Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքն այն մասին չէր, որ դատավորները գրագետ չեն. սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ ունենք». Մանասյան

Օգոստոս 29,2020 15:38

«Ես դեմ եմ քվեարկել: Սահմանադրական արդարադատության բոլոր մոդելներն էլ արդյունավետ եմ համարում, սակայն դեմ եմ քվեարկել ոչ թե այս կամ այն մոդելին, այլ այն հայեցակարգային հիմնադրույթներին, որոնք մենք որպես այդպիսին փորձ ենք կատարել կամ կատարելու ՀՀ-ում իրացնել»,-«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կազմակերպած՝ «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը: Հիշեցնենք, որ օրերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է բարձրագույն դատական ատյանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը եւ Սահմանադրական դատարանը միավորելու եւ գերագույն դատարան ստեղծելու հարցը, եւ քվեարկությամբ որոշվել է գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Հանձնաժողովականները միակարծիք չեն եղել այս հարցում:

«Նախ, սահմանադրական արդարադատության բոլոր մոդելները տալիս են հարցերի լուծումները, որոնք բարձրաձայնում են հայեցակարգի հեղինակները: Հարց է առաջանում՝ եթե մինչեւ այսօր չենք կարողացել իրացնել բոլոր լուծումները, որը տալիս է ՀՀ-ում գործող սահմանադրական արդարադատության մոդելը, ո՞րն է երաշխիքը, որ կարողանալու ենք իրացնել սահմանադրական արդարադատության այլ մոդելը: Բոլոր մոդելներն ունեն առավելություններ եւ թերություններ: Սովորաբար, առավելությունն ի հայտ է գալիս տեսական մակարդակում, իսկ թերությունները՝ կիրառման ընթացքում»,-նկատեց Մանասյանը:

Նրա բնորոշմամբ՝ գեղեցիկ եւ ականջահաճո է թվում այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատությունը կարող է ապակենտրոնացվել եւ դատարանները կարող են գործերի քննության ընթացքում լուծել օրենքի՝ սահմանադրականության հետ կապված հարցեր, սակայն այստեղ մի քանի փաստ է պետք արձանագրել. «ՀՀ-ում գործող սահմանադրական արդարադատության մոդելը հնարավորություն տալիս է եւ պարտադիր է համարում, որ բոլոր դատարանները գործերի քննության ընթացքում սահմանադրական նորմերը մեկնաբանեն եւ կիրառեն: Առանձնահատկությունն այն է, որ վերջնական՝ պաշտոնական մեկնաբանություն տվող սուբյեկտը ՍԴ-ն է: Մյուս կողմից, ՍԴ որոշումների կատարման ոչ այնքան պատշաճ մակարդակը, սահմանադրության նորմերի կիրառման հետ կապված խնդիրների մի մասն ուղղակի կապի մեջ չեն մտնում մոդելների փոփոխության հետ, որովհետեւ սահմանադրական արդարադատության բոլոր մոդելներում էլ կան լուծումներ»:

Անահիտ Մանասյանը նաեւ շեշտեց՝ հանձնաժողովում կայացած քննարկումներում խոսքը եղել է ոչ թե այն մասին, որ դատավորները գրագետ չեն կամ վատ են կիրառում որեւէ նորմ, այլ այն հանգամանքի մասին, որ ՀՀ-ում կա սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ. «Սա բոլորի համար է ակնհայտ եւ վերաբերում է ոչ միայն դատավորներին: Սրա խնդիրը մոդելի փոփոխությունը չէ, այլ իրավական կրթությունը: Խնդիրը նաեւ օբյեկտիվ է, որովհետեւ ունենք հետխորհրդային իրավական կրթություն: Բացի այդ, խոսքը ոչ թե նրանում է, որ սահմանադրականության ստուգումը չի կարելի վերապահել ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին… ամենեւին: Խոսքն այն մասին է, որ դա առանձին մասնագիտացված գործառույթ է: Ինչպես քրեական գործեր քննող դաըավորը չի կարող վարչական գործեր քննել պատշաճ ձեւով, այնպես էլ սահմանադրական արդարադատություն կարող է իրականացնել այն դատարանը, որը մասնագիտացած է այդ հարցում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31