Տանը պատրաստած պաղպաղակները, իհարկե, ավելի թանկ են նստում, սակայն, փոխարենը, կարող եք վստահ լինել, որ դրանց բաղադրության մեջ չկան առողջությունը վնասող հավելումներ, դե, իսկ համի մասին խոսելն ավելորդ է:
Անհրաժեշտ մթերքները
Կաթնասեր (30-35%-անոց)- 500 մլ
Ձու-5 հատ
Կարդացեք նաև
Շաքարավազ- 1 բաժակ կամ շաքարի փոշի՝ 4-5 ճաշի գդալ
Սեւ, դառը շոկոլադ-200 գրամ
Կարագ-50 գրամ
Սալորաչիր-10-12 հատիկ
Կոնյակ-100 մլ
Պատրաստման եղանակը
Սալորաչրերը նախապես լցրեք փոքր տարայի մեջ եւ վրան լցրեք կոնյակը, որպեսզի թրջվեն:
Հավկիթները լավ լվացեք: Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցի մեջ դեղնուց չպետք է լինի: Սկզբում հարեք սպիտակուցը, որ դառնա պինդ բեզե, այնուհետեւ հարեք սերուցքը, մոտ 7-8 րոպե, որպեսզի դառնա բեզեի նմանվող զանգված: Հենց պնդանա, դադարեցրեք հարելը, այլապես կփսորվի, կարագը կառանձնանա: Շոկոլադը եւ կարագը միասին հալեցրեք ջրային բաղնիքի վրա, կամ միկրոալիքային վառարանի մեջ:
Դեղնուցները հարեք շաքարավազի հետ՝ մինչեւ գույնը լրիվ բացվի: Քիչ-քիչ ավելացրեք հալած շոկոլադը, ապա կոնյակի մեջ թրջած եւ կտրատած սալորաչիրը: Շարունակեք հարել, ավելացնելով սերուցքը: Ամենավերջում ավելացրեք բեզեն եւ խառնեք ոչ թե էլեկտրական հարիչով, այլ ձեռքի հարիչով կամ սիլիկոնե թիակով:
Երբ միատարր զանգված դառնա՝ լցրեք պլաստիկե տարայի մեջ, կափարիչով փակեք եւ դրեք սառնարան առնվազն 3 ժամով, իսկ ավելի ցանկալի է՝ ողջ գիշեր: Կարող եք մատուցել թարմ մրգերի կամ հատապտուղների հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ