Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Ադրբեջանն այսպես թե այնպես պետք է ստիպված լինի Նարեկ Սարդարյանին երրորդ երկիր ուղարկել, որովհետեւ օբյեկտիվորեն չի կարող ապահովել նրա անվտանգությունը․ «Հայկական ժամանակ»

Օգոստոս 29,2020 11:32

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ նախորդ ամիս Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով նրա կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ այլ իրավունքների վերաբերյալ հարցեր:

ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

– Պարոն Ղազարյան, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Ձեր գանգատում:

– Բարձրացրել ենք կյանքի իրավունքի հարցը, քանի որ Նարեկի կյանքը պոտենցիալ վտանգի տակ է, խոշտանգման հարցը, որովհետեւ նաեւ խոշտանգման վտանգի տակ է, նաեւ՝ անձնական կյանքի հարգման հարցը, որովհետեւ տեսանյութում, որ անընդհատ պտտվում է, եւ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում, նա խոցելի վիճակում էր, եւ ամենակարեւորը, որ վերջերս հայտնաբերեցինք, այն է, որ խոսակցության մեջ Նարեկն ասում է, որ Ադրբեջանից ապաստան է հայցել՝ սպիտակ դրոշը ձեռքին մոտենալով նրանց դիրքերին: Իրավաբանորեն այդ փաստն ինքնին նշանակում է հայցել ապաստան, այսինքն՝ եթե անձը սահմանը անցնելիս ասում է՝ օգնեցեք, ես փախել եմ այս երկրից, որ հանգրվանեմ ձեզ մոտ, դե ֆակտո ապաստանի հայց է, բայց դա նշանակում է, որ նրա նկատմամբ այժմ պետք է վարչական վարույթ հարուցված լինի, այլ ոչ թե քրեական գործ, եթե իհարկե նա հայցել է ապաստան:

– Բայց որքանո՞վ կարող է հավաստի լինել այդ տեղեկությունը:

– Հենց դրա վերաբերյալ էլ մենք տեղեկություն ենք խնդրել, որովհետեւ մեր պետական մարմինները պնդում են, որ նրան առեւանգել են, իսկ եթե առեւանգել են, նշանակում է չճանաչված ազատազրկում է, այսինքն՝ նրան ազատությունից զրկել են, բայց պետությունը դա չի ճանաչում: Հիմա մի հարց էլ է ծագում. եթե իսկապես նա հայցել է ապաստան, եւ Ադրբեջանը հանձն է առել այդ գործընթացը, ապա արդյո՞ք Ադրբեջանը ի վիճակի է նրա անվտանգությունն ապահովել այն դեպքում, երբ միջազգային ատյանները հաստատված են համարել, որ այնտեղ համատարած հայատյացություն է, եւ որ անազատության մեջ գտնվողների նկատմամբ բռնություն են կիրառում: Այսինքն՝ Ադրբեջանը այսպես թե այնպես պետք է ստիպված լինի Նարեկին երրորդ երկիր ուղարկել, որովհետեւ օբյեկտիվորեն չի կարող ապահովել նրա անվտանգությունը: Այս ամբողջը ցույց է տալիս, որ այդ տեսանյութը լեգենդ է, հնարովի պատմություն, որովհետեւ Նարեկը զբաղված էր իր խաղաղ աշխատանքով, եւ պարզապես նրա բախտը չբերեց, քանի որ ֆերման սահմանի մոտ էր: Եվ ուշադրություն դարձրեք՝ առաջին անգամ է, որ մեր իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել առեւանգման հոդվածով. դա նշանակում է, որ նրան առեւանգել են մեր տարածքից, իսկ իրավաբանորեն դա արդեն մարտահրավեր է, նոր կոնտեքստ:

– Նարեկի հարազատները ԱԱԾ-ում հարուցված գործով իրավահաջորդ ճանաչվե՞լ են, նախաքննության ընթացքից տեղեկացվա՞ծ եք:

– Այո, մենք նրանց ներկայացուցիչներն ենք, եւ փաստաթղթերի այն ծավալը, որ հնարավոր էր տրամադրել իրավահաջորդների ներկայացուցիչներին, ունենք եւ ուղարկել ենք Եվրոպական դատարան:

– ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումից մեկ ամիս է անցել, այս ընթացքում Ադրբեջանը որեւէ քայլ ձեռնարկե՞լ է, որեւէ տեղեկություն տրամադրե՞լ է ձեզ:

– Դեռ ոչ, բայց եւ Ադրբեջանն է պարտավոր կապի միջոց տրամադրել, եւ Հայաստանն է պարտավոր կապի միջոց հայցել Ադրբեջանից: Իհարկե, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի համագործակցում Հայաստանի հետ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց հիշենք Սարիբեկյանի գործը, որով Եվրոպական դատարանը սահմանել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ մարդու իրավունքների հարցերով պետությունները չհամագործակցեն: Ես ասեմ՝ երրորդ կողմի միջոցով նույնիսկ Հայաստանն ու Թուրքիան են համագործակցում, օրինակ՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով համագործակցում են արտահանձնման գործերով կամ խիստ կարեւորություն ներկայացնող փախստականների գործերով, այսինքն՝ միջանկյալ համագործակցությունն ընդունված է տարբեր պետությունների միջեւ:

 

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31