Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման աճը տարեվերջին կկազմի 2-5 տոկոս. Աշոտ Թավադյանը դրական գնահատեց ԿԲ նախագահին

Օգոստոս 29,2020 16:14

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի կարծիքով, կարեւոր է, որ համավարակի պայմաններում Հայաստանն, ընդհանուր առմամբ, լավ դիմակայեց ազգային տարադրամի տատանումներին: Այդ հանգամանքն, ըստ տնտեսագետի, հատկապես նկատելի էր ԿԲ նոր նախագահի շրջահայաց գործունեության մեջ: Այս տեմպի պահպանման եւ որոշակի ջանքերի գործադրման պարագայում, նրա կանխատեսմամբ, հնարավոր կլինի վերաֆինանսավորման նվազած տոկոսադրույքն ավելի նվազեցնել: Սակայն մեր երկրի առջեւ կանգնած է բացասական առեւտրական հաշվեկշիռը էապես բարելավելու խնդիր, ինչը կարելի է անել՝ փոխելով ՀՆԱ-ի եւ արտահանման հարաբերակցությունը, շարունակելով դիվերսիֆիկացնել արտահանումը, հնարավոր բոլոր միջոցներով խրախուսել պատրաստի արտադրանքի աճը: Ըստ տնտեսագետի, նման ներուժ առկա է նախեւառաջ ԵԱՏՄ շրջանակներում, ինչը ճիշտ օգտագործելով հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը:

Այսօր, «Արմենպրես» մամուլի սրահում «Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ, Հայաստանում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները ներկայացրեցին ակումբի կողմից իրականացված վեցերորդ տնտեսագիտական հետազոտությունների արդյունքները:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, Հայաստանում եւս կրճատվեց ապրանքաշրջանառությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2020թ. առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համախառն արտահանումը կրճատվեց 6,5%: Աշոտ Թավադյանը համոզված է, որ Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է գրանցել աճի միտում եւ դա կնպաստի արտահանման աճին երկրորդ կիսամյակում:

Հայաստանի արտահանման աճը առաջին կիսամյակում կազմել է, ընդհանուր առմամբ, 9,8%, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 11,7%: 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 28,1%, իսկ Ղազախստանՙ 8,6%: Երկարատեւ եւ կայուն աճից հետո Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 19,1%: Հենվելով նախորդ տարիների ցուցանիշների վրա, Աշոտ Թավադյանը կարծում է՝ կարելի է պնդել, որ երկրորդ կիսամյակում արտահանման ցուցանիշները կարող են եւ աճ դրսեւորել:
Հայաստանում ներկրումը 3 անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան արտահանումը: Այս պատճառով է, որ տնտեսագետը շարունակում է պնդել՝ Հայաստանի համար արտակարգ կարեւորություն է ձեռք բերում արտահանմանը միտված արտադրությունների ծավալների հետեւողական աճը: Այս համատեքստում, նա նկատում է, որ նույնիսկ համավարակի պայմաններում դրական դեր ունեցան Միության շրջանակներում մաքսային տուրքերի վերացման մասին ստորագրված համաձայնագրերը:

2019թ. տեքստիլի եւ տրիկոտաժի արտահանումը Հայաստանից կազմել է արտահանման ամբողջ ծավալի 6,3%: 2018թ. դեպի Ռուսաստան, մասամբ եւ այլ երկրներ այդ արտադրանքի շատ էական աճից հետո 2020թ. առաջին կիսամյակում, չնայած տեղաշարժերի սահմանափակումներին, այդ արտադրանքի ծավալներն ընկան համապատասխանաբար 23,2% եւ 40,9% եւ կազմեցին ամբողջ արտահանման ծավալի 4,6%: «Վստահորեն կարելի է կանխատեսել, որ տեքստիլի եւ տրիկոտաժի արտադրանքի արտահանումը երկրորդ կիսամյակում արձանագրելու է վերականգնողական աճ: Սա կարեւոր է, որովհետեւ ապահովում է զբաղվածության էական հատված»,- կարծում է Աշոտ Թավադյանը: Բանախոսը հետաքրքրական է համարում այն փաստը, որ եթե 2017թ. դեպի Ռուսաստան արտահանման մեջ գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա 2018 եւ 2019թթ. արտահանումը սկսեց դառնալ ավելի դիվերսիֆիկացված եւ այդ միտումը շարունակական բնույթ ունի, ինչն ընդգծում է ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը Հայաստանի համար եւ մեր անդամակցության կարեւորությունը մեգատարածաշրջանային ինտեգրացիոն այդ կառույցին: Այս համատեքստում, նա պնդում է՝ հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները դեպի Ռուսաստան արտահանման հետագա աճ ապահովելու համար, չմոռանալով աշխատել Միության մյուս անդամնրի հետ: Տնտեսագետը 2020-ի երկրորդ կիսամյակում կանխատեսում է ոչ միայն արտահանման, այլ նաեւ ներկրման ծավալների վերականգնողական աճ:

Իր գնահատմամբ, արտահանման աճը տարեվերջում կկազմի 2-5%:
ԵԱՏՄ ներուժի մեծացման համար Աշոտ Թավադյանը շատ արդիական է համարում կոոպերացիայի եւ արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը, ընդգրկելով դրանում, առաջին հերթին, ԵԱՏՄ երկրների ռազմավարական նշանակության օբյեկտները:
Ի դեպ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի առկայությունն են նաեւ անհրաժեշտություն համարում: Ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով, հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունը կարող է մեծապես օգտակար լինել քաղաքական որոշումներ ընդունելու հարցում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31