Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնատնտեսական ճգնաժամը աղետից կարող է վերածվել զարգացման հնարավորության. Թաթուլ Մանասերյան

Օգոստոս 29,2020 15:26

«ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը թերեւս միակ երկիրն էր, որը պահպանեց ազգային դրամի կայունությունը, ինչը բավական դրական ֆոն է ստեղծել տնտեսության տարբեր ճյուղերի համար»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում այսօր կայացած ասուլիսում հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

«Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները ներկայացրեցին ակումբի կողմից իրականացված վեցերորդ տնտեսագիտական հետազոտությունների արդյունքները:

Ըստ այդմ, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, թեեւ ընդհանուր առմամբ, արտաքին տնտեսական գործունեության ծավալները կրճատվել են, սակայն արտահանման եւ ներկրման ցուցանիշները ԵԱՏՄ երկրների ուղղությամբ շարունակում են լավատեսություն ներշնչել: Հայաստանը ԵԱՏՄ որոշ երկրների հետ պահպանում է արտահանման ծավալները, ինչը տնտեսագետը մեզ համար ձեռքբերում է համարում: Թեեւ ՌԴ-ի հետ արտահանումը բացասական դինամիկա է արձանագրել, բայց առանձին ապրանքատեսակների՝ ալկոհոլային խմիչքների մասով, արտահանման աճ կա: Տնտեսագետի գնահատմամբ, աշնան ամիսները կարող են գրանցված ցուցանիշներում էական տեղաշարժեր արձանագրել եւ հնարավոր է տարին եզրափակենք ավելի լավ ցուցանիշներով, քան համավարակի սկզբի օրերին էր կանխատեսվում: Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումների վերանայումների արդյունքում, ըստ բանախոսի, ծառայությունների եւ առհասարակ, արտաքին առեւտրի մասով բավական աշխուժություն է ակնկալվում: Արդյունքում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, տնտեսական անկումը կարող է լինել ոչ թե 9-10 տոկոս, այլ 3-4 տոկոս, ինչը 2021-ին արդեն հնարավորություն կտա տնտեսական կայունության եւ զարգացման մասին խոսել:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսության կայունության պահպանումը Թաթուլ Մանասերյանը նույնպես ձեռքբերում է համարում, քանի որ անգամ զարգացած երկրներում համավարակով պայմանավորված ճգնաժամը բերել է անորոշությունների: Նա այն կարծիքին է, որ կորոնատնտեսական ճգնաժամը աղետից կարող է վերածվել զարգացման հնարավորության, եթե մեզ հաջողվի տարանջատել համավարակից եկող բացասական տնտեսական ազդեցությունները՝ ներքին տնտեսական ազդեցություններից: ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ կապերը, բանախոսի գնահատմամբ, Հայաստանին զարգացման հնարավորություն տալիս են: Մինսկում կայացած ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում այս հարցերին մանրամասն անդրադարձներ եղան, կարեւորվեցին ինովացիոն ծրագրերն այն առումով, որ, մասնավորաբար, Հայաստանը հնարավորություն կունենա իր բարձր տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել գործընկեր երկրների ռազմաարդյունաբերական համալիրների որոշակի հատվածներում, որոնք հատուկ գաղտնիություն չեն պարունակում: Թաթուլ Մանասերյանն ասում է՝ միայն արհեստավարժ մոտեցումներ են պետք՝ լուծումների մասով:

Եվրասիական փորձագիտական ակումբը միշտ է բարձրաձայնել տնտեսական անվտանգության սպառնալիքների հարցը: Բանախոսը ողջունելի է համարում, որ Մինսկում կայացած ԵԱՏՄ համաժողովումՀՀ վարչապետը պարենային անվտանգության համատեղ ծրագրի մշակման մասին բարձրաձայնեց: Ակումբի փորձագետները պատրաստ են ներդնել իրենց գիտելիքներն ու կարողությունները այս հարցում:

Կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը 2020թ. կնվազի 4%-ով: Ավելի վաղ 0,7% աճի կանխատեսում էր արվել: Կենտրոնական բանկը կարծում է, որ տնտեսական աճը կվերականգնվի 2021թ.:

Միջազգային FitchRaitings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայունից» «բացասական» է դարձրել: Ենթադրվում է, որ Հայաստանը կշարունակի զգալ իր վրա լայն սոցիալական եւ ներքաղաքական կայունության արդյունքը եւ որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտությունը չի հանգեցնի այն մակարդակին, որը կազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա: Այս գնահատականների ֆոնին Թաթուլ Մանասերյանը կարեւոր է համարում, որ սպասումների համաձայն, մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, կհամապատասխանեն գլոբալ տնտեսության կանխատեսումներին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/armenpress/videos/3226855050726141

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31