Հայաստանում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների կոնսոլիդացված կարծիքով՝ վերջին երեք տարիների ընթացքում մեր երկրում նկատելի է արդյունաբերական արտադրության հետևողական աճ: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած «Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Վերջինս ներկայացրեց ակումբի կողմից իրականացվող տնտեսագիտական հետազոտությունների արդյունքները: Այս հետազոտությունը թվով վեցերորդն է:
Արդյունաբերական ոլորտում հետեւողական աճի տեմպը, ըստ բանախոսի, փաստում է, որ ոլորտը պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում է, եւ մենք սկսել ենք լավագույնս մտածել տնտեսության արդիականացման մասին՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության ընձեռնած հնարավորությունները: Այս ցուցանիշն, Արամ Սաֆարյանի բնութագրմամբ, լավատեսության այն ազդակներից է, որը կարող ենք մատուցել հանրությանը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, Հայաստանի տնտեսության ու սոցիալական ոլորտի համար ունեցած բավական ծանր ազդեցության ֆոնին:
«Անցած տարվա համեմատ գյուղատնտեսության աճը վերջին 6 ամսում նույնպես լավատեսություն է ներշնչում, կիսամյակային տվյալներով գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճ է նկատվում, և սա նույնպես պետական ուշադրության արդյունք է: Սակայն մյուս ոլորտներում ունենք անկում, հատկապես ուշադրություն ենք հրավիրում տրանսֆերտներին, որոնց ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած, շատ ծանր անկում է արձանագրել՝ 30 տոկոս, դեռ չմշակված տվյալներով: Ուղիղ տրանսֆերտների 70 տոկոսը Ռուսաստանից մեր ՀՆԱ-ի մինչև 10-12 տոկոսն էր տարեկան ապահովումն և այս ծանր անկումը մեր սոցիալական ցուցանիշների վրա տարվա կտրվածքով իր ազդեցությունը ցույց է տալու»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Հայաստանում, ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկման պայմաններում, բանախոսի գնահատմամբ, ԵԱՏՄ-ի հետ արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Ավանդաբար, դեպի Ռուսաստան արտահանման աճի երեք տարվա ցուցանիշը այս տարի անկում է գրանցել: Փոխարենը, աճել է ՀՀ-ից արտահանումը Բելառուս, Ղազախստան: Միաժամանակ, առկա է ՌԴ-ից ներկրման աճի էական ավելացում՝ 17 տոկոսով: Ներկրման ծավալի աճ ունենք նաեւ Բելառուսից: Չնայած այս տվյալներին, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար միանգամայն հավանական են համարում արտահանման 2-5 տոկոս աճի ակնկալիքները: Ակումբի փորձագետները շարունակում են պնդել, որ ԵԱՏՄ շուկայի կարողությունները առաջիկա տարիներին կապահովեն Հայաստանից արտահանման աճ:
Կարդացեք նաև
«Շատ կարևոր է, որ հետևողականորեն ավելացնել արտահանման ծավալները, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր՝ տնտեսական ավելի առողջ, ամուր կառուցվածքով: Այսպիսով մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ շարունակվում է զուսպ, բայց հետևողական կերպով դիվերսիֆիկացվել մեր արտահանման ընդհանուր ծավալը. եթե ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալները ավելի դիվերսիֆիկացված են, մեծացել է և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները, ինչպես նաև 51 տոկոսով ավելացել է կաթնամթերքի արտահանման ծավալը դեպի եվրասիական շուկա: Արտահանման դիվերսիֆիկացիան պետք է շարունակել, ինչի համար ջանքեր պետք է գործադրի ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր հատվածն ու ներկրողները»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Նույնիսկ համավարակի անկանխատեսելիության պայմաններում, ըստ Արամ Սաֆարյանի, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում խոշորագույն ներդրողը, ՌԴ-ն է ընդունում մեր ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներին և ռուսաստանյան շուկայի հնարավորություններն օգտագործելը դառնում է ռազմավարական կարևորության խնդիր: Այս իրողությանն, ըստ նրա, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում այլընտրանք չի լինելու: Խոսքը, ի դեպ, 200 հազար մարդու եւ այդքան աշխատատեղերի մասին է: Ըստ Արամ Սաֆարյանի, եթե ՀՀ իշխանությունները կարողանան շարունակել կառուցողական մոտեցումը եւ ճկուն կարողանան հարմարվել ՌԴ-ի աշխատանքային օրենսդրությանը եւ այդ ասպարեզում պետական քաղաքականությանը, ապա 2021 թվականից հնարավոր կլինի հայ միգրանտների աշխատանքային պայմաններն ապահովել ՌԴ-ում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/154089991350597/videos/3226855050726141/
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ