«Բարձրագույն դատական ատյանների միավորումը կոնցեպտի ողջ նկարագիրը չէ: ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման մասին է խոսքը, որը տվյալ դատարանների գործառույթների եւ լիազորությունների վերացում չի ենթադրում: Մենք ցանկանում ենք դրանք պահպանել՝ միավորելով»,-«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կազմակերպած՝ «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը:
Հիշեցնենք, որ օրերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է բարձրագույն դատական ատյանները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը եւ Սահմանադրական դատարանը միավորելու եւ գերագույն դատարան ստեղծելու հարցը, եւ հանձնաժողովականների քվեարկությամբ որոշվել է գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Հանձնաժողովականները միակարծիք չեն եղել այս հարցում:
«Մեր կարծիքով՝ միավորումն ավելի արդյունավետ մեխանիզմներ կընձեռի երկու դատարանների գործառույթներին: Ներկայումս սահմանադրական արդարադատություն իրականացնում է բացառապես ՍԴ-ն, իսկ մեր առաջարկով՝ այս գործառույթը կբաշխվի ողջ դատական համակարգով: Ավելի պարզ ասած, ամեն դատարան իր վարույթում քննվող գործի շրջանակում հնարավորություն կունենա օրենքը հակասահմանադրական ճանաչելու»,-ասաց Արմեն Մազմանյանը:
Նա հավելեց. «Անմիջապես նշեմ, որ նախատեսում ենք հետեւյալ իրավական մեխանիզմը. եթե առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում օրենքը ճանաչվի հակասահմանադրական, որոշումն ուժի մեջ չի մտնի եւ կուղղվի ավելի բարձր դատարանին: Սա նման է նրան, ինչ ունենք այսօր՝ ամեն դատարան կարող է գործը կասեցնել եւ ուղարկել ՍԴ, սակայն գտնում ենք, որ նշյալ առաջարկով լուրջ վերափոխում ենք անում եւ սահմանադրականացնում ողջ դատական համակարգը»:
Կարդացեք նաև
Արմեն Մազմանյանը նաեւ շեշտեց՝ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե իրենց նախաձեռնածը միայն ընթացակարգային խնդիր է. «ՍԴ-ի վերացման շուրջ բանաձեւը մանիպուլատիվ է, որովհետեւ սահմանադրական արդարադատության որեւէ տարր չի վերացվելու, հակառակը՝ կարող ենք ապացուցել, որ սահմանադրական արդարադատության գործիքակազմն ավելի կհարստանա: ՍԴ-ն կունենա չափազանց ուժեղ գործիքակազմ՝ սահմանադրական արդարադատությունն ավելի արդյունավետ կիրառելու համար: Այն, ինչ մենք ուզում ենք անել, պետք չէ տեխնիկական տեսանկյունից դիտել: Փորձելու ենք նոր սերնդի դատական համակարգի հիմքերը դնել, որը կունենա ավելի արդյունավետ գործիքակազմ, նորացված եւ արժեքահեն, ազատ մտածողություն, արժանապատիվ կարգավիճակ: Այսօր ՍԴ-ն շատ առումներով կաշկանդված է իր գործառույթներում, եւ դա մոդելի խնդիր է: Իր մի շարք որոշումներում ՍԴ-ն անդրադառնում է սահմանադրականության հարցերին, բայց ասում է, որ խնդիրը լուծելու դատական գործիք չունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ