Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտուել բացառապէս հայկական արտադրողներից․ «Հայրենիք»

Օգոստոս 29,2020 12:25

«Անթալիայում հանգստացող հայերը զինում են թրքական բանակը»․․․ դեռ հեռաւոր 2009-ին, Հ․Յ․Դ․ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան անդամները այս գրութեամբ մի պաստառով կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին հանգստանալ աշխարհի ցանկացած երկրում, բացի` Թուրքիայից: Այդ տարիներին թրքական Անթալիան իր գրաւչութեամբ ու մատչելի գներով շատ շատերին էր գրաւում ու թէեւ երիտասարդների կոչին հետեւողներ եղան, բայց ոչ շատ:

Ընդհանրապէս վերջին տարիներին Հայաստանում թրքական ապրանքների, թրքական ծագման ամէն ինչի դէմ շատերը մեծ արշաւ էին սկսել, բայց ինչպէս ասում են դանակը ոսկորին հասաւ ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ: Մի խումբ երիտասարդներ, քաղաքացիներ անգամ բողոքի ցոյցով հաւաքուել էին կառավարութեան շէնքի մօտ, կոչ անելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել, հայկական շուկան ամբողջութեամբ թրքական, երբեմն նաեւ ատրպէյճանական ապրանքներից մաքրելու համար: Շարժումը սկսեց, չմարեց, բայց գործնական ընթացք էլ չստացաւ:

Այս Յուլիսին, երբ հայաստանա- ատրպէյճանական սահմանին տիրող լարուածութեան ժամանակ Մոսկուայում ատրպէյճանցիները արշաւեցին հայկական ընկերութիւնների դէմ ու առաջնագծում իրենց անյաջողութիւնների համար սկսեցին վրէժ լուծել` հայկակական ծիրանը տրորելով, մի խումբ երիտասարդներ Հայաստանում ի պատասխան այս արշաւի իւրօրինակ նախաձեռնութիւն են սկսել:

«Մեր նախաձեռնութիւնը կոչւում է հայկական կերպար` Armenian Look»: Այս նախագծի շնորհիւ մենք ոչ միայն առաջարկում, այլեւ ցոյց ենք տալիս հայ սպառողին հագուստի կերպարներ թէ կանանց եւ թէ տղամարդկանց համար, որոնք ստեղծւում են միայն հայկական արտադրողների պատրաստուած հագուստներով»,- պատմում է նախաձեռնութեան հիմնադիրներից Մեսրոպ Եսայեանը:

Ան ասում է` այս գաղափարը վաղուց էին փորձում կեանքի կոչել, յարմար առիթի էին սպասում: Այս տարուայ Յուլիսի սահմանային լարուածութեան ժամանակ, երբ ողջ հայութիւնը միաւորուեց ու քայլեր սկսեց ձեռնարկել հակառակորդի հակահայ քայլերի դէմ, օրինակ Մոսկուայում բոլորը միահամուռ ծիրան էին գնում, որոշել են բարձրաձայնել իրենց առաջարկը: Իսկ իրենք առաջարկում են հետեւեալը․ «Հայաստանում կան ամէն ինչ արտադրող հայկական ընկերութիւններ` այսինքն կօշիկ, գուլպայ, տաբատ, վերնաշապիկ, շապիկ, ակնոց, ժամացոյց, ներքնահագուստ: Որոշեցինք այդ բոլորին հաւաքել իրար գլխի ու ցոյց տալ, որ կարելի գեղեցիկ, ճաշակով ու ժամանակից հագնուել օգտուելով բացառապէս հայկական արտադրողներից»:

Թէեւ վերջին տարիներին Հայաստանում սպառւում է նաեւ չինական , վիեթնամական արտադրութեան հագուստեղէն , սակայն այս ոլորտում գերակշռողը թրքականն Է: Նախաձեռնութեան անդամներն այս ծրագրի միջոցով փորձելու են այնքան շատ գովազդել տեղականը , որ հայ սպառողը ինքնակամ հրաժարուի թրքական արտադրութեան հագուստից ու ընտրի տեղականը:

Մեսրոպ Եսայեանն ասում է․ «Եթէ 15 տարի առաջ հայկական շուկայում գերակշռում էին թրքական կամ պարսկական սննդամթերքները, հիմա արդէն հայ սպառողը նախընտրում է տեղականը: Այսինքն ժամանակի ընթացքում հայկական ընկերութիւնները զարգացան ու կարողացան շուկայից դուրս մղել թրքական սննդամթերքները»:

Նոյնը, ըստ նրա, չկարողացան անել հագուստեղէնի դէպքում: Բայց, եթէ տարիներ առաջ սպառողն այլընտրանք չունէր ու ստիպուած գնում էր թրքական արտադրութեան հագուստ, կօշիկնէր, շարքն անվերջ կարելի է թուել, հիմա այլնըտրանք կայ ու այդ ալընտրանքը տեղականն է: Մեսրոպը պատմում է իրենք սկզբում կերպարներ են ստեղծել կանանց համար` մօտաւորպէս հինգ հայկական ընկերութիւնների հետ համագործակցելով , յետոյ արդէն կերպարներ են ստեղծել նաեւ տղամարդկանց համար` աշխատելով եւս վեց այլ ընկերութիւնների հետ: Վստահեցնում է` հայ արտադրողների տեսականին այնքան հարուստ է, որ կանանց ու տղամարդկանց համար իրենք կերպարներ են ստեղծում տարբեր ընկերութիւնների հետ համագործակցելով: Միայն ակնոցի դէպքում է, որ օգտուել են միեւնոյն ընկերութիւնից:

Արգինէ Գեւորգեանը իր «Գինէհ» ապրանքանիշով այս խումբին միացած հայ արուեստագէտներից է: Ասում է, տարիներ առաջ ինքն էլ ստիպուած գնել ու կրել է թրքական արտադրութեան հագուստ: Այլընտրանք չի եղել, մինչեւ որ ինքն է որոշել իր համար ստեղծել այդ այլընտրանքը:

«Մի անգամ գնումներ անելիս մի շատ գեղեցիկ վերնաշապիկ հաւանեցի: Երբ տեսայ, որ շապիկը թրքական է, միանշանակ որոշեցի` չեմ գնելու, որոշեցի գուցէ գնամ կտորի խանութ, մի դերձակ գտնեմ ու իմ հաւանածը կարել տամ», – պատմում է Արգինէն:

Սակայն կտորների խանութում Արգինէի հիասթափութիւնը կրկնակի է դառնում , երբ պարզում է կտորներն էլ են թրքական:

«Որոշեցի այդ խանութից էլ չօգտուել, երկար փնտռելուց յետոյ գտայ խանութ , որտեղ չինական կտորներ էին վաճառում, կային նաեւ Տուպայից Հայաստան ներկրածներ: Այդտեղից էլ գնեցի իմ ուզած կտորը, գտայ մի դերձակ ու հաւանած շապիկս կարել տուեցի», – յիշում է Արգինէն, որ վերջնական արդիւնքից այնքան էլ գոհ չի եղել, բայց հաճոյքով է կրել: Յետոյ արդէն շատեր էլ են իր ոճի հագուստներ սկսել կրել․ «Հէնց այդ ժամանակ էլ որոշեցի իմ առցանց խանութը բացել ու այնտեղ տեղադրել տարբեր ապրանքնիշների հագուստների նկարներ` առաջարկելով այն խանութից գնելու փոխարէն` կարել»:

 

Սիրուն ՍԻՐՈՒՆԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31