ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում: Ես մասնագետ եմ, ունեմ հարուստ փորձ ու ուզում եմ օգնել բնակչությանը, օգտակար լինել պետությանն ու ՀՀ կառավարությանը: Նախաձեռնել եմ այստեղ անվճար սնունդ բաժանելու ծրագիր իրականացնել՝ «Սննդի հայկական բանկ» (Armenian Food Bank) ստեղծել: Սակայն անհայտ պատճառներով խոչընդոտներ են ստեղծվում: Կառավարության որոշ պաշտոնյաներ կամ դեմագոգիայով են զբաղված, կամ այլ բաներով: Հայաստանում շատ են կարիքավորները, որոնց պետք է օգնել սննդով: Երբ իմ աշխատանքները ներկայացրեցի, առաջարկը ներկայացրեցի, ասացին՝ օօօ՜, ընտիր է, բայց գիտեք, սպասեք: Սա պետություն է, որի բնակչությունը խնդիրներ ունի, որն ունի աղքատություն, ու այս պայմաններում ինձ մերժելը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Պարոն Փաշինյան, դուք հեղափոխություն եք արել, դուք ինքներդ եք կանչել մասնագետներին, որ օգնենք, գալիս ենք, ստացվում է՝ սիրուն ձեւերով մերժում են ու անտեսում:
Պարզվում է՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ նմանատիպ նախագիծ մեկ տարի առաջ փորձել է իրականացնել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն արել: Թե ինչն է խանգարել, որ չօգնեն աղքատ, կարիքավոր մարդկանց, թող պարզեն համապատասխան մարմինները, բայց ես եկել եմ, ասում եմ, որ պատրաստ եմ դա իրականացնել, իմ ողջ ջանքերը ներդնել, ինձ ասում են՝ դուք եկել եք այստեղ աշխատե՞ք: Կներեք, ես եկել եմ ձեզ օգնելու, սփյուռքահայ բարեգործ եմ, ես բարեգործական նախագիծ եմ ներկայացրել, որն աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ գործում է, ուզում եմ ձեզ խորհրդատվություն տալ, սովորեցնել, որ դուք դա անեք: Սկզբում ինձ ասացին՝ հա, ձեր առաջ կանաչ լույս է, բյուջեով հատկացումներ էլ կան, բայց երբ տեսան, որ ես դա ուզում եմ իրականացնել, ասացին՝ մենք փող չունենք, փող չկա: Ասացի՝ շատ լավ, հասկանում եմ, փող չկա, բայց ես ներդրողների գիտեմ, որոնք պատրաստ են օգնել, ներդրումներ անել, այդ համակարգը կբերի միլիոնավոր դոլարներ երկրին: Չգիտեմ այսքանից հետո ինչն է խանգարում, որ նախագիծն իրականացվի, բայց փաստն այն է, որ չի լինում: Գուցե պետք է հետաքննություն անել՝ պարզելու իրական պատճառները, բայց այն, թե ինչպես իրենք վարվեցին ինձ հետ, ցույց է տալիս, որ ինչ-որ բան այստեղ այն չէ:
Ես դիմել եմ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակ, փոխվարչապետին, իրենք սկսել են իրենց ուսումնասիրություններն անել, բայց իրենց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանում են, թե՝ Մայքլը եկավ, հավանեցինք, բայց ինքը չի ուզում մեզ հետ աշխատել, ինչը ամբողջությամբ խաբեություն է: Այդ մարդիկ փաստացիորեն խաբում են պաշտոնատար անձանց:
Մամուլում այս մասին հրապարակումից հետո ինձ նախարարությունից զանգեցին: Ես ասացի՝ անձամբ ձեզ հետ գործ ունենալ չեմ ուզում, քանի որ տեսել եմ, թե ինչպես եք վարվում ամիսներ շարունակ, ես այլեւս ձեզ չեմ վստահում, դա վիրավորանք է ինձ համար: Ասացին, թե ձեր համարը չէինք գտնում: Պատկերացնո՞ւմ եք, մամուլում հրապարակումից հետո գտան համարս: Դա լո՞ւրջ է, դուք ոնց որ ծաղրեք իմ բարեգործական նկրտումները, արդեն կես տարի է՝ ոչ մի քայլ չկա, մերժում եք ինձ: Նախարարն անընդհատ ինձնանից նամակներ է ստացել, դիմումներ, ես նույնիսկ խնդրել եմ Զարուհի Բաթոյանին, որ ուշադրություն դարձնի այս հարցին:
Կարդացեք նաև
Պարոն վարչապետ, հիմա միայն ձեզ հետ հանդիպումից հետո ես նախաձեռնությունը կիրականացնեմ՝ օգնելու Հայաստանին: Կառավարման համակարգում կարծես բոլորը նույն ոճով են աշխատում. գրել եմ պատգամավորների, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, բոլորը լռում են: Կային նույնիսկ շատ զարմանալի պատասխաններ՝ գիտեք, ձեր պես քաղաքացիների հետ Փաշինյանը հետաքրքրված չէ հանդիպել: Ես անմիջապես պատասխանեցի՝ հասկանո՞ւմ եք, որ ես շարքային քաղաքացի չեմ, ես մարդ եմ, որին գիտեն ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում, որը լուրջ կապեր ունի ներդրողների հետ, որն ուզում է օգնել ձեզ, ինչպե՞ս թե նա չի ուզում ձեզ հետ հանդիպել, դա պաշտոնակա՞ն պատասխան է, թե՞ չէ: Իրենք նույնիսկ այդ նամակին չպատասխանեցին: Ես դիմեցի սփյուռքի հարցերով գրասենյակ, բացատրեցի իրավիճակը, ցույց տվեցի մամուլի հրապարակումը, նրանք իրենց հերթին նորից դիմեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, իսկ պատասխանը հետեւյալն էր՝ հա, լավ տղա է, խելացի, մեզ հարմար է, բայց նա անհետացել է: Ես ո՞նց կարող եմ անհետանալ: Ես ընդամենը ուզում էի ասել, որ ես այստեղ եմ, եկել եմ Հայաստանին օգնելու, բայց դրա փոխարեն արժանանում եմ այսպիսի վերաբերմունքի: Ձեզ չեն տեղեկացնում, ճիշտ չեն զեկուցում, որ կա մարդ, ով պատրաստ է իրականացնել մի նախագիծ, որի համար մեկ տարի առաջ բյուջեով գումար եք տրամադրել: Ամբողջ աշխարհում այսպիսի նախաձեռնությունները պետական հոգածության տակ իրականացվում են ու դառնում ինքնածախսածածկ, պարզապես նախնական շրջանում պետք են որոշակի ներդրումներ ու գործելու տարածք: Այն, որ մասնավոր անձինք օգնություն են բաժանում, լուսանկարներ անում ու գնում, դա ուրիշ է: Այլ հարց է, երբ պետությունն է դրան մասնակցում՝ հոգ տանելով իր աղքատ բնակչության մասին:
Պարոն վարչապետ, վստահ եմ, որ ճիշտ կհասկանաք իմ մտահոգությունը եւ կարձագանքեք այս նամակին՝ աջակցելով երկրի համար օգտակար ու հեռանկարային այս նախաձեռնությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ «Շանթ» հեռուստաընկերության