Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիվ ունեմ, պարոն նախագահ

Օգոստոս 30,2020 11:15

Լրանում է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի 60-ամյակը: Հոբելյանի առթիվ նա շնորհավորանքի, գնահատանքի եւ բարեմաղթանքի շատ խոսքերի կարժանանա: Ես կբավարարվեմ Բակո Սահակյանի մարդկային նկարագիրը վկայող մի քանի կարճ պատումներով: Մնացածը՝ ինչպես ընթերցողը կընկալի:

«Ազատություն» ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակիցն էի: Բակո Սահակյանը նոր նշանակվել էր ներքին գործերի նախարար: Ինձ դիմեց ՆԳՆ մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը: Խիստ քննադատում էր փոխնախարար Ռաշիդ Պետրոսյանին: Ասացի, որ կարող եմ ձայնագրել՝ հրաժարվեց: Խնդրեցի, որ ասելիքը գոնե գրավոր ձեւակերպի: Համաձայնեց: Հաղորդումը եթեր գնաց: Հաջորդ օրը ՆԳ նախարարի մոտ էի: Ներկա էր նաեւ Ռաշիդ Պետրոսյանը: Նախարարին խնդրեցի, որ առանձին ասելիք ունեմ: Ցույց տվեցի Կիմի գրությունը: Կարդաց, վերադարձրեց ինձ եւ միայն մի բառ ասաց. «Բարի»: Կարճ ժամանակ անց Կիմը նույն պաշտոնով տեղափոխվեց դատախազություն:

Դուստրս ավարտել էր ԱրՊՀ քոլեջը: Դասղեկը որոշել էր հրաժեշտի զբոսախնջույք կազմակերպել: Ընտրեցինք Գանձասարին մոտ Ծովին քարը, որ նոր-նոր կարգի էր բերվում: Արդեն սեղանը փակելու վրա էինք, երբ վերեւից մեկը հրամայական պահանջեց, որ արագ հավաքվենք: Երեխաների տրամադրությունն ընկավ: Ինքնաեռ էին բերել, ուզում էին մի-մի բաժակ թեյ հյուրասիրել դասղեկին, մի քանի ծնողներիս: Բարձրացա: ՊԲ հրամանատարի տեղակալներից էր: Քիչ հեռու Բակո Սահակյանն էր կանգնած ծխում: Ինձ տեսնելով՝ մոտեցավ: Բացատրեցի ինչն ինչոց է: «Մենք կգանք մի ժամ հետո»,-ասաց եւ խնդրեց, որ ինքնաեռը թողնենք: «Կվերադարձնենք»,- կատակեց:

Առաջադրվել էր նախագահի թեկնածու: Նախընտրական շտաբում քննարկվում էր կենսագրականի հարցը: Առաջարկեցի, որ «աշխատել է շինանյութերի կոմբինատում որպես քարհատ բանվոր» ձեւակերպումից վերջին բառերը հանվեն: Զարմացավ․ «Ինչո՞ւ»: Միտքս պարզաբանեցի, որ ապագա նախագահի կենսագրությունը նաեւ Ադրբեջանում են կարդալու, կարող են շահարկել, նույնիսկ ծաղրել: Չընդունեց եւ շատ հստակ հայտարարեց. «Ես իմ կենսագրությունից ամաչելու ոչինչ չունեմ»: Վիքիպեդիայում մինչ օրս Բակո Սահակյանի կենսագրության այդ դրվագը մնում է անփոփոխ:

Չարեքտարում նախընտրական հանդիպման էինք: Գյուղում հարմար շինություն չկար, մի թումանյանական կանաչ, վիթխարի ընկուզենու տակ էինք հավաքված: Բակո Սահակյանի կենսագրությունը ներկայացնելիս ասացի, որ զինվորական է, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Անմիջապես ուղղեց՝ գեներալ-մայորի: Իսկ ես կարծում էի, որ Պաշտպանության բանակում, ՆԳՆ նախարար, ԱԱԾ տնօրեն ծառայած՝ նա պետք է առնվազն գեներալ-լեյտենանտի կոչում ունենա: Շուտով Չարեքտարում շահագործման կհանձնվի դպրոցի նոր մասնաշենքը:
Բակո Սահակյանի պաշտոնավարման ութ տարիներին եղել եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար, քարտուղար: Բազմիցս մասնակցել եմ նրա հրավիրած աշխատանքային խորհրդակցությունների: Միշտ չէ, որ կիսել եմ նրա մոտեցումները: Միշտ չէ, որ ինքը գոհ է մնացել իմ վարքից, աշխատանքից: Քաղաքականության մեջ դա անխուսափելի է: Անփոփոխ է մնացել հարգանքս նրա անձի եւ պետականաստեղծ գործունեության նկատմամբ: Ուստի ինձ թույլ եմ տալիս հոբելյանի այս օրով ասել.
-Պատիվ ունեմ, պարո՛ն նախագահ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31