Բելառուսի «նախագահ» Ալեքսանդր Լուկաշենկոն, փաստորեն, վեցերորդ անգամ «ընտրվեց» Բելառուսի նախագահ: Չնայած չակերտավոր նախագահ Լուկաշենկոն ուժի ու զոռբայության շնորհիվ վեցերորդ անգամ է դառնում Բելառուսի նախագահ, այդուհանդերձ, քաղաքականությամբ շատ թե քիչ հետաքրքրվողները կհաստատեն, որ Ալեքսանդր Լուկաշենկո անունն ու ազգանունն այս վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի շատ է հնչել ու հոլովվել, քան՝ այդ բոլոր վեց անգամների ընթացքում: Իհարկե, իր զոռբայության ու պնդաճակատության շնորհիվ: Լուկաշենկոն, իհարկե, զոռբայության ու պնդաճակատության առումով եզակին ու միակը չէ հատկապես պահպանողական քաղաքական գործիչների մեջ, բայց համաձայնեք, որ նա այս մի քանի օրերի ընթացքում հետադիմական բոլոր պահպանողականների բոլոր ռեկորդները խփեց:
Այս օրերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող իրադարձությունները ցույց տվին, որ Լուկաշենկոն ոչ միայն քաղաքականության տեսակետից է տհաս, այլև մարդկության ու մարդկայնության տեսակետից. նա հատկապես ու առանձնապես, ինչպես քաղաքական գործիչներից շատերը, աչքի է ընկնում երևակայության պակասով: Ինչպես քաղաքական գործիչներից շատերը նրա երևակայությունը չի հերիքում, որպեսզի նա իրեն պատկերացնի պաշտոնից ազատ՝ սովորական մարդու ու քաղաքացու կարգավիճակում:
Այս օրերին, Մինսկի հրապարակում հավաքված բազմահազար ժողովուրդը, որ վերջապես ու վերջնականապես է զզվել ու հոգնել Լուկաշենկոից ու լուկաշենկոյականությունից, նորմալ մարդու մոտ ոչ մի հույս չէր թողնի, որ ինքը կարող է և իրավունք ունի առաջնորդել ու ղեկավարել տվյալ ժողովրդին: Բայց քանի որ ինքը նորմալ մարդու տարրական հատկություններից է զուրկ, նա դեռևս, փաստորեն, հույսեր է փայփայում: Ավելին. նա իր սին հույսերով է վարակում նույնիսկ իր տասնհինգամյա որդուն, որպեսզի վերջինս զենքը ձեռքին իր ժողովրդի դեմ դուրս գա՝ հանուն իր հոր քաղաքական երկարակեցության:
Անկախ քեզանից ուզում ես ասել. ո՜վ խեղճ բելառուս ժողովուրդ, ահա թե ով է տարիներ շարունակ իշխել ու ղեկավարել քեզ: Հիմա գրում եմ, բայց ավելի քան վստահ եմ, որ մինչև այս վերլուծությունը հրապարակվի, տարիներ շարունակ քնով ընկած բելառուս ժողովուրդը վերջնականապես կարթնանա տարիների խորը քնից և գահընկեց կանի Լուկաշենկո կոչեցյալին: Վստահ եմ, որ ոչ մի հրաշք վերջինիս չի փրկի: Բարեբախտաբար, բելառուս ժողովուրդը գտել է նաև իր իրական և արժանավոր առաջնորդին՝ Սվետլանա Տիխոնովսկայային, ով նախագահի ընտրություններում բացարձակ առավելության հասավ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ և ով այս օրերին գտնվում է Բելառուսից դուրս՝ Լիտվայում: Ընդ որում, լավատեղյակները վկայում են, որ ընդդիմադիր գործիչներն ու լիտվացիք են համոզել Տիխոնովսկայային, որ որոշ ժամանակով լքի Բելառուսը, քանզի համոզված են, որ Լուկաշենկոն ցանկացած նենգության ու ստորության է ընդունակ: Դա են վկայում Լուկաշենկոյի բոլոր գործողությունները:
Կարդացեք նաև
Վստահ ենք , որ Լուկաշենկոն խելացի խորհրդատուներ ու խորհրդականներ չունի, այլապես, եթե ունենար, նրանցից մեկն իր շեֆին խորհուրդ կտար թողնել պաշտոնը՝ քանի դեռ ուշ չէ: Բայց հավանաբար իր խորհրդականներն էլ իրենց քաղաքական կարճատեսությամբ իրենց շեֆից հետ չեն մնում և իրենց շեֆին հավասար քաղաքական անիրական ու անմարդկային հույսերով են տապակվում:
Վերլուծաբանները գտնում են, որ Լուկաշենկոյի գահընկեցությամբ Բելառուսում վերջակետ կդրվի խորհրդային իշխանությանն ու խորհրդային մտածողությանը: Առավել իրատեսներն ու խորատեսները գտնում են, որ Բելառուսի հեղափոխական իրադարձություններին ու Լուկաշենկոյի քաղաքական վերջաբանին անմիջապես կհաջորդեն հեղափոխական իրադարձությունները Ռուսաստանում: Քանզի Ռուսաստանում էլ Պուտինի դեմ են իրադարձություններ խմորվում: Կարճ ասած, Լուկաշենկոյի գահակալության վերջն ու ավարտը նաև Բելառուսում սովետական գաղափարախոսության ու սովետական մտածողության վերջն ու ավարտն են: Եվ հետաքրքիր է, որ սովետական մտածողությանն ու սովետական գաղափարախոսությանը վերջ է դրվում ամենասովետական հանրապետություններից մեկում՝ Բելառուսում:
Մի պահ Լուկաշենկոն այնքան էր հաբռգել, որ շատ հարցերում նույնիսկ Պուտինին էր հակառակվում ու հակադրվում, բայց հիմա ինքն իր հույսը Պուտինի հետ է կապում, քանզի համոզված է, որ Ռուսաստանում էլ Պուտինն է սովետական երկրի պատվար հանդիսանում: Ռուսաստանում էլ, իհարկե, այդպես մտածողներ կան, և շատ հնարավոր է, որ ինքը՝ Պուտինն էլ է այդպես մտածում, բայց Պուտինի մտածածը Լուկաշենկոյի մտածածի ու Լուկաշենկոյի հույսերի հետ ոչ մի կապ չունի, քանզի Պուտինը հիմա Լուկաշենկոյի մասին մտածելու ոչ հավես ունի, և ոչ էլ՝ ժամանակ, քանզի Պուտինը բոլորի պես հավանաբար համոզված է, որ Լուկաշենկոյի երգը երգված է:
Որովհետև բելառուսները վերջնականապես են արթնացել տարիների խորը քնից:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ