Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության բարձրագույն պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ հետ, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Արցախի կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները և այլք:
Միջոցառման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները` Ոսկե արծիվ շքանշանները հանձնել է Արթուր Մկրտչյանի այրուն և Արմենակ Ուրֆանյանի մայրիկին:
Արցախյան պատերազմի ժամանակ կապի համակարգի արդիականացման, առաջնագծում զինծառայողների անվտանգ ծառայության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերության բնագավառում ունեցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ պահեստազորի ենթասպա Վահրամ Թամրազյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Կարդացեք նաև
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Հովսեփ Հովսեփյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի տիկին Հարությունյան,
Գերաշնորհ Տեր,
Մկրտչյան ընտանիքի հարգելի անդամներ,
Ուրֆանյան ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի պարոն Թամրազյան,
Հարգելի պարոն Հովսեփյան,
Հայաստանի և Արցախի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ,
շատ հուզիչ և կարևոր միջոցառում է: Կարծում եմ, որ վերջինիս ամենակարևոր խորհուրդն այն է, որ մենք մեր պատմությունը չենք մոռանում: Մենք, իհարկե, ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային, բայց այն ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաև անցյալը: Շատ խորհրդանշական է, որ այսօր Արցախի հերոսի կոչմամբ պարգևատրվում են մեր ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչը և մեր ազատամարտի արդեն արդի սերնդի ներկայացուցիչը: Նրանք պարգևատրվում են նույն օրը, նույն տեղում և միևնույն ժամանակ պարգևատրվում են մեր ազատամարտի շատ նշանավոր մասնակիցներ` անցյալի և ներկայի իրենց ծառայությունների համար: Սա իսկապես շատ կարևոր խորհուրդ է:
Կարծում եմ` այսօրվա միջոցառումը ձայնակցում և ներդաշնակվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ: Ընդ որում, մենք ասում ենք, որ Սարդարապատը շատ խորհրդանշական տեղ է մեր ժողովրդի պատմության համար, մեր ազատամարտի պատմության համար, բայց Ստեփանակերտը պակաս խորհրդանշական տեղ չէ: Այստեղ էլ մենք ունենք խորհուրդ. Առաջին Հանրապետության մեր ժամանակների հիմքում դրված իրադարձություն` Սարդարապատ, և Երրորդ Հանրապետության ձևավորման, ազատ Արցախի, անկախ Արցախի ձևավորման ահա այս ամբողջությունը, այս խորհրդանիշը, որը չափազանց կարևոր է:
Ընդհանրապես միտքը, մտայնությունը, ընկալումը շատ կարևոր է: Վերջերս մենք ազգային անվտանգության ռազմավարություն ընդունեցինք և շատ կարևոր համարեցինք այդ ռազմավարության հիմքում որպես նախաբան դնել մեր ակունքների և արժեքների մասին հիշատակում:
Երեկ և այսօր տեղի ունեցած միջոցառումները ես համարում եմ դրա խորհրդանիշը, որ մենք պետք է գնահատենք անցյալի մեր արժեքները, պիտի գնահատենք մեր նորագույն պատմության արժեքները և կարծում եմ, որ, այո, երեկ Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացած Ռուբեն Սանամյանը, մեր մյուս պարգևատրվածները խորհրդանիշն են այն բանի, որ մեր առաջին սերնդի ազատամարտիկների, Սարդարապատի հերոսների գործը կենդանի է, կենդանի հենց այս պահին: Այդ մարդիկ երեկ պարգևատրվել են և այսօր գնացել իրենց ծառայությանը: Հայաստանի ազգային հերոսը երեկ պարգևատրվել է, և այսօր կապիտան Սանամյանը կատարում է իր պարտքը հայրենիքի պաշտպանության գործում: Սա նոր խորհրդանիշ է, սա նոր ճանապարհ է, սա նոր ընկալում է, բայց որը փառաբանում, արժևորում է անցյալի մեր հերոսներին:
Ես համոզված եմ, որ այսօր մարտի գնացող և սխրանքներ կատարող մեր տղաները, մեր զինվորները, մեր սպաները, գեներալներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք և մենք այս գործը պիտի անենք միասին: Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը այսօր, այստեղ, հիմա, մեր կողքին»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ