«Լինելով հանձնաժողովի անդամ՝ շատ լուրջ եւ չփարատված մտահոգություններ ունեմ՝ այդ հնարավոր միավորման հետ կապված: Հիմնական մտահոգությունը հանգում է նրան, որ ստեղծելով գերագույն դատարան եւ դրան օժտելով ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի ունեցած բոլոր լիազորություններով՝ ստեղծում ենք դատական իշխանության գերկենտրոնացում: Դա որեւէ կերպ չի կարող նպաստել խնդիրների լուծմանը»,-«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կազմակերպած՝ «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի եւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ օրերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է բարձրագույն դատական ատյանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը եւՍահմանադրական դատարանը միավորելու եւ գերագույն դատարան ստեղծելու հարցը, եւ քվեարկությամբ որոշվել է գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Հանձնաժողովականները միակարծիք չեն եղել այս հարցում:
«Դա կարող է նոր եւ ավելի լուրջ խնդիրների ծագման պատճառ դառնալ: Աշխարհում չկա որեւէ գերագույն դատարան, որը ողջ ծավալով ունի այն լիազորությունները, որոնք առաջարկվում է գումարման տեսքով տալ այդ գերդատարանին: Հասկանում եմ գործընկերներիս, մեծ է գայթակղությունը դատական համակարգի կուտակված խնդիրները մեկ քայլով հանգուցալուծելու, բայց սա ավելի լուրջ խնդիրների առիթ կարող է տալ: Կունենանք մի մարմին, որը զուրկ կլինի զսպող եւ հակակշռող մարմիններից: Դատական իշխանության ներսում կունենանք մի մարմին, որը ենթակայության տակ կառնի համակարգը: Իսկ գործող համակարգի տրամաբանությունն ուղղահայացության բացակայության մեջ է: Դատարանները տարբերվում են գործառույթներով, իսկ գերագույն դատարան ստեղծելով՝ նրան կենթարկենք ստորադաս դատարանները»,-համոզմունք հայտնեց Վիգեն Քոչարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ